Դուք ինչ նշանակվել եք նախարար, տեղեկություններ են տարածվել, որ գլխիվայր շրջելու եք նախարարությունը եւ հիմնահատակ քանդելու եք, որովհետեւ դեմ եք, որ այնտեղ աշխատեն բժիշկ-մասնագետներ, կարծում եք, որ պիտի մենեջերներ ու ֆինանսիստներ լինեն, ինչը դժգոհություն է առաջացրել շատերի շրջանում: Հարցը քննարկե՞լ եք իրենց հետ, ի՞նչ կրճատումների մասին է խոսքը: Այսօր ԱԺ-ում լրագրողների այս հարցին առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը պատասխանեց. «Առաջին դժգոհությունը ձեզանից եմ լսում: Եթե լսեի այլոց, կզրուցեի իրենց հետ եւ կբացատրեի իմ մոտեցումները: Ես դժգոհություններ չեմ լսել»:
Հարցին՝ ինչպե՞ս եք 95 տոկոսը վերածելու բժիշկներից ֆինանսիստների՝ նախարարը պատասխանեց. «Կվերածեմ՝ կիմանաք: Դեռ չգիտեմ»: Այս առնչությամբ հարցերին նախարարը հստակ պատասխաններ չտվեց:
Հարցին՝ հիմա կրճատելո՞ւ եք, թե՞ ոչ՝ նա հարցին հարցով պատասխանեց. «Իսկ այնտեղ բժիշկնե՞ր են աշխատում, համոզվա՞ծ եք: Ես էլի եմ ասում, որ համարում եմ անառողջ, եթե ֆինանսիստ աշխատում է բժիշկը: Եթե մենք ֆինանսական ոլորտում գտնենք բժիշկ՝ նրան կկրճատենք: Եթե ֆինանսական հաստիքում աշխատում է ֆինանսիստ՝ կմնա աշխատելու»:
Նախարարը պարզաբանեց նաեւ այն լուրերը, որ նախարարությունում մայրենի լեզու է սահմանել ռուսերենը եւ հորդորում է իրեն դիմել միայն ռուսերենով: Լեւոն Ալթունյանը հորդորեց այդպիսի հայտարարությունների չհավատալ. «Դա սուտ է: Միանշանակ, սուտ է: ՀՀ տարածքում մայրենի եւ պետական լեզուն հայերենն է»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ