Կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ վարչապետն ասաց, որ պետպատվերի համակարգը պետք է փոխվի եւ դառնա հետվճարային:
Այս առնչությամբ լրագրողների հետ զրույցում առողջապահության նախարարն ասաց, որ նման մոտեցում ունեն. «Համակարգը հակառակ է աշխատելու, գումարը հետեւելու է հաճախորդին»: Հիվանդն ընտրելու է բուժհաստատությունը, բուժվելու է եւ նոր միայն ստանալու են գումարը:
Մեր հարցին՝ չի՞ կարող հիվանդը հիվանդանոցի հետ գործարքի մեջ մտնել՝ մի ամբողջ թերթիկ հիվանդությունների ցանկ գրեն եւ հիվանդանոցի հետ գործարք անեն՝ նախարարը պատասխանեց. «Դրա համար կան այսպես ասած հակաթույններ: Ամեն օր մոտավորապես 10 տոկոս դիմումներ հանկարծակիության հիմունքով կվերստուգվեն»:
Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ, թե ինչպե՞ս է նախարարը վերաբերվում ալյուրի հարստացման ծրագրին, ի՞նչ մոտեցում ունի: Նա պատասխանեց. «Այսօրվա իմ առօրյան մի քիչ այլ ասպարեզում է ընթանում, դեռ չեմ անդրադարձել այդ հարցին»:
Կարդացեք նաև
Մեզ հետ զրույցում նախարարը, խոսեց պոլիկլինիկաների խնդրի մասին: Մեր հարցին՝ ի՞նչ եք պատրաստվում անել, որ ծնողները երեխաներին առաջին հերթին տանեն պոլիկլինիկա, ոչ թե հիվանդանոց՝ նախարարը պատասխանեց. «Մենք կանդրադառնանք համ կրթության հարցերին, համ բժիշկների վարձատրության հարցերին: Այդ երկու հարցերը համապարփակ կբերեն այն էֆեկտին, որի մասին դուք խոսում եք: Դուք պոլիկլինիկաներում կունենաք շատ լավ բժիշկներ, որոնց մոտ կուզենաք տանեք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ