Այսօր լրագրողները առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանից հետաքրքրվեցին, թե ինչպես է պատրաստվում վարվել ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի հետ:
Դիտարկմանը, որ Ռուզաննա Խաչատրյանը կարծես եւս ցանկություն չունի Ձեզ հետ աշխատել, հիմա էլ արձակուրդում է դեռ գտնվում՝ նախարարն արձագանքեց. «Ցավում եմ դրա համար»:
Հարցին՝ ազատելո՞ւ եք նրան աշխատանքից, ասում են՝ արձակուրդից հետո նա չի գալու՝ նախարարը պատասխանեց. «Եթե նա այդպիսի ցանկություն ունի, իհարկե, մակագրելու եմ դիմումը»:
Լեւոն Ալթունյանը դիտարկմանը, որ Ռուզան Խաչատրյանի սենյակում արդեն փոխնախարարի եք նստեցրել, իսկ դա ակնարկ է, որ նրան քաղաքավարի դուրս եք հրավիրել արդեն նախարարությունից՝ արձագանքեց. «Փոխնախարարը նստած է իր սենյակում: Սենյակը պատկանում է պետական գույքի կառավարման մարմիններին: Չկա նախարարության մեջ Ռուզաննա Խաչատրյանի սենյակը, Լեւոն Ալթունյանի սենյակը: Սենյակը պատկանում է պետությանը եւ այնտեղ նստում են պետական մարմինները»:
Կարդացեք նաև
Նախարարն ասաց, որ ինքը պատրաստ է աշխատել ցանկացած անձի հետ, որը օգուտ կբերի ընդհանուր գործին: Թե Ռուզաննա Խաչատրյանը օգուտ կբերի՞՝ նախարարը չգիտի. «Ես դեռ չեմ աշխատել իր հետ: Իմ օրոք ինքը արձակուրդում է գտնվել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ