Լրահոս
Օրվա լրահոսը

Գիլանի նահանգապետը բարձր գնահատեց հայ-իրանական դարավոր բարեկամությունը

Նոյեմբեր 04,2016 15:34

Նոյեմբերի 1-2-ը Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն աշխատանքային այց կատարեց Գիլան նահանգ, որտեղ տեղի ունեցան մի շարք հանդիպումներ և միջոցառումներ:

Գիլանի նահանգապետարանում տեղի ունեցած հանդիպմանը հնչեցրած իր խոսքում Գիլանի նահանգապետը բարձր գնահատեց հայ-իրանական դարավոր բարեկամությունը, Գիլանում հայկական համայնքի ունեցած մեծ ներդրումը, ներկայացրեց նահանգի տնտեսական, գիտակրթական և մշակութային կարողությունները և իր պատրաստակամությունը հայտնեց խորացնելու Հայաստանի հետ հետագա համագործակցությունը: Նահանգապետն առանձնահատուկ անդրադարձ կատարեc ապակենտրոնացված համագործակցության զարգացման հեռանկարներին՝ այդ համատեքստում ընդգծելով իր՝ Հայաստան այցի շրջանակներում Արարատի մարզի հետ միջնահանգային համագործակցություն ծավալելու շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների կարևորությունը:

Գիլանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատում տեղի ունեցած հանդիպման ընթացքում դեսպան Թումանյանը ներկայացրեց Հայաստանում գործող առևտրային ռեժիմներն ու ՀՀ օրենսդրության առանձին դրույթները, ինչպես նաև ԵԱՏՄ անդամակցության պայմանները, դրա արդյունքում ընձեռվող հնարավորություններն ու ազատ գոտիների գործունեության սկզբունքները:

Ռաշտի քաղաքապետի հետ հանդիպմանը զրուցակիցները նշեցին, որ Երևանը և Ռաշտը մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության հսկայական ներուժ ունեն: Հանդիպմանը համաձայնություն ձեռք բերվեց փոխճանաչողության և տեղեկացվածության բարձրացման նպատակով համատեղ նախագծերի իրականացման շուրջ։

Այնուհետև, Արտաշես Թումանյանն այցելեց Էնզելիի ազատ տնտեսական գոտի և նավահանգստի ու ծովագնացության կազմակերպություն, որտեղ քննարկվեցին հայ-իրանական տնտեսական համագործակցության հնարավորություններն ու պայմանավորվածություններ ձեռք բերվեցին գործարարների փոխայցելությունների կազմակերպման շուրջ:

ՀՀ դեսպանն այցելեց նաև մի շարք ձեռնարկություններ («Սոբհան» դեղագործական ընկերություն, «Իրանռադիատոր» գործարան և «Happy Land» հագուստի արտադրամաս), որոնց ընթացքում քննարկվեցին Հայաստանում ներդրումներ իրականացնելու հնարավորությունները:

Դեսպան Թումանյանը Ռաշտի «Հորդանանյան» դպրոցում, Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում և Էնզելիի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում հանդիպումներ ունեցավ տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930