Լրահոս
Օրվա լրահոսը

Մի ԾԻԳ-ի պատմություն

Նոյեմբեր 04,2016 17:00

Տիգրան Սարգսյանը ՀՀ վարչապետն էր 2008-2014թթ. հատվածում: 2011-ին նրա նախաձեռնությամբ ստեղծվեց ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկ, որը պետք է էականորեն թեթեւացներ բիզնեսի եւ քաղաքացիների վրա ընկնող կարգավորումների բեռը՝ առնվազն երկու անգամ կրճատելով գործառնական ծախսերը: Կենտրոնի ղեկավար նշանակվեց Տիգրան Սարգսյանի մտերիմ Արմեն Եղիազարյանը: Ըստ ձեւավորման ժամանակ կենտրոնի տարածած հաղորդագրության՝ կառույցն իր գործունեության ընթացքում նկարագրում է պետության հետ բիզնեսի եւ քաղաքացիների փոխհարաբերությունները, համադրում դրանք միջազգային լավագույն փորձի հետ, կարգավորման բեռի թեթեւացման նպատակով համապատասխան պետական կառավարման մարմինների հետ պատրաստում առաջարկությունների փաթեթ: Ծրագրի արդյունքում կկրճատվի կարգավորում պարունակող իրավական ակտերի նվազագույնը 30 տոկոսը, մնացած կարգավորումների 20-30 տոկոսն էականորեն կպարզեցվի, ինչի արդյունքում զգալիորեն կնվազի բիզնեսի եւ քաղաքացիների ուսերին ընկնող ֆինանսական բեռը:

Թե ինչու սա չէր կարելի անել Ազգային ժողովի հսկա աշխատակազմում՝ Տիգրան Սարգսյանը չասաց, թե որքան արդյունավետ էր աշխատում այս ԾԻԳ-ը` կարելի է դատել գործող վարչապետ Կարեն Կարապետյանի գնահատականից` տնտեսության վիճակը չափազանց ծանր է: Կարեն Կարապետյանը ասել է, որ պետք է ազատվել անկապ ծրագրերի իրականացման գրասենյակներից` ԾԻԳ-երից: ՀՀ կառավարության պաշտոնական կայքից հանվել է «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի» կայքի հղումը, ստեղծվել է կենտրոնի լուծարային հանձնաժողով: Սակայն կենտրոնը առաջարկել է կառավարությանը երկարացնել իր կյանքը: Հաշիվներ ունի:

Ըստ կառավարությանը ներկայացված առաջարկի՝ «Ավստրիայի զարգացման գործակալություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության աջակցությամբ իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում կարգավորիչ գիլյոտին (փուլ 2)» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում 2014 թվականին կնքված դրամաշնորհային պայմանագրի համաձայն՝ դրամաշնորհի 500 000 եվրո գումարի 10 տոկոսը` 50 հազար եվրո, ավստրիական կողմը պետք է վճարի ծրագրի ավարտից հետո (ծրագրի ավարտը՝ 2015 թվականի դեկտեմբերի 31), արտաքին աուդիտի եզրակացության հիման վրա: Կենտրոնը նշված աուդիտն անցել է 2016 թվականի հունվարին, որի արդյունքները նույն ամսում ներկայացվել են ավստրիական կողմին: Սակայն մինչ օրս` աուդիտի եզրակացությունը ստանալուց 10 ամիս անց, Ավստրիայի զարգացման գործակալությունը փոխանցել է միայն 30 հազար եվրո: Դե, մնացած 20 հազարն էլ ստանալու համար կենտրոնը խնդրում է, որ իրեն չլուծարեն: Ավստրիացիների ուշացումների արդյունքում Հայաստանի պետական բյուջեից կենտրոնի աշխատակիցներին վճարվել է 25,934 միլիոն դրամ: Հենց ավստրիացիները գումարը տան` կենտրոնը կփոխանցի պետբյուջե:

Եթե Ավստրիան խոստացած 50 հազարի փոխարեն աուդիտի եզրակացությունը կարդալուց հետո տալիս է 30 հազար, ուրեմն կասկածում է: Տարիներ առաջ` 2008-ի մարտի մեկի ողբերգությունից հետո, այդպես խոստացածը չտվեց «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան: Այն ժամանակ դեռ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ասաց` հոգ չէ: Իսկ ի՞նչ պիտի ասի Արմեն Եղիազարյանը: «Հազարամյակի մարտահրավերների» փողը չեկավ, շատ ծրագրեր, մասնավորաբար՝ մարզային ճանապարհների նորոգում, կիսատ մնացին: Արմեն Եղիազարյանը ծրագիրն ավարտել է պետական փողերով, ու այսօր նրա հիմնարկը պետբյուջեին 25,934 միլիոն դրամ է պարտք: Ոնց է տալու: Որ չի կարողանալու ասել` հոգ չէ, հաստատ է:

 

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

03.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930