Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թուրքիան չի ցանկանում բարոյական պատասխանատվություն վերցնել իր վրա. (Ֆոտոշարք)

Նոյեմբեր 04,2016 12:00

Ըստ Աղասի Ենոքյանի` Թուրքիան չի ցանկանում ճանաչել Ցեղասպանությունը, որովհետեւ դա կարեւոր բարոյական երաշխիք է, որ այն չի կրկնվելու

Սկսել այն հարցերից, որոնց շուրջ հնարավոր է գտնել ընդհանուր շահեր
Հոկտեմբերի 29-30-ը Ծաղկաձորում «Քաղաքացիական համաձայնություն» ՀԿ-ի եւ Երեւանում Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության դեսպանատան հետ համատեղ անցկացվող` «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորում. մարտահրավերներ եւ հեռանկարներ» թեմայով սեմինարում հանդես եկավ կոնֆլիկտաբան, Ֆլետչերի անվան իրավունքի եւ դիվանագիտության դպրոցի շրջանավարտ Արտակ Այունցը, որը խոսեց հակամարտությունների տրանսֆորմացիայի, խաղաղարարության մոտեցումների մասին, անդրադարձավ բանակցությունների արվեստին, հակամարտությունների լուծմանն ու խաղաղարարության հիմունքներին, քաղաքացիական հասարակության ջանքերին` միտված խաղաղարարությանը Հայաստան-Թուրքիա հարաբերություններում:

Բանախոսը Հայաստան-Թուրքիա եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, ինչպես նախորդ բանախոսները, առանձնացրեց եւ կարեւորեց դրանց տարանջատումը: «Եթե խոսում ենք կարգավորման մասին, մենք խոսում ենք Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին, իսկ երբ խոսում ենք հայ-թուրքական հարաբերությունների մասին` այդ դեպքում խոսքը գնում է հաշտեցման մասին, որն ավելի բարդ, երկարատեւ գործընթաց է, կարող է տասնյակ տարիներ տեւել, երբ որ կողմերը որոշակի հարցերի շուրջ լուծումներ գտնելուց հետո կարող են ձեռնամուխ լինել նաեւ ավելի բարդ հարցերի քննարկմանը, ինչպիսին է օրինակ` Հայոց ցեղասպանությունը: Հնարավո՞ր է արդյոք որոշակի հարցերի շուրջ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում փոփոխություններ մտցնել կամ կարգավորել այդ հարաբերությունները, թե՞ քանի դեռ կա Հայոց ցեղասպանության հարցը, ոչինչ հնարավոր չէ անել, այսինքն՝ քանի դեռ Թուրքիան չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հնարավոր չէ կարգավորել Հայաստան-Թուրքիա հարաբերությունները… Ես կարծում եմ, որ հնարավոր է, բայց դա ամենեւին չի նշանակում, որ Ցեղասպանության հարցը կարեւոր չէ, պարզապես եթե դու բանակցությունները սկսում ես այնպիսի մի հարցից, որի վերաբերյալ կան բեւեռային տարբեր ընկալումներ թե՛ պաշտոնական, թե՛ հասարակական մակարդակում, ապա շատ բարդ է հասնել որոշակի հարցի լուծման: Դրա համար պետք է սկսել այն հարցերից, որոնց շուրջ հնարավոր է գտնել ընդհանուր շահեր»:

Արտակ Այունցը հետահայաց դիտարկելով Հայաստան-Թուրքիա բանակցությունների պատմությունը` թե դիվանագիտական, թե ոչ պաշտոնական, ինչպես նաեւ Հայաստան-Թուրքիա արձանագրությունների փուլը, նկատեց, որ կողմերը մշտապես փորձել են այնպես անել, որ գոնե այն հարցերը, որոնք շատ ցավագին չեն, որոնք շատ հասարակական հույզեր չեն առաջացնի, հենց այդ հարցերի շուրջ գալ որոշակի լուծումների, մտնել երկխոսության մեջ` կառուցելով վստահության տարրեր, որոնք էլ ավելի մեծ հիմքեր կստեղծեն` ավելի բարդ հարցերի շուրջ հնարավոր համաձայնությունների հանգել:

Շվեյցարական միջնորդությունը բարձր պրոֆեսիոնալիզմով էր իրականացվել

Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա արձանագրություններին` Արտակ Այունցը հիշեցրեց, որ դեռ այն ժամանակ կային մարդիկ, ովքեր կասկածներ ունեին եւ պնդում էին, որ անհնար է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորում, եթե չկա որոշակի առաջընթաց ԼՂ հակամարտության գործընթացում, եթե չի խոսվում Ղարաբաղի մասին, ուրեմն դա իրատեսական պրոցես չէ, իմիտացիա է. «Այդ մարդիկ, դժբախտաբար, թե բարեբախտաբար, ճիշտ դուրս եկան, որովհետեւ որքան էլ թուրքական կողմը չէր պնդում ԼՂ հարցը որպես նախապայման, եւ հայկական կողմն էլ չէր պնդում Հայոց ցեղասպանության հարցը որպես նախապայման, այնուամենայնիվ, այդ դրույթներն ինչ-որ կերպ տեղ գտան Հայաստան-Թուրքիա արձանագրություններում, բայց, այնուամենայնիվ, կողմերը նախաստորագրեցին Հայաստան-Թուրքիա երկու արձանագրությունները: Սա վկայում է այն մասին, որ շվեյցարական միջնորդությունը բավական բարձր մակարդակով, պրոֆեսիոնալ էր իրականացվել: Նրանք կարողացան ոչ միայն կողմերին բերել նստեցնել սեղանի շուրջ, այլեւ կողմերը ստորագրեցին այդ արձանագրությունները»:

Միջնորդական գործունեության հաջողությունը, ըստ Արտակ Այունցի, հիմնվում է մի քանի սկզբունքների վրա. «Առաջինը բանակցությունների ինժեներիան է, այսինքն՝ միջնորդների կարեւոր ֆունկցիաներից է հասկանալ, թե որոնք են այն հարցերը, որոնց շուրջ կողմերն ավելի հեշտ կարող են գալ համաձայնության եւ պատրաստ են այդ հարցերն առաջնահերթ կերպով քննարկել, սա նախամիջնորդության աշխատանքն է, երբ միջնորդը փորձում է կողմերի հետ առանձին-առանձին հանդիպումներում հասկանալ, թե կա՞ արդյոք ինչ-որ մի կետ կամ մի քանի կետեր, որոնց շուրջ կողմերը հարաբերականորեն հեշտորեն կարող են հասնել համաձայնության: Այդ հարցերից էին դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու սահմանի բացման հարցը, մյուս խնդիրները շատ ավելի բարդ էին, դրանք թողնվել էին հետագային»:

Հաջորդը կարեւոր կետը, ըստ բանախոսի, այն է, որ կողմերը, որքան հնարավոր է, պետք է զերծ մնան էմոցիաներից, դա միջնորդների գործն է` ապահովել այնպիսի բանակցային, միջնորդական գործընթաց, որտեղ կողմերը հիմնվեն միայն իրենց շահերի եւ պրագմատիզմի վրա` փորձելով հասարակական ճնշումներից, էմոցիոնալ խնդիրներից մի փոքր ձերբազատվել, որպեսզի հնարավոր լինի մտնել երկխոսության մեջ: «Այս սկզբունքների վրա հիմնված միջնորդությունը ամենաընկալելին է, տրանսֆորմատիվ մոտեցում է: Կա նաեւ հարկադրված միջնորդություն, երբ գերտերությունը ստիպում է կողմերին ստորագրել համաձայնագիր, ինչպես դա տեղի ունեցավ Եգիպտոսի եւ Իսրայելի դեպքում` Քեմփ Դեւիդի համաձայնությամբ` ԱՄՆ-ի հարկադրմամբ: Մինչդեռ Հայաստանի եւ Թուրքիայի դեպքում տրանսֆորմատիվ միջնորդություն էր, երբ երկու պետություններին օգնում էին ձեւակերպումներ գտնելու առումով»,- նկատեց բանախոսը՝ ցավով արձանագրելով, որ արձանագրությունների ստորագրումից անմիջապես հետո թուրքական կողմը, փաստորեն, առաջ քաշեց ԼՂ խնդիրը, եւ արձանագրությունների վավերացումը կապեց ԼՂ հակամարտության լուծման հետ:

seminar_24

seminar_9 seminar_13 seminar_17 seminar_19 seminar_20 seminar_23 seminar_21

seminar_22

Իշխանությունը պետք է լինի հասարակական կարծիք ստեղծող

Քաղաքագետ, «Առաջին լրատվական» կայքի գլխավոր խմբագիր Աղասի Ենոքյանը ուշադրություն հրավիրեց բանակցություններում «էմոցիոնալ ֆոնի» հեռացման եւ շահի առաջ քաշմանը` հավելելով. «Էմոցիոնալ ֆոնը չափազանց կարեւոր է, քանի որ այն կարող է օգտագործվել բանակցությունների հետագա ընթացքի վրա, օրինակ, կոնկրետ այս դեպքում` արձանագրությունների վավերացման վրա: Սերժ Սարգսյանը Հայաստան-Թուրքիա արձանագրությունները ստորագրելուց հետո գնաց սփյուռքի հետ կոնսուլտացիաների, որի կարիքը չկար, որովհետեւ դա Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ կարգավորման գործընթաց էր, ոչ թե հաշտեցման, եւ Սփյուռքում, ինչպես եւ սպասվում էր, եղան բողոքի ակցիաներ, եւ այդ ամենն, իհարկե, շատ լուրջ կռվան դարձավ նրա ձեռքում, որպեսզի հետագայում նա հայտարարեր` տեսեք, ժողովուրդը համաձայն չէ արձանագրությունների վավերացմանը»: Աղասի Ենոքյանի համոզմամբ` կառավարությունները երբեք չպետք է հասարակական կարծիքի գերին դառնան, իշխանությունը պետք է լինի հասարակական կարծիք ստեղծող, եւ այս դեպքում նա չբացառեց, որ մեր իշխանություններն այդ ուղղությամբ էին գնացել, այսինքն` արեցին քայլեր, որոնք կարող էին հետագայում օգտագործվել արձանագրությունները ստորագրելուց հետո:

Աղասի Ենոքյանը փաստեց, որ ինքը եւս մասնակցել է «second track diplomacy» ձեւաչափով բանակցություններին, եւ առաջնայինը ԼՂ հարցն է եղել, երբ երկու երկրները երրորդ երկրի նկատմամբ իրենց վերաբերմունքով փորձում էին իրենց հարաբերությունները ճշտել, այսինքն` «Էմոցիոնալ մասը հանելը չէր աշխատում»: Անդրադառնալով Ցեղասպանության ճանաչման հարցին՝ քաղաքագետը նշեց. «Ցեղասպանության ճանաչումը բոլոր երկրների գործն է, միջազգային խնդիր է, այն կարեւոր է մեզ համար, որպեսզի այլեւս չկրկնվի»: Երիտասարդների հարցին, թե` արդյո՞ք պետք է Թուրքիայից փոխհատուցում պահանջել, քաղաքագետը նկատեց, որ նման բան գոյություն չունի. «Առաջինը` Թուրքիայի Հանրապետությունը ստեղծման առաջին օրվանից հայտարարել է, որ իրենք Օսմանյան Թուրքիայի իրավահաջորդը չեն: Երկրորդ` միջազգային իրավունքում որեւէ նշում չկա, որ Ցեղասպանության ճանաչման դեպքում պետք է փոխհատուցում տրվի: Եվ երրորդ՝ ըստ էության, Թուրքիայի Հանրապետության դատարանն ի վերջո դատապարտել է Ցեղասպանության համար մեղավորներին` զանգվածային սպանությունների կազմակերպման համար, պարզապես այդ ժամանակ չի եղել «ցեղասպանություն» տերմինը»: Այդ դեպքում ինչո՞ւ Թուրքիան չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը` տրամաբանական հարց ուղղեցին երիտասարդները:

Ըստ Աղասի Ենոքյանի` «Դա ունի բարոյական հետեւանք, Թուրքիան չի ցանկանում բարոյական պատասխանատվություն վերցնել իր վրա, բարոյականությունը շատ կարեւոր նշանակություն ունի քաղաքականության մեջ, այդ իսկ պատճառով Թուրքիան չի ցանկանում այդ բեռն իր վրա վերցնել, որովհետեւ Ցեղասպանության ճանաչումն առաջին հերթին կարեւոր բարոյական երաշխիք է տալիս, որ դա չի կրկնվելու»:
Այնուհետեւ Արտակ Այունցը ներկայացրեց որոշ առեւտրային ցուցանիշներ Թուրքիայի հետ փակ սահմանների պայմաններում: Նա երիտասարդներին տեղեկացրեց, որ Հայաստան ներկրվող ապրանքների թվերի մասշտաբներով, ՀՀ պաշտոնական վիճակագրության համաձայն, Թուրքիան վեցերորդ հորիզոնականն է զբաղեցնում, իսկ Հայաստան վերջին տարվա կտրվածքով ներկրված ապրանքների արժեքը կազմել է 200 մլն դոլար, մինչդեռ 2004 թվականին այդ թիվը կազմել է ընդամենը 40 մլն դոլար:

Սեմինարի ընթացքում երիտասարդները հնարավորություն ունեցան դիտելու Տիգրան Պասկեւիչյանի ու Արա Շիրինյանի «Փակ սահմանի երկխոսություն» ֆիլմը, որում ներկայացվում է Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունների պատմությունը անկախությունից մինչեւ արձանագրությունների ստորագրման փուլ: Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների բացակայության եւ դրանով պայմանավորված՝ «25 տարի շարունակվող լռության» մասին ֆիլմի դիտումից հետո ծավալվեց քննարկում:

Հարցվածների 60%-ը հավանություն է տվել թուրքերի հետ բիզնես անելուն

Սեմինարի ընթացքում Արտակ Այունցը ներկայացրեց Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի` ՀՌԿԿ Հայաստան հիմնադրամի 2014-2015թթ. սոցիոլոգիական հարցման միջոցով իրականացրած ուսումնասիրությունները պատահականորեն ընտրված 1200 չափահաս քաղաքացիների շրջանում: Պատկերը բավական ուշագրավ էր: Օրինակ՝ հարցվածները որոշակիորեն հակադիր կարծիք են հայտնել սահմանի բացման մասին, նրանցից 51%-ը լիովին (15%) կամ ավելի շուտ (36%) հավանություն է տալիս, իսկ 33%-ը բոլորովին կամ ավելի շուտ հավանություն չի տալիս սահմանի բացմանը: Երկու բեւեռների միջեւ կա նաեւ չեզոքների համեմատաբար փոքր խումբ, ինչը վկայում է, որ Հայաստանի հասարակությունը սահմանի բացման վերաբերյալ միակարծիք չէ:
Կովկասյան բարոմետրը 2010-ին հարցրել էր՝ «Որքանո՞վ եք հավանություն տալիս Հայաստանի եւ Թուրքիայի սահմանի բացմանը»: Արդյոք փոխվե՞լ է վերաբերմունքը վերջին չորս տարիների ընթացքում: Պարզվում է, որ սահմանի բացմանը հավանություն չտվածների բաժինը 2014-ին նկատելիորեն ավելի քիչ է (33%), քան 2010-ին (45%):

Համեմատելով սահմանի բացմանը հավանություն տալու ցուցանիշն ըստ մարզերի` պարզվել է, որ Թուրքիային սահմանակից մարզերի բնակիչներն առավել հետաքրքրված են սահմանի բացմամբ, քան այդ երկրի հետ սահման չունեցող մարզերինը: Բացի այդ, ՀՀ բնակչությունը, ըստ հարցումների, շարունակում է լավատեսորեն գնահատել սահմանի բացման հավանական ազդեցությունը: Այսպես, 2014-ին հարցվածների 64%-ը եւ 2012-ին հարցվածների 61%-ը հավատացած են եղել, որ Թուրքիայի հետ սահմանի բացումը դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա: Ավելին՝ 2014-ին 2012թ. համեմատ նվազել է այն ռեսպոնդենտների տեսակարար կշիռը, ովքեր ասել են, թե սահմանի բացումը կվնասի Հայաստանի տնտեսությանը, քաղաքականությանը կամ անվտանգությանը:

Գալով հարաբերությունների կարգավորման հավանական ազդեցությանը ներկայիս մի շարք գործընթացների վրա, ապա հարցվածները կարծում են, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը մեծապես կազդի երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական համագործակցության, ինչպես նաեւ Հայաստանի միջազգային առեւտրի վրա: Թեեւ տնտեսական գործոններն առաջին տեղում են, սակայն Ցեղասպանությունը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը նույնպես դիտարկվում են որպես կարգավորման ազդեցության գործոններ:

2015թ. հետազոտության եւ 2010թ. Կովկասյան բարոմետրով հավաքագրված տվյալների համադրությունը ցույց է տալիս, որ հարցվածների մեծ մասը (2010թ-ին` 56%-ը եւ 2014թ.-ին` 60%-ը) հավանություն է տվել թուրքերի հետ բիզնես անելուն:

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը, ապա հարցվածների 96%-ը հաստատել է, որ եթե Հայոց ցեղասպանությունը ճանաչվի, ապա հավանություն կտա, որ Հայաստանի կառավարությունը եւ/կամ Սփյուռքը հատուցում պահանջեն Թուրքիայից: Հարցման մասնակիցներին խնդրել են դասակարգել հատուցման հնարավոր ձեւերն ըստ առաջնայնության, եւ պարզվել է, որ Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումն ամենաառաջնային գործողությունն է, որն ակնկալվում է Թուրքիայից (բոլոր պատասխանների 42%-ում այն ամենակարեւորն է համարվել, մինչդեռ շրջափակման դադարեցումը հարցվածների ընդամենը 2 տոկոսն է կարեւորել):

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 03.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930