Առողջապահության նախարարության 2017-ի բյուջեն կազմում 85 մլրդ 772 մլն դրամ, որը 3 տոկոսով կրճատվել է նախորդ տարվա համեմատ: Այդ մասին այսօր ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում ասաց նորանշանակ նախարար Լեւոն Ալթունյանը:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նախարարին ասաց. «Պիտի ընդունեք, որ պետպատվերի համակարգը բացարձակ ձախողված է, չի գործում: Ապրիլ ամսից արդեն մենք ստանում ենք հազարավոր նամակներ մեր համաքաղաքացիներից, որոնք գնում են հիվանդանոց, ասում են՝ պետպատվերը պրծել է: Գիտեք, մահը արտահերթ է գալիս: Մահը չի կարող սպասել, որ պետպատվերի հերթը մի քանի տարի հետո կհասնի: Ո՞նց եք տեսնում այդ համակարգը, չեմ կարծում, որ փոքր քայլերով պիտի լուծում գտնենք, սա հեղափոխական լուծում է պահանջում: Պիտի ընդունենք՝ չի գործում համակարգը»:
Նաիրա Զոհրաբյանը նաեւ ասաց, թե ինչպես են վարվում հիվանդների հետ. «Խայտառակ վիճակ է: Հիվանդին պաս են տալիս տարբեր բաժիններով, փող են աշխատում: Մարդը գնում է գլխացավից բողոքելով, մի հատ ուղարկում են ռենտգեն, մի հատ ուղարկում են սոնոգրաֆիայի, մի հատ ուղարկում են լողի, մի հատ ուղարկում են չգիտեմ որտեղ: Որովհետեւ բոլորը շղթայով կապված են: Վերջում էլ ասում են՝ կգնաս անպայման այս դեղատնից կառնես դեղը, որովհետեւ մենակ այդ դեղատնում է այդ դեղը, որովհետեւ բժիշկը այդ դեղատան հետ ատկատով աշխատում է»:
Կարդացեք նաև
Պատգամավորն ասաց, որ մարդիկ, իմանալով իրենց գլխի գալիքը, չեն դիմում բժշկի, տանը տնայնագործական մեթոդներով փորձում են իրենց բուժել՝ ստացվի ստացվի, չի ստացվի՝ պաթանատոմիայի՝ դիահերձման ոլորտից կօգտվեն. «Երեկ վարչապետը ասում էր՝ շուռ տանք աշխարհը: Այս համակարգը պիտի շուռ տրվի»:
Նախարարը նախ պատասխանը սկսեց լավ լուրից. «Հայաստանյան կյանքի միջին տեւողությունը ռեգիոնում եւ ԱՊՀ երկրներում բարձրագույններից մեկն է: Միգուցե դա շնորհիվ մեր գենետիկայի: Բայց դա փաստ է: Հայերը միջինում ապրում են 71.6 տարի, ինչը ՌԴ-ի համեմատ, որտեղ ապրում են 64.3 տարի, շատ ավելի բարձր է»:
Լեւոն Ալթունյանը համաձայնեց, որ պետպատվերի հետ կապված պատգամավորի նշած բոլոր երեւույթները կան. «Դրանք նորություն չեն: Դրանց դեմ պայքարում ենք տարբեր մեթոդներով, այո, ոչ միշտ , որ հաջողության ենք հասնում, բայց փորձերը կատարվում են»:
Նա ասաց, որ իր խորին համոզմամբ, նվազեցված 85 մլրդ-անոց բյուջեն բավարար է, որ 2 անգամ բարելավեն բուժծառայությունների որակը եւ հասանելիությունը. «Նույն տատիկները, որոնց մասին պատմում եք, գալիս են պոլիկլինիկա եւ ասում են՝ բալիկ ջան, ինձ ռենտգեն գցի, կամ ինձ համակարգչային տոնոգրաֆիա գցի: Ինչքան մոտենան, այնքան իրենց կգցեն, մինչեւ գումարները չվերջանան: Մենք պետք է սովորենք ասել՝ չէ: Եթե այդ ախտանիշների դեպքում համակարգչային տոնոգրաֆիա չի հասնում, տատիկին պիտի մերժել: Պետությունը չունի այդ փողը, որ կատարի ուղղակի ցանկություններ»:
Նախարարն ասաց, որ այսուհետեւ պետպատվերի գումարը հիվանդանոցին տալու են կոնկրետ հիվանդի անհատական դիմումից ելնելով եւ այն ծառայություններն են մատուցելու, որն անհրաժեշտ է:
Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ նախարարը շատ լավ գիտի ինչ է կատարվում համակարգում, պետք է գլխիվայր շուռ տալ այն, որ արդյունք լինի: Լեւոն Ալթունյանը չհամաձայնեց. «Ապացուցված է փոքր քայլերի թեորեան, փոքր քայլերով կարելի է շատ ավելի բանի հասնել, քան ուղղակի ցանկություններով: Մենք որդեգրել ենք դա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Հարգելի տիկին Նաիրա Զոհրաբյան ,ում վրա եք«մուննաթ» գալիս:Այդ դուք՝ ԱԺ-ը կործանել Արմենիա,եւ հիմա նորանշանակ նախարարի օձի՞քն եք բռնում:Փոխարենը,թիկունք եղեք,օգնեք,որ մարդը ազատվի ձեր ժամանակաշրջանի արատներից՝ եւ ոչ միայն առողջապահության համակարգում…