Լրահոս
Օրվա լրահոսը

Հիշելով Արկադի Վարդանյանին

Նոյեմբեր 04,2016 10:05

«Ա1+»-ը հետահայաց ցուցադրում է «Հետգրություն» հաղորդաշարի շրջանակներում իմ հին հարցազրույցները, որոնցից մեկն արված էր 2000 թվականի աշնանը հայտնի հրապարակախոս եւ թարգմանիչ Արմեն Հովհաննիսյանի հետ: Նա այն մտավորականներից էր, որն ակտիվորեն զբաղվում էր նաեւ հասարակական գործունեությամբ եւ 1999-2000 թվականներին այն ժամանակվա ամենաարմատական ընդդիմադիրներից մեկի՝ Արկադի Վարդանյանի կողքին էր:

Հարուստ գործարար Արկադի Վարդանյանը եկել էր Մոսկվայից, այստեղ ծավալել էր բուռն քաղաքական գործունեություն, այդ թվում՝ բազմահազարանոց հանրահավաքներ էր անում, բնականաբար, Ռոբերտ Քոչարյանի հրաժարականի պահանջով: Երկրորդ նախագահը դաժան հաշվեհարդար տեսավ ընդդիմադիր գործչի նկատմամբ՝ նրան մի քանի ամսով ազատազրկելով, իսկ այնուհետեւ փաստացի արտաքսելով Հայաստանից:

Եվ ահա Արմեն Հովհաննիսյանը հարցազրույց էր տալիս «Ա1+»-ին արդեն այն ժամանակ, երբ Արկադի Վարդանյանը ազատազրկված էր: Նա բազմաթիվ արժեքավոր եւ արդիական մտքեր արտահայտեց այդ զրույցի ընթացքում, օրինակ՝ անիմաստ համարեց «Այսինչ հեռացիր, այնինչ մոտեցիր» մեթոդը, որով իրենց պայքարներն էին մղում բազմաթիվ ընդդիմադիրներ թե՛ Արկադի Վարդանյանից առաջ եւ թե՛ նրանից հետո:

Բայց նրա թերեւս ամենաուշագրավ արտահայտությունը հետեւյալն էր. «Արկադի Վարդանյանը չի էականը, այլ այն ահագնացող զայրույթը, բողոքի արտահայտությունը, նույնիսկ ատելությունը, որն ամենասարսափելին է»: Այդ միտքը ոչ միայն հերքում է այն քարոզչական թեզը, որ 15 կամ 20 տարի առաջ զայրույթ, բողոք կամ ատելություն իշխանությունների նկատմամբ չկար: Ավելի կարեւորն այն է, որ այդ զգացմունքները հենց այն առանցքն են, որի շուրջ կառուցվում է ընդդիմադիր գործունեությունը վերջին 25 տարվա ընթացքում:

Կարեւոր չի՝ դու դաշնակցական ես, ԱԺՄ-ական, Աշոտ Մանուչարյանն ես, Արտաշես Գեղամյանը, Արկադի Վարդանյանը, թե Արթուր Բաղդասարյանը: Կարեւորն այն է, որ դու կանգնում ես բարձրախոսի առաջ, քո շուրջն ես հավաքում չարացած եւ ատելությամբ լցված մարդկանց եւ հնարավորինս գունեղ արտահայտություններով նշավակում ես իշխանություններին: Վերջիններս, երբ վտանգ են զգում, կարող են այդ հռետորին ազատազրկել եւ նրա գլխավորած շարժման մեջքը ջարդել:

«Ղարաբաղ» կոմիտեի անդամները նույնպես ձերբակալված էին, սակայն շարժումը չմարեց: Ներկայիս ընդդիմադիրները մտածե՞լ են, թե՝ ինչո՞ւ: Հավանաբար այն պատճառով, որ բացի խարազանելուց, այդ լիդերները ձեւակերպել էին որոշակի գաղափար, որին մարդիկ հավատում էին: Խաղադրույքը դնելը միայն ատելության, միայն զայրույթի եւ բողոքի վրա եւ չհասնելը արագ հաջողության՝ բերում է խորը հիասթափության, լճացման եւ ամենակարեւորը՝ նման հռետորների նկատմամբ անվստահության:

Հիմա լճացման պահն է: Բայց երկու-երեք ամսից այդ տիպի հռետորները կլցվեն հրապարակ: Երբ նրանք սկսեն խոսել գնդակահարելու, վառելու եւ քառատելու մասին, հիշեք կրկնվող սցենարները, որոնցից հետո այդ գործիչներին, որպես կանոն, երկրորդ շանս չի տրվում:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930