ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կազմակերպած ավանդական նախազորակոչային եւ զորակոչային տարիքի հանրապետական ռազմամարզական խաղերի եզրափակիչն անցկացվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում:
Ավելի քան 30 հազար պատանիներ եւ երիտասարդներ նախնական երեք փուլերում որոշել են կիրառական վեց մրցաձեւերում լավագույններին, որոնք էլ պայքարեցին անհատական եւ թիմային հաղթանակի համար:
Փակման արարողության ժամանակ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը նախարար Հրաչյա Ռոստոմյանի եւ իր անունից Խաղերի մասնակիցներին ողջունելուց եւ ռազմական համալսարանին նախաձեռնությանը մշտապես գործնական աջակցություն ցուցաբերելու համար շնորհակալություն հայտնելուց հետո նշեց, որ սպորտի նախարարությունը արդեն մեկ տասնամյակից ավելի ամենատարբեր մարզական մասսայական միջոցառումներ է կազմակերպում հասարակության գրեթե բոլոր շերտերի ընդգրկումով, որոնց շարքում այս մեկն իր առանձնահատուկ տեղն ու նշանակությունը ունի, քանի որ այն պատանիների եւ երիտասարդների մեջ առողջություն, հաղթելու կամք դաստիարակելուց զատ նաեւ բանակ-հասարակություն սերտ կապն անընդհատ ամրապնդելու, նախազինակոչային եւ զինակոչային տարիքի երիտասարդների մեջ Հայոց բանակում ծառայելու պատրաստակամություն սերմանելու առաքելություն ունի:
Կարդացեք նաև
Թե ըստ մրցաձեւերի, թե թիմային հաղթողների ու մրցանակակիրների մեջ գերակշռում էին հանրապետության մարզերի ներկայացուցիչները: Սա ահազանգ է, որ մայրաքաղաքում պատանիների ու երիտասարդների առողջության, ֆիզիկական կոփվածության հետ կապված խնդիրներ կան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ