Նոյեմբերի 4-ին «Մեդիա կենտրոնում» կայացած քննարկման թեման էր՝ «Ե՞րբ է կարգավորվելու Երեւանի կենտրոնի կառուցապատման գործընթացը»:
Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի խորհրդական Ռուզան Ալավերդյանը նշեց, որ Երեւանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին օրինագիծը ԱԺ համապատասխան հանձնաժողովում դեռեւս մարտին քննարկվել ու ստացել է դրական եզրակացություն: Նրա ձեւակերպմամբ, օրինագիծը մշակվել է հիմնարար քաղաքական ուղենիշների վրա՝ նախագահի նախընտրական ծրագրով եւ կառավարության 5-ամյա ծրագրով, ու բովանդակությունն էլ հետեւյալն էր՝ Երեւանին վերադարձնել իր ճարտարապետական շունչը՝ բացառելով Երեւանի դիմագծին անհարիր միջամտությունները:
Փաստը, սակայն այն է, որ դա չի կատարվում: «Դեռեւս 2012-ին ստեղծվել էր աշխատանքային խումբ կառավարությունում եւ մշակվել էր այդ օրինագիծը: Իսկ օրենքի էությունը եւ մեր նպատակն այն էր՝ փոխել շեշտադրությունը, որովհետեւ ներդրումային քաղաքականությունը ուղղված է Երեւանի կենտրոնի վրա, մինչդեռ մյուս հատվածները ոչ բավարար քաղաքաշինական իրադրության մեջ են»,- ասաց տիկին Ալավերդյանը:
Նա զուգահեռ անցկացրեց նախկին խորհրդային եւ եվրոպական երկրների համապատասխան օրենսդրությունների ու մեր օրինագծի միջեւ, եւ հավելեց, որ հաշվի են առել միջազգային փորձը: Նրա խոսքով. «Օրենքը ձգձգվում է նոր փաստաթղթերի մշակման խնդրի պատճառով, մենք առաջ ենք քաշել հատուկ եւ կարեւորագույն նորմեր՝ ապահովագրման խնդիր, էներգախնայողության, էկոլոգիական և մի շարք սահմանափակումներ, որոնց պատճառով էլ գործընթացը երկարում է»:
Կարդացեք նաև
ՀՀ մշակույթի նախարարության պատմության ու մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երեւանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանն անդրադարձավ 2004թ ձեւավորված հուշարձանների ցանկին: Նրա խոսքերով. «2000թ ստեղծվել էր հանձնաժողով, որտեղ ընդգրկված էին հայտնի մասնագետներ, մշակույթի նախարարության հատուկ ստորաբաժանում կար, որը ուսումնասիրել էր Երեւան քաղաքի օբյեկտները եւ ներկայացրել էր այդ հանձնաժողովի քննարկմանը: Մինչեւ 20004թ այդ հանձնաժողովը հատ առ հատ քննարկում էր հարցերը, որոշ շենքեր չեն ընդգրկվում էին ցուցակում, որոշները՝ ոչ: Որոշվում էր՝ ի՞նչ նշանակության հուշարձան է դա: Այսկերպ ձեւավորվել է 2004 թ. ցուցակը: Շատ շենքեր կան, որոնք արժանի են պահպանման՝ անկախ նրանից հուշարձան են, թե ոչ: Նրանք ձեւավորում են պատմական միջուկի նկարագիրը… Հուշարձանները ունեն պատմական միջավայր, և այդ շենքերը եւս պետք է պահպանվեն, իսկ պահպանելու մեխանիզմը օրենքն է»,-հայտնեց պարոն Ավազյանը:
Ճարտարապետ Սաշուր Քալաշյանը փաստում է, որ անհրաժեշտ է հենվել օրենսդրական դաշտի վրա եւ անպայման հարգել օրենքը, մինչդեռ նրա խոսքով, պարադոքսալ երեւույթի ենք ականատես՝ օրենքն իր կյանքով է ապրում, գործողությունները նրան հակառակ են գնում «Մենք 1998թ ընդունեցինք Հուշարձանների պահպանության մասին օրենք, 2004-ին համապատասխան կարգ, եւս 2 տարի հետո Հուշարձանների ցանկը հաստատվեց:Հիմա անցել է 13 տարի, եւ որեւէ շարժ չկա, շարժը հակառակ ուղղությամբ է, արդյունքն էլ բացասական է: Ընդ որում, հուշարձանների ցանկը հաստատելուց հետո ընդունվեց օրենք պետական գերակա շահի մասին, որը ոտնատակ տվեց բոլոր նախաձեռնությունները»:
Ճարտարապետը ցույց տվեց Կարս նահանգի պատմաճարտարապետական հուշարձանների մատյանը, նշելով, որ տուն առ տուն բոլոր շենքների անձնագրերը կան, նշված է, թե որը որ համարի տակ է պահպանվում՝ եկեղեցի, մենատուն, թե բերդ: «Սա ձեւական չէ, ես տեսել եմ, թե Կարսում այդ տները ինչպես են պահպանվում: Որեւէ գերակա շահ չկա, երեւի թուրքերը չե՞ն ֆայմում, թե ինչպես գերակա շահով շարժվեն, որ իրենց բիզնեսը զարգանա: Չէ՞ որ մեր մշակույթի նախարարության պարտականություններից մեկն էր նման մատյաններ ստեղծելը»,-ասաց նա:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի