Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հետաքրքիր նշանակում Լեռնային Ղարաբաղում. «Ժամանակ»

Նոյեմբեր 04,2016 12:11

Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը երեկ ԼՂՀ անվտանգության խորհրդի քարտուղար է նշանակել Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանին: Այս նշանակումը բավականին հետաքրքրական է մի շարք առումներով, որոնք վերաբերում են և ներքին և արտաքին քաղաքական խնդիրներին: Վիտալի Բալասանյանն անձ էր, որն ակտիվ մասնակցություն ունեցավ հուլիսյան հայտնի դեպքերի հանգուցալուծման գործում, երբ «Սասնա ծռեր» խումբը գրավել էր Երևանի ՊՊԾ գունդը: Վիտալի Բալասանյանի ակտիվ դերակատարման մասին բազմաթիվ խոսակցություններ են եղել նաև ապրիլյան պատերազմի օրերին:

Այս տեսանկյունից, ակնհայտ է, որ Բալասանյանի նշանակումը ԼՂՀ անվտանգության խորհրդի պաշտոնում, իր մեջ պարունակում է և ներքին և արտաքին մի շարք գործոններ: Սրանից բացի, այդ հանգամանքը հուշում է նաև, որ Բալասանյանի նշանակումը երևի թե ավելին է, քան զուտ ղարաբաղյան իշխանության շրջանակում կայացված որոշում, և այս առումով իհարկե այս որոշումը անկասկած համաձայնեցված է Հայաստանի իշխանության հետ: Ընդ որում՝ արժե հիշատակել նաև, որ Բալասանյանի անունը ի սկզբանե շրջանառվում էր նաև Հայաստանի կառավարութան փոփոխությունների կոնտեքստում, երբ նրա թեկնածությունը մամուլում դիտարկվում էր որպես պաշտպանության նախարարի հավանական թեկնածուներից մեկը: Այս ամենով հանդերձ, հետաքրքրական է, որ վերջին ամիսներին ոչ միայն ղարաբաղյան, այլ նաև հայաստանյան կյանքում դրամատիկ իրադարձություններում առանցքային դերակատարում ունեցած Բալասանյանը Ղարաբաղի անվտանգության խորհրդի քարտուղար է նշանակվում մի ժամանակահատվածում, երբ ապրիլյան պատերազմից հետո տեղի է ունենում սահմանային լարվածության որոշակի աճ, որը արդեն պահպանվում է մի քանի շաբաթ:

Հետաքրքրական է նաև, որ նշանակումը կատարվում է Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցից հետո: Ինչ է սա, զուտ ապրիլյան պատերազմում և հուլիսյան զարգացումներում Բալասանյանի ահռելի դերակատարման համար նրան հայտնվող շնորհակալություն կամ ցուցաբերվող իշխանական երախտագիտությո՞ւն, թե հայկական կողմի որոշակի աշխարհաքաղաքական մեսիջ: Այս տեսանկյունից Բալասանյանն իհարկե խորհրդանշական ֆիգուր է, որի նշանակումը Լեռնային Ղարաբաղի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում, որպես նաև արցախյան պատերազմի մասնակից գեներալի, ըստ էության հանդիսանում է որոշակի ազդակ հայկական կողմի դիրքորոշումների կարծրացման իմաստով: Եվ սա նաև գուցե թե հայկական կողմի քաղաքական պատասխանն է վերջին շաբաթներին ադրբեջանական կողմի լարվածության մեծացմանը միտված գործողություններին: Հայկական կողմը դրանով երևի թե փորձում է ցույց տալ, որ ամենևին մտադիր չէ տեղի տալ Ադրբեջանի ռազմական սադրանքների շանտաժին:

 

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930