Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Շատ հետաքրքիր առաջարկներ են եղել»

Նոյեմբեր 04,2016 16:00

Դավիթ Հարությունյանը դրանցից որեւէ մեկը չմտաբերեց

ՀՀ կառավարության այս տարվա մայիսի 12-ի նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց. «Մեր ռեսուրսները սահմանափակ են, բայց իմ խորին համոզմամբ` ռեսուրսների պակասը կարող է փոխհատուցվել երկու գործոնով. առաջինն արդյունավետ մոդելների կիրառումն է, իսկ երկրորդը՝ դրանց կյանքի կոչելու արագությունը… Պետք է կրճատենք այն ծախսերը, որոնք չունեն էական ազդեցություն իրական արդյունքի վրա: Դրանց շրջանակը փոքր չէ` գործուղումները, ներկայացուցչական ծախսերը, վերանորոգումները, ծառայողական մեքենաները եւ այլն… Պետական կառավարման ապարատը պետք է դառնա ավելի կոմպակտ: Խոսքը ոչ միայն նախարարությունների աշխատակազմերի մասին է, այլ նաեւ տարբեր ՊՈԱԿ-ների, ԾԻԳ-երի, առընթեր մարմինների, առանձնացված ստորաբաժանումների… Կառավարությունն ունի բավական քաղաքական կամք` կյանքի կոչելու բոլոր անհրաժեշտ քայլերը»: Խոստացված քաղաքական կամքի դրսեւորման արդյունքում մի քանի կոսմետիկ կրճատումներ եղան: Կրճատվեցին նաեւ նախարարների արտասահմանյան ուղեւորությունների ծախսերը, նաեւ որոշ նախարարությունների հաշվեկշռում առկա, վաղուց արդեն մետաղի ջարդոն հանդիսացող մեքենաներ դուրս գրվեցին, ինչը մամուլում ծաղրի ենթարկվեց: Հովիկ Աբրահամյանը խնդրել էր խնդրով մտահոգ բոլոր անձանց եւ կազմակերպություններին համառոտ առաջարկ ուղարկել կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի էլեկտրոնային փոստի հասցեով:

«Առավոտը» Դավիթ Հարությունյանից հետաքրքրվեց` առաջարկներ եղա՞ն, ամփոփվեցի՞ն, դրանց ուղղությամբ հանձնարարականներ տրվեցի՞ն: Ի դեպ, «Առավոտը» եւս առաջարկներ էր ուղարկել Դավիթ Հարությունյանի էլեկտրոնային փաստի հասցեով` «Ինչպես տնտեսել 100 միլիոն դրամ» («Առավոտ» օրաթերթ, 20.05.2016) եւ «Ինչո՞ւ չսկսել փոխնախարարներից» («Առավոտ», 3 հունիս, 2016):

«Որոշ աշխատանքներ կատարվեցին, որոշ աշխատանքներ հիմա դեռեւս շարունակվում են կատարվել»,- ընդհանրական պատասխան տվեց Դավիթ Հարությունյանը: Ճշտող հարցին` հատկապես ի՞նչ առաջարկներ եղան, մեր զրուցակիցը պատասխանեց. «Սկսած մեքենաների կրճատումից, վերջացրած որոշակի պաշտոնների կրճատումով եւ այլն»: Ըստ պարոն Հարությունյանի՝ առաջարկներ են ներկայացրել եւ սովորական քաղաքացիներ, եւ ՀԿ-ները:

«Շատ հետաքրքիր առաջարկներ եղել են»,- ասաց Դավիթ Հարությունյանը` այդպես էլ չմտաբերելով դրանցից թեկուզ մեկը:

 
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

03.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930