Լրահոս
Օրվա լրահոսը

«Խայտառակություն է վիրավոր զինվորի բուժման համար գյուղով, բարեկամներով, ֆեյսբուքով փող հավաքելը». ԱԺ-ում՝ նախարարին

Նոյեմբեր 04,2016 13:11

«Ուռուցքաբանության ոլորտում չափազանց տխուր է վիճակը: Նախարարները ասում են՝ կենտրոնը կառուցվում է: Այդ կենտրոնը դարձավ Հյուսիս-Հարավ մայրուղին, վերջը չի երեւում, մարդիկ հիվանդանում են, տառապում են, կենտրոնը չկա»,- այսօր ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում ԲՀԿ պատգամավոր Վահե Հովհաննիսյանն այսպես դժգոհեց առողջապահության նորանշանակ նախարար Լեւոն Ալթունյանին:

Նա նաեւ ասաց, որ նկատվում է լավ մասնագետների արտահոսք. «Սա շուկայի խնդիր է, գնում են այնտեղ, որտեղ աշխատավարձը բարձր է, ո՞նց եք նայում այդ խնդրին… Լավ երիտասարդներ գնում կրթվում են, բայց գան Հայաստան որ ի՞նչ անեն: Կրթված, լավ մասնագետը չի ուզում գա այստեղ ստվերային գործարքներով գումար վաստակելու»:

altunyan-3

Նախարարը պատասխանեց, որ կարելի է ազգային ուռուցքաբանության կենտրոն մի քանի հատ էլ բացել, բայց ավելի ճիշտ է պայքարել այլ մեթոդներով. «Աշխարհում զարգանում է ոչ ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման մեթոդները: Քիչ գումարներով կարելի է այսօրվա առաջնային խնդիրներով հիվանդությունները շաքարային դիաբետ, կարդիոլոգիա եւ այլն բուժել»:

Լեւոն Ալթունյանը հիշեցրեց, որ առողջ ապրելակերպը ծխախոտից հրաժարվելն է, խմիչքի օգտագործման նվազեցումը, առողջ սնունդը: Նա պատմեց, թե ինչպես են ֆինները գերազանց արդյունքի հասել՝ միայն սննդի մեջ աղի քանակը պակասեցնելով եւ ասաց, որ Հայաստանում էլ առաջարկ կա ծխախոտի վաճառքից առողջապահության բյուջեին հատկացումներ անել:

Վահե Հովհաննիսյանի խոսքերով՝ ֆիննը որ հիվանդանում է, չեն ասում ՝ այ ֆին ջան, ինչի ես այսքան ծխել, խմել, իրենց սկսում են բուժել: Իսկ ՀՀ-ում Աստված չանի մեզնից որեւէ մեկը լինի՝ ոչ բոլորն են կարողանում գնալ Գերմանիա՝ բուժման. «Կարճաժամկետ լուծումներ է պետք, պետությունը նրա համար է, որ լուծի: Մարդիկ հիվանդանում են՝ չգիտեն ինչ անեն՝ սկսած խայտառակ դեղերից, որ դրսից բերեք, մերը լավը չի, սկսած ճառագայթային թանկ բուժումը եւ այլն»:

Նախարարը համաձայնեց. «Բայց առանց համապատասխան ֆինանսական բազիսի, խոսքերը մնում են խոսքեր, ցանկությունները մնում են կենացներ: Մենք ունենք 85 մլրդ դրամ, կամ դրանով պետք է շատ սահմանափակ թվով մարդկանց բուժել, կամ բնակչությանը առողջ ապրելակերպի տանենք»:

altunyan-2

Առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանի դիտարկմամբ՝ եթե մեկը գնում է ծովափ, այրվածք է ստանում, չի պաշտպանվում արեւից՝ դա իր պրոբլեմն է, պիտի լսեր ու չաներ: Մարդիկ ծխում են, չեն ուզում ընդունել, որ ծխախոտն առաջացնում է չարորակ ուռուցքներ:

Վահե Հովհաննիսյանը հակադարձեց՝ մարդիկ կան, որ չեն ծխում, չեն խմում,բայց էլի հիվանդանում են քաղցկեղով:

Նախարարն ասաց, որ մինչեւ 2017-ի վերջը կենտրոնը ուռուցքաբանության կբացվի:

Վահե Հովհաննիսյանը նաեւ մեկ այլ ցավոտ խնդրի անդրադարձավ. «Խայտառակություն է վիրավոր զինվորի բուժման համար գյուղով, բարեկամներով, ֆեյսբուքով փող հավաքելը: Սա պետության վարկի խնդիր է: Եթե իսկապես ուզում ենք լուրջ պետություն ունենալ եւ սահման պահող զինվոր, պիտի արտերկիր, որտեղ անհրաժեշտ է, տանենք մեր զինվորին եւ բուժենք»:

Լեւոն Ալթունյանը այս անգամ էլ համաձայն էր. «Զինծառայողների մասին միանշանակ իրավացի եք, ցանկացած պետություն պետք է տիրություն անի իր զինվորին՝ վիրավորումից մինչեւ ապաքինում, ես համաձայն եմ»:

Ինչ վերաբերում է որակյալ մասնագետների արտահոսքին՝ նա ասաց. «Տարեկան Բժշկական ինստիտուտը մոտ 500 մասնագետ է արտադրում, որոնցից 150-200-ը՝ լավ որակի: ՀՀ ազգաբնակչության քանակը 3 մլն է: Ցանկացած մասնագետ, որպեսզի լավը դառնա, իրեն պետք են ինչ-որ քանակի հիվանդներ»:

Նա ասաց, որ վիրաբույժը պետք է օրական գոնե 3-4 վիրահատություն անի, որ լավը դառնա, չի կարող շաբաթական 1-2 վիրահատություն անել ու լավը լինել. «Մարզում այդ ծավալը վիրահատությունների չկա՝ օբյեկտիվ պատճառներով»:

Խոսրով Հարությունյանն էլ խոսեց համակարգում ստվերից ու կոռուպցիայից: Նրա խոսքերով՝ գնացեք բոլոր բժիշկներին ուզում եք ձերբակալեք, ստվերը նախարարությունում է: Ստվերը այն համակարգի մեջ է, որը ձեւավորվել է նախարարությունում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930