Հայաստանի Հանրապետության 14-րդ վարչապետ Կարեն Կարապետյանի ղեկավարությամբ կառավարությունն իր գործունեությունն սկսել է հանրապետությունում բարեփոխումների գործընթացով, սակայն 30% տոկոս աղքատության և ահռելի գործազրկության պայմաններում այդ բարեփոխումները սկսվում են աշխատատեղերի կրճատումներից։ Երկրում առկա գործազրկության, սոցիալ-տնտեսական օրըստօրե վատթարացող պայմաններում Պետական հիմնարկների արհմիությունները, կտրուկ դեմ են այդ մոտեցմանը։ Անթույլատրելի ենք համարում մարդկանց առանց ապրուստի միջոցի թողնելը՝ առանց տնտեսության զարգացման, աշխատատեղերի ստեղծման և քաղաքացիների սոցիալական պաշտպանվածության ուղղությամբ հստակ քայլեր ձեռնարկելու։
12000 անդամներ միավորող պետական հիմնարկների և ՏԻՄ-երի հանրապետական արհմիության անդամներն այսօր աշխատում են խուճապային պայմաններում` կորցրած հույս ու հավատ ոչ միայն իրենց, այլ նաև մի ամբողջ երկրի վաղվա օրվա հանդեպ։
Գրչի մեկ հարվածով գործազուրկների բանակը համալրելուց առաջ արդար չի՞ լինի արդյոք հարցը համակողմանիորեն վերլուծել հասարակական քննարկումներում:
Հայաստանի պետհիմնարկների արհմիությունը դիմում է վարչապետին՝ կոչ անելով կասեցնել կրճատումների գործընթացը։
Կարդացեք նաև
Ներկայացնում ենք նամակի բովանդակությունը․
Հարգելի պարոն վարչապետ
Դեռ 2016 թվականի գարնանը ՀՀ նախորդ կառավարությունը հայտարարել էր կրճատումների գործընթաց սկսելու մասին, սակայն 12000 պետական աշխատողների միավորող Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի և հասարակական սպասարկման աշխատողների ճյուղային հանրապետական արհմիության մտահոգությանն ի պատասխան (N 02/23.12/10578-16, 21.07.2016թ.) ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դ.Հարությունյանը հավաստիացրեց, որ չի լինի առանց անհրաժեշտության կամ կամայական կրճատման գործընթաց, այլ կլինի մշտական ուշադրություն ծախսերի նպատակային և արդյունավետ օգտագործման նկատմամբ։
Սակայն այսօր արդեն նոր կառավարությունը Ձեր ղեկավարությամբ հայտարարում է կտրուկ կրճատումների անցնելու մասին` պատճառաբանելով, որ «պետական բյուջեով իրականացվող ծրագրերը չպետք է բեռ լինեն հարկատուի համար…»։
Մենք ևս` որպես հարկատուներ, շահագրգռված ենք պետական բյուջեի ծախսերի արդյունավետությամբ։ Հենց այդ պատճառով էլ դիմելով Ձեզ` առաջարկում ենք անարդյունավետ ծախսերը այլ հոդվածներում փնտրել։ ՀՀ Կառավարութան 2016թ. ծրագրում ամրագրելով, որ «անհրաժեշտ է հանրապետությունում իրականացվող արդյունավետ բարեփոխումների միջոցով ապահովել մեր երկրի գերագույն արժեք հանդիսացողի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու պաշտպանվածությունը, արժանապատվությունը, կենսամակարդակի բարձրացումը, արդար հասարակության մեջ ապրելը, լավատեսությունն ապագայի նկատմամբ», այնուամենայնիվ, կառավարությունը պատրաստվում է պետական աշխատողների մի ստվար զանգված փողոց նետել` առանց հաշվի առնելու, որ յուրաքանչյուրի հետևում մեկ հայաստանցի ընտանիք կա։
Համոզված ենք, որ կրճատումներով չի հաջողվի մեծ խնդիր լուծել. գոնե քաղաքացիական ծառայողների դեպքում կրճատումներից երկրի բյուջեն առաջին 6 ամսում ոչինչ չի շահի, քանի որ նույնիսկ ռեզերվում պետք է շարունակվի վճարվել նրանց աշխատավարձը, փոխարենը միայն սոցիալական լարվածությունը կխորանա։ Միևնույն ժամանակ գտնում ենք, որ անհրաժեշտ է նախ քայլեր ձեռնարկել տնտեսության առողջացման ուղղությամբ և միայն նորաստեղծ աշխատատեղեր ունենալու դեպքում քայլեր ձեռնարկել համապատասխան քանակով «անարդյունավետ» պետական աշխատողներին կրճատելու ուղղությամբ։
Միաժամանակ Ձեր ուշադրությունը հրավիրում ենք ՀՀ կառավարության, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի և Հայաստանի գործատուների հանրապետական միության միջև կնքված եռակողմ կոլեկտիվ պայմանագրի դրույթներին, որոնցով սոցիալական գործընկերության շրջանակներում կողմերը որոշակի պարտավորություններ են ստանձնել աշխատողների սոցիալ-աշխատանքային և դրա հետ կապված սոցիալ-տնտեսական խնդիրների կարգավորման ուղղությամբ, որոնք միտված են լինելու արդյունավետ և կայուն զբաղվածության խթանմանը, գործազրկության մակարդակի կրճատմանը, սոցիալական պաշտպանվածության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև նոր աշխատատեղերի ստեղծմանը: Մասնավորապես, հանրապետական կոլեկտիվ պայմանագիրը սահմանում է, որ աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող, գործատուների և աշխատողների` աշխատանքային իրավունքների և շահերի պաշտպանության առումով էական նշանակություն ունեցող նորմատիվ իրավական ակտերի նախագծերը, բացառությամբ օպերատիվ կարգով որոշումների ընդունում պահանջող նախագծերի, ներկայացվում են հանրապետական եռակողմ հանձնաժողովի կարծիքին` մինչև համապատասխան մարմնի կողմից դրանց ընդունումը:
Այնուամենայնիվ, կառավարությունը աշխատանքային շահերի պաշտպանության առումով էական նշանակություն ունեցող կրճատումների հարցը հարկ չի համարել քննարկել աշխատողների ներկայացուցիչների` արհմիությունների հետ, տվյալ դեպքում 12000 պետական աշխատողներ միավորող Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային արհմիության կամ տարբեր ոլորտների մոտ 190000 աշխատող արհմիության անդամներ միավորող Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի ներկայացուցիչների հետ, նույնիսկ չնայած հեռուստաընկերություններին տված Ձեր հարցազրույցում հնչեցրած հետևյալ սկզբունքներին. «Երևի ավելի շատ կկարևորեի այն անհրաժեշտությունը, որ կառավարություն և հասարակություն փոխադարձ կապը ստեղծվեր, որոշակի վստահություն առաջանար: Դա, իհարկե, առաջին հերթին մեզանից է կախված, թե ինչ գործողություններ կիրառենք, որովհետև երկրի փոփոխության խնդիրը ոչ միայն Կառավարության խնդիրն է, այլև յուրաքանչյուր քաղաքացու: Ես չեմ ուզում մեր վրայից պատասխանատվությունը գցել և ասել, թե քաղաքացին պատրաստ չէ փոխվել կամ իր բեռը վերցնել: Բայց երևի ամենակարևոր խնդիրներից մեկն այդ վստահությունը ձեռք բերելն է, այդ փոխադարձ կապը ձևավորելը, որպեսզի քաղաքացին վստահ լինի, որ իր քաղաքացիական դիրքորոշումն ակտիվ դրսևորելով՝ ինքն օգուտ կբերի գործին»։
Առաջարկում ենք կազմակերպել հասարակական քննարկումներ` ներգրավելով պետական հիմնարկներում գործող բոլոր արհեստակցական կազմակերպություններին, շահագրգիռ ճյուղային հանրապետական արհմիություններին, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի ներկայացուցիչներին և ևս մեկ անգամ բազմակողմանիորեն վերլուծել աշխատողների կրճատումներից բխող բոլոր հնարավոր բացասական և դրական հետևանքները, որից հետո միայն իրավիճակին համապատասխան լուծում տալ:
Ճյուղային հանրապետական
արհմիության նախագահ,
ՀԱՄԿ-ի գործկոմի անդամ,
Հանրապետական եռակողմ
հանձնաժողովի անդամ
Անահիտ Ասատրյան