«Առավոտը» աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարից հետաքրքրվեց՝ Դուք ունեք 4 տեղակալ, 2 խորհրդական, 2 օգնական, Ձեր տեղակալն էլ իր հերթին ունի իր օգնականը, Դուք ունեք նաեւ մամուլի քարտուղար, 1 նախարարի համար այդքան տեղակալները, օգնականները շատ չե՞ն: Արտեմ Ասատրյանը պատասխանեց, որ ունի այն, ինչ սահմանված է կառավարության որոշումներով. «Ոչ մի բան ավելի»:
Հաշվի առնելով, որ խոսքը կենսաթոշակառուների, անապահովների հետ գործ ունեցող նախարարության մասին է, իսկ 2017-ին, ինչպես հայտնի է, թոշակների, աշխատավարձերի, նպաստների ավելացում չի լինելու տնտեսական լուրջ խնդիրների պատճառով, մենք հարցրեցինք՝ օպտիմալացման խնդիր չկա՞, որովհետեւ միայն 1 փոխնախարար պահելը բյուջեի վրա բավականին թանկ է նստում, նախարարը պատասխանեց. «Օպտիմալացման խնդիրները համակարգային են եւ ամբողջական, որի ուղղությամբ հիմա աշխատանքներ են տարվում»:
Արտեմ Ասատրյանն ասաց, որ եթե նկատի ունենանք ոլորտը, ուղղությունները, խնդիրների թվաքանակը՝ այդքան տեղակալները, օգնականները շատ չեն. «Բայց ընդհանուր առմամբ բոլոր ուղղություններով ներկայումս կառավարությունն օպտիմալացման աշխատանքներ է իրականացնում, այսինքն՝ ուսումնասիրություն է անում: Ընդունված որոշումների վերաբերյալ դուք ժամանակին լիարժեք կտեղեկանաք»:
Մենք ճշտեցինք՝ հնարավո՞ր է կրճատվեն փոխնախարարները, նախարարը պատասխանեց. «Ամեն ինչ հնարավոր է, ոչ մի բան բացառել չի կարելի»:
Մենք նաեւ նախարարին հարցրեցինք՝ Դուք ի՞նչ խորհուրդ կտաք այն թոշակառուին, որի թոշակը չի ավելանալու 2017-ին, բայց նվազագույն կենսապահովման զամբյուղն էլ ստացած թոշակը չի փակելու: Արտեմ Ասատրյանը պատասխանեց. «Մենք ամեն ինչ պետք է անենք, որ կենսաթոշակառուների կենսամակարդակը բարելավենք՝ բոլոր հնարավոր ծրագրերով»:
Կարդացեք նաև
Նա ասաց, որ այդ ծրագրերը ոչ միայն դրամական վճարներ են, այլ նաեւ սոցիալական ծառայություններ, որոնք շատ անհրաժեշտ են մեր կենսաթոշակառուներին, հատկապես՝ դրա կարիքն ունեցողներին:
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ»
03.11.2016