Լրահոս
Օրվա լրահոսը

Ջրվեժի ամառանոցները Հայաստանի տարածքո՞ւմ չեն

Նոյեմբեր 04,2016 09:51

Հոկտեմբերի 31-ի լույս նոյեմբերի 1-ի գիշերը հանրապետության գրեթե ողջ տարածքով տեղացած վաղաժամկետ ձյունը փաստի առաջ կանգնեցրեց բնակչությանը մի շարք առումներով՝ չհավաքված բերք, կոտրվող ծառեր, հոսանքազրկումներ…

NEWS.am-ի թղթակցին ՀԷՑ-ի հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի պետ Նատալյա Սարջանյանը տեղեկացրել էր, որ ՀԷՑ-ը հոսանքազրկումների մասին հանրապետության ողջ տարածքից ստացել է շուրջ 2 հազար ահազանգ, հանրապետության տարածքում եղել է 68 անջատում: Այս իրավիճակը ՀԷՑ-ի ներկայացուցիչը պայմանավորել էր այն հանգամանքով, որ տերեւաթափ դեռ չի եղել, ձյունը նստել է, ծանրացել տերեւների վրա, ինչի հետեւանքով ծառերը թեքվել են, կամ ճյուղերն են կոտրվել եւ վնասել են հոսանքալարերը: Նա նաեւ ասել էր, որ հոսանքի մատակարարումն ամբողջ հանրապետությունում վերականգված է:

Այս հայտարարությունը ՀԷՑ-ի ներկայացուցիչն արել էր նոյեմբերի 2-ի երեկոյան՝ ժամը 17: 50-ին, համենայնդեպս հենց այդ ժամին է հրապարակվել նրա պարզաբանումը: Սակայն «Առավոտի» հետ զրույցում քաղաքացի Մեսլսիդա Գևորգյանը  պնդեց, որ նոյեմբերի 1-ին ժամը 12:30-ին հոսանքազրկվելուց հետո Ջրվեժի ամառանոցներում, որտեղ տասնյակ մարդիկ մշտական բնակություն են հաստատել, մինչեւ այս պահը՝ նոյեմբերի 4-ի առավոտը, հոսանքի մատակարարումը չի վերականգնվել:

«Ջրվեժի ամառանոցների մի հատվածում, որտեղ բարձրաստիճան պաշտոնյաներ են բնակվում,  վերականգնեցին վնասված հոսանքալարերը, իսկ այն ենթակայանը, որը սպասարկում է առնվազն 100 առանձնատան, որոնցից առնվազն 20-25-ում  մշտական ապրող բնակիչներ կան, արդեն 3-րդ օրն է՝ հոսանք չկա: Հոսանքի բացակայությունը որոշ դեպքերում նշանակում է նաեւ ջեռուցման բացակայություն՝ գազի կաթսաները միանում են հոսանքի առկայությամբ: Դրսում բացասական ջերմաստիճանի պարագայում անիմաստ է նկարագրելը, թե երեք օր շարունակ չջեռուցվող տանը ինչ սառնամանիք կտիրի: Նոյեմբերի 3-ին ժամը 15-ին եկան, մեր ենթակայանի վրա մինչ մութն ընկնելը աշխատեցին, ասացին, որ մնացածը կշարունակեն վաղը եւ հեռացան: Այդ խեղճ տղաները առանց հերթափոխի աշխատում էին՝ սառած, կապտած: Չեմ հասկանում՝ ի՞նչ է, ՀԷՑ-ում մարդկային ռեսուրսների պակաս կա՞, աշխատողներ չունե՞ն, որ հասցնեն: 21-րդ դարում երեք-չորս օր առանց էլեկտրականության ապրելը անհավանական երազ է թվում: ՀԷՑ-ի հետ մեր պայմանագրերում կետ կա այն մասին, որ ոչ իրենց մեղքով հոսանքամատակարարման դեպքում ՀԷՑ-ը պարտավորվում է 24 ժամվա ընթացքում լուծել խնդիրը, արդեն 60 ժամից ավելի է անցել՝ հոսանքի մատակարարումը վերականգնված չէ»,-ասաց տիկին Գևորգյանը: Նրան եւ իր հարեւաններին վրդովեցրել է ոչ միայն հոսանքի բացակայությունը, այլեւ այն փաստը, որ հոսանքի մատակարարման վերականգնումը կատարվում է «ծանոթով». «Ինչ է ստացվում՝ եթե մի փողոցում բարձրաստիճան պաշտոնյա չի բնակվում, այդ փողոցի բնակիչները դատապարտված են անտեսվա՞ծ մնալու»:

Հուսանք, որ գոնե այսօր կլուծվի Ջրվեժի ամառանոցների բնակիչների էլեկտրականության հարցը, եւ ծանոթ-բարեկամների տանը հանգրվանած բնակիչները կկարողանան վերադառնալ իրենց տները:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930