«Հարգում եմ նորանշանակ վարչապետին, բայց չմոռանանք, որ նա տասը տարի եղել է «Հայռուսգազարդ»-ի տնօրեն: Համարձակ տղա է, հարգում եմ նրա համարձակությունը»,-այսօր «Հայելի» մամուլի ակումբում անդրադառնալով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի նախաձեռնած բարեփոխումներին, ասաց Ոստիկանների միջազգային ասոցիացիայի հայաստանյան գրասենյակի նախագահ, ոստիկանության նախկին աշխատակից, ոստիկանապետի նախկին օգնական Գրիշա Սարգսյանը:
Նա հիշեց Կարեն Կարապետյանի՝ Երեւանի քաղաքապետ եղած տարիները. «Երբ նշանակվեց, ամբողջ հանրապետական կուսակցությունով աղերսում էինք, որ անդամագրվի, բայց չանդամագրվեց: Դա ողջունելի է, ուրախ եմ, որ համարձակ քայլեր է կատարում, եթե չխանգարեն»:
Այնուամենայնիվ, Գրիշա Սարգսյանը վարչապետի բարեփոխումները որպես խաբկանք է որակում: «Այս ամբողջը կարճ է տեւելու եւ արվում է 2017թ. ընտրությունների համար: Եթե նա կարողանար՝ հնարավորություն ունենար պատասխանատվության ենթարկել հարյուրավոր-միլիոնավոր դոլարներ թալանած պաշտոնյաներին, մենք կողջունեինք նրա քայլը»,-ասաց Գրիշա Սարգսյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ