Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հեշտությամբ աշխատանք գտնելու հնարավորություն՝ երիտասարդներին

Նոյեմբեր 04,2016 15:16

Նոյեմբերի 4-ին Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում  (ԵՊԼՀ ) տեղի ունեցավ «Դասավանդում են բրյուսովականները» ծրագրի 3-րդ փուլի ամփոփումն ու հավաստագրերի հանձնման արարողությունը։

Ծրագրի շնորհիվ ուսանողները հնարավորություն ստացան շուրջ երեք ամիս անվճար հիմունքներով սովորել օտար լեզուներ: Այս տարի առաջին անգամ անգլերենից բացի դասավանդվել է նաև ռուսերեն և ֆրանսերեն՝ ուսանողների առաջարկով և պահանջարկով:

Եռամսյա անվճար դասընթացներ են անցել մոտ 250 ուսանողներ պետական և ոչ պետական բուհերից։ Նշենք, որ «Դասավանդում են բրյուսովականները» ծրագիրը նախաձեռնել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողական խորհուրդը։

ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը տեղեկացրեց, որ ծրագիրը մեծ արձագանք է ստացել. «Առաջին ծրագիրը ստացավ մեծ արձագանք, ուստի կարողացանք վերանայել այն ավելի մեծ թվով ուսանողների համար»:

Շնորհակալություն հայտնելով դասավանդողներին՝ պարոն Ավագյանը նշեց. «Դասավանդողների շնորհիվ կարողացանք պատշաճ մակարդակով իրականացնել այս ծրագիրը, քանի որ հենց նրանցից է կախված ծրագրի արդյունավետությունը: Այս երեք ամիսների ընթացքում մենք անընդհատ չափել ենք ուսանողների գոհունակությունը. նրանք ընթացող կրթական գործընթացներից միշտ գոհ են եղել: Այսօր էլ համապատասխան հավաստագրերն ենք հանձնում, որը վկայում է նրանց՝ լեզվի իմացության մասին»:

Ծրագիրը միջբուհական է և նպաստում է ուսանողների՝ լեզվի իմացության բարելավմանը. «Ամեն տարի ուզում ենք այդ հնարավորությունը տալ մեր ուսանողներին, քանի որ գնալով ավելի է կարևորվում օտար լեզուների իմացությունը, և շատ ուսանողներ, իրականում ցանկություն ունենալով, չեն կարողանում իրենց թույլ տալ գնալ լեզվի ուսուցման առանձին կուրսերի: Այս կուրսերն անվճար անցկացնում ենք բոլոր այն ուսանողների համար, ովքեր դրա կարիքն ունեն»:

Ծրագրի նպատակն է նաև ավելի հեշտ պայմաններ ստեղծել երիտասարդների համար աշխատանք գտնելու հարցում. «Աշխատանքի ընդունման համար ամեն տեղ պահանջվում է օտար լեզվի իմացություն, որոշակի ստաժ: Ե՛վ ստաժի խնդիրն ենք լուծում մեր կամավորական գրքույկների տրամադրման միջոցով, և՛ օտար լեզվի իմացության խնդիրը նման դասընթացների միջոցով: Շատ երիտասարդների մոտ դա ստացվել է, և նրանք աշխատանք են գտել»:

Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտոր Գայանե Գասպարյանը տեղեկացրեց, որ ծրագրի մասնակից ուսանողների ընտրությունը եղել է շատ խիստ: Կարևորելով ծրագիրը` տիկին Գասպարյանն ասաց. «Ուսանողական խորհուրդը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում, բայց այս մեկն առավել կարևորում եմ, քանի որ մեր ուսանողները կարողանում են իրենց ստացած գիտելիքներն օգտագործել և դեռ աշխատանքի չտեղավորված դրանք տարածել մեր երիտասարդության մեջ»:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930