Լիդիան Արմենիան ներկայացնում է համառոտ ֆիլմ ժամանակակից հանքարդյունաբերության և բնապահպանական կառավարման վերաբերյալ: Ֆիլմը հակիրճ նկարագրում է Հայաստանի համար աննախադեպ բնապահպանական կառավարման այն միջոցառումները, որոնք իրականացնում է Լիդիանը Ամուլսարում: Հակիրճ ներկայացված են մի քանի բազմակողմանի գիտական հետազոտություններ, որոնք եղել են մեր բնապահպանական թիմի ամենօրյա աշխատանքի մի մասը տարիների ընթացքում: Մենք նաև ցանկանում էինք ներկայացնել մեր բնապահպանական թիմի մի քանի անդամների, ովքեր կադրից դուրս մնացած իրենց բազմաթիվ գործընկերների, խորհրդատուների, փորձագետների հետ շաբաթներ, ամիսներ և տարիներ են անցկացրել Ամուլսարի շուրջ համոզվելու համար, որ բոլոր հնարավոր ռիսկերը գնահատված են և բոլոր համապատասխան միջոցառումները ընդգրկված են հանքի նախագծում նախքան շինարարությունը սկսելը:
Ամուլսարի ծրագիրը իր հետ բերում է նոր, ժամանակակից մոտեցում հանքարդյունաբերությանը Հայաստանում և մենք հավատում ենք, որ այն կբարձրացնի բնապահպանական և սոցիալական կառավարման նշաձողը երկրում:
Ֆիլմը չի ներառում ծրագրի բոլոր տեխնիկական մանրամասները այն հսկայածավալ աշխատանքը, որն անում է մեր բարձրակարգ բնապահպանական թիմը: Օգտագործելով այս առիթը, սակայն, ուզում ենք ներկայացնել վերջին շրջանում շրջանառվող մի շարք տեխնիկական հարցերի պատասխանները:
Ջրային ռեսուրսներ
Կարդացեք նաև
Կույտային տարրալվացման հարթակը (ԿՏՀ), դատարկ ապարների լցակույտը (ԴԱԼ) և հանքափոսերը նախագծված են այնպես, որ բացառվի աղտոտիչ նյութերի ներթափանցումը բնական միջավայր:
Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատումը (ԲՍԱԳ) վկայում է նաև, որ Հայաստանի համար կարևորագույն բնական ռեսուրս հանդիսացող և Ամուլսարից 40 կմ հեռավորության վրա գտնվող Սևանա լիճը չի ենթարկվի որևէ ազդեցության: Հանգույցները Սևանա լճի անմիջական ազդեցության գոտուց դուրս են տեղակայված, ինչպես պահանջում է օրենքը, իսկ Ծրագրի նախագիծը արժանացել է Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի հավանությանը:
Շատ կարևոր է նշել, որ Սևանա լճի կամ որևէ այլ ջրային ռեսուրսի վրա ազդեցության բացակայությունը պայմանավորված է ոչ թե այն հանգամանքով, թե որտեղ են տեղակայված հանքի հանգույցները, այլ թե ինչպես են դրանք կառավարվում: Ջրի կառավարման մեր ռազմավարության հիմքում ընկած է կարևորագույն սկզբունք՝ Ծրագրի ենթակառուցվածքների հետ կոնտակտի մեջ մտնող բոլոր ջրերը ենթակա են մաքրման և/կամ ստուգման ու համապատասխանեցման ջրի որակի օրենքով նախատեսված չափանիշներին՝ շրջակա միջավայր թողնելուց առաջ: Հետևաբար, ապահովվում է բոլոր շրջակա բնական ընկալիչների, այն է՝ հողի, ջրի կամ օդի խիստ պաշտպանություն:
Տեխնոլոգիական ջուրը ամբողջությամբ կշրջանառվի ԿՏՀ միջով: Անձրևների կամ ձնհալի արտակարգ դեպքերի համար նախատեսված են բավարար պահեստային հնարավորություններ: Կուտակման ավազանները նախատեսվում է մեկուսացնել կրկնակի գեոսինթետիկ թաղանթով, որի շերտերի միջև տեղակայված կլինեն արտահոսքերի հայտնաբերման, հավաքման և վերականգնման համակարգեր: Մենք նախատեսում ենք սովորեցնել տեղական համայնքների ներկայացուցիչներին կատարել ջրի, օդի և հողի որակի մշտադիտարկում, որպեսզի համյանքի ներկայացուցիչները մեր մասնագետների հետ հետևեն վիճակին և վստահ լինելն, որ արդյունքները համապատասխանում են սահմանված չափանիշներին:
Ջերմուկի շրջակա միջավայրն ու համբավը
Ամուլսարի նախագիծը բացառում է Ծրագրի գործունեությամբ պայմանավորված բացասական ազդեցությունը Ջերմուկի հանքային ջրերի աղբյուրների վրա: Բոլոր կոնտակտային ջրերը նախատեսվում է մշակել Կոնտակտային ջրերի կառավարման պլանով սահմանված կարգով՝ ապահովելու համար բոլոր շրջակա ջրային ռեսուրսների անվտանգությունը: Անհրաժեշտ մեղմացման միջոցառումները հանքի նախագծում ներառելուց բացի, 2013 թ.-ին միջազգային փորձագետների կողմից իրականացվել է իզոտոպների ընդգրկուն հետազոտություն, որը հաստատել է, որ Ջերմուկի աղբյուրի ջրերը հոսում են բոլորովին այլ ջրատար համակարգից, որը տարբեր է Ամուլսար ծրագրի համակարգից: Պարզ ասած՝ այս ջրային աղբյուրների միջև ֆիզիկական կապը բացակայում է:
Աշխարհում առկա են բնակավայրերի մոտակայքում անվտանգ շահագործվող հանքերի բազմաթիվ օրինակներ: ԱՄՆ Կոլորադո նահանգում գտնվող Նյումոնթ ընկերության Քրիպլ Քրիք և Վիկտոր հանքի հեռավորությունը Քրիպլ Քրիք քաղաքից կազմում է մոտ 1 կմ: Լայնածավալ մեղմացնող միջոցառումների կիրառման դեպքում չկա որէ պատճառ, որ կարող է խոչնդոտել Ամուլսարի անվտանգ շահագործմանը՝ առանց ավելի քան 10 կմ հեռավորության վրա գտնվող Ջերմուկ քաղաքի շրջակա միջավայրի ու համբավի վրա ազդեցության: Մենք պարտավորվում ենք հենց այդպես իրականացնել ծրագիրը:
Բուսական և կենդանական աշխարհ
Հայաստանյան ու միջազգային հաստատությունների և փորձագետների հետ համագործակցությամբ, ավելի քան յոթ տարվա ելակետային ուսումնասիրությունների և մանրակրկիտ վերլուծությունների արդյունքում մշակվել է Կենսաբազմազանության կառավարման ընդգրկուն պլան, որի նպատակն է ապահովել հանքի շահագործմամբ պայմանավորված կենսաբազմազանության հաշվեկշռի զրոյական կորուստ: Ինչպես ցանկացած խոշոր ենթակառուցվածքային ներդրման դեպքում, հանքի շահագործումը ենթադրում է տեղական բուսական և կենդանական կենսամիջավայրերի փոփոխություն, պայմանավորված օրինակ այն հանգամանքով, որ ենթակառուցվածքները զբաղեցնելու են կենսամիջավայրի որոշ տարածքներ: Մենք նախատեսում ենք նվազեցնել այդ ազդեցությունները կանխարգելիչ միջոցառումների միջոցով:
Որպես օրինակ՝ Հայաստանի Բուսաբանության ինստիտուտի և Քեմբրիջի համալսարանի Բուսաբանական այգու մասնագետների կողմից իրականացվել է Մատնունի ծիրանավոր բուսատեսակը ապագա հանքի տարածքից տեղափոխելու ծրագիրը, այն պահպանելու և հանքի փակումից հետո վերադարձնելու նպատակով, ինչպես նաև ավելի մեծ տարածքի սահմաններում գորշ արջի՝ Ursus arctos, ուսումնասիրություն: Մեր կողմից մշակվում են նաև Ջերմուկում ազգային պարկ հիմնելու հավակնոտ ծրագիր՝ տեղական վայրի կենդանիների կենսամիջավայրերի վրա ազդեցությունների փոխհատուցման նպատակով: Այս ծրագրերը կարող են բերել ինչպես բնապահպանական, այնպես էլ տնտեսական զգալի օգուտներ:
Ցիանիդի և թափոնների կառավարում
Բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության անդամ հանդիսացող ԱՄՆ, Ավստրալիան, Չիլին և Կանադան, օգտագործում են ցիանիդը ոսկու հանքերում: Չնայած որ այն թունավոր նյութ է, ցիանիդը լայնորեն կիրառվում է այլ արտադրություններում, այդ թվում՝ կոսմետիկայի, քիմիական և դեղագործական արտադրություններում: Ճիշտ կառավարման և համապատասխան միջոցների ապահովման դեպքում ցիանիդը բարձր ռիսկայինություն չի ներկայացնում: Ամուլսարի համար մշակվել է ցիանիդի կառավարման պլան, որը համապատասխանում է Ցիանիդի կառավարման միջազգային օրենսգրքի պահանջներին: 2016թ. սեպտեմբերին Լիդիանը միացավ այդ Օրենսգրքին: Ամուլսարում, մանրացված հանքաքարից ոսկի կորզելու համար, նախատեսվում է օգտագործել ցիանիդի նոսրացված լուծույթ: Ջրի մեջ լուծվելուց հետո ցիանիդը հայտնվում է փակ համակարգում, որտեղ pH մակարդակը վերահսկվում է կրի միջոցով՝ կանխելով ջրածնային ցիանիդի գազի ձևավորումը: Ցիանիդի նույնիսկ փոքր արտահոսքը շրջակա միջավայր կանխելու նպատակով տեղադրվելու են արտահոսքի հայտնաբերման սարքավորումներ և դետեկտորներ, իսկ ԿՏՀ-ի շրջակայքում իրականացվելու են օդի և գրունտային ջրերի որակի պարբերական ստուգումներ:
Այս և այլ հարցերի ավելի մանրամասն պատասխանները կարող եք գտնել այստեղ:
Ամուլսարը ունի պարտավորություն հետևելու միջազգային լավագույն փորձին և դա Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում կարող է նոր հնարավորություն ստեղծել: Որպես մասնավոր ոլորտում խոշորագույն ներդրում` Ամուլսարը կստեղծի հարյուրավոր աշխատատեղեր տեղացիների համար, մատակարարման հսկայական շղթա և հարկեր, որոնք կխթանեն Հայաստանի տնտեսությունը, զուգահեռաբար միջազգայնորեն ճանաչված չափորոշիչները բերելով բնապահպանական և սոցիալական ռիսկերի կառավարման գործընթաց:
Վստահ ենք, որ մեր ծրագիրը նոր էջ է բացում Հայաստանում միջազգային համընդհանուր կիրառելի բնապահպանական և սոցիալական չափանիշներին հետևելու գործում, այն էական օգուտ կբերի երկրի, տեղական համայնքների, աշխատուժի և ներդրողների համար:
Մամլո հաղորդագրություն