Լրահոս
Օրվա լրահոսը

Այս տարի ավելի քիչ են մահացել, քան նախորդ տարի, բայց 101 հազարով բնակչությունը պակասել է

Նոյեմբեր 04,2016 15:30

Այս տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի բնակչությունը կազմել է 2 միլիոն 993 հազար 900 մարդ, ավելի պակաս, քան նախորդ տարի էր: 2015-ին մեր բնակչության թիվը 3 միլիոն 40 հազար էր: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2016 թվականի հունվար-սեպտեմբերին» զեկույցից, որում ուշագրավ տվյալներ կան:
Քաղաքային բնակչությունը, համաձայն զեկույցի, կազմում է 1 միլիոն 904.6 հազար մարդ եւ գյուղականը` 1 միլիոն 089.3 հազար:

Պակասել է նաեւ Երեւանի բնակչության թիվը. եթե անցյալ տարի մայրաքաղաքում ապրում էր 1 միլիոն 76 հազար 500 մարդ, ապա այս տարի, հունվար-սեպտեմբերի տվյալներով, Երեւանի բնակչության թիվը կազմում է 1 միլիոն 740 հազար 600 մարդ:
Արագածոտնի մարզի քաղաքային համայնքներում եւս բացասական ցուցանիշ է գրանցվել: Այս տարի բնակչության թիվը կազմել է 28 հազար 600 մարդ, անցյալ տարի 29 հազար էր: Այս մարզի գյուղական համայնքներում թե՛ այս, թե՛ անցյալ տարի մարդկանց թիվը նույնն է մնացել` 106 հազար մարդ:

Արարատի մարզի քաղաքային համայնքներում 300 մարդով է բնակչության թիվը կրճատվել. անցյալ տարի 73 հազար 300 մարդ էր այս մարզում ապրում, այս տարի 73 հազար է հաշվառված: Արարատի մարզի գյուղական վայրերում 100 հազար մարդով պակասել է: Նախորդ տարի 186 հազար 100 մարդ էր հաշվառված, այս տարի Արարատի գյուղերում մնացել է 186 հազար բնակիչ:

Փոխարենն Արմավիրի մարզի քաղաքային բնակավայրերում է բնակչության թիվը 300 մարդով աճել: Այս տարի Արմավիրի մարզը 300 մարդով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Այս մարզի գյուղերի բնակչությունը եւս աճել է: Եթե 2015-ին այստեղ հաշվառվել է 181 հազար 600 մարդ, այս տարի բնակչության թիվը 400-ով ավելացել է` կազմելով 182 հազար:

Գեղարքունիքի մարզից եւս պակասորդ ենք տվել: Այս մարզից էլ արտագաղթողների թիվը քիչ չէ: Եթե 2015-ին մարզի քաղաքների բնակչության թիվը կազմել է 69 հազար 400 մարդ, 2016-ին` 68 հազար 800 մարդ:

Գեղարքունիքի գյուղերում, սակայն, 100 մարդով բնակչության թիվն ավելացել է:
Լոռու մարզում եւս բնակչության անկում է գրանցվել: Այս մարզում էլ մարդկանց թվաքանակը քաղաքային բնակավայրերում պակասել է 1200 մարդով: Այս տարի մարդկանց թիվը նշյալ հատվածում կազմել է 131 հազար 900 մարդ՝ անցյալ տարվա 133 հազար 100 մարդու փոխարեն: Մարզի գյուղերից եւս բնակչության թիվը պակասել է: 2015-ին Լոռու մարզի գյուղերում բնակվել է 93 հազար 100 մարդ, այս տարի հաշվառված բնակչության թիվը կազմել է 91 հազար 300 մարդ:

Կոտայքի մարզը, որը մայրաքաղաքին այդքան մոտ է, եւ շատ բնակիչներ են այդ մարզից գալիս մայրաքաղաք՝ աշխատելու, եւս բնակչության թվի անկում է գրանցվել: Անցյալ տարի այս մարզի քաղաքային համայնքներում մարդիկ ավելի շատ են եղել` 138 հազար 400 մարդ, այս տարի 500 մարդով պակաս են վիճակագրական տվյալները: Կոտայքի գյուղական համայնքներում եւս բնակչության թվի անկում է գրանցվել: 2015-ին գյուղական վայրերում բնակվել են 116 հազար 300 մարդ, 2016-ին 115 հազար 800 մարդ է հաշվառվել:

Շիրակի մարզը, որը հանրապետության ամենաաղքատ մարզն է համարվում, նույնպես թե՛ քաղաքային, թե՛ գյուղական բնակավայրերում հաշվառված մարդկանց թվաքանակով պակասորդ է ունեցել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Այս մարզի քաղաքային բնակավայրերում բնակչության թիվը կազմել է 141 հազար մարդ` նախորդ տարվա 142 հազարի փոխարեն: Գյուղերում էլ միասին վերցրած՝ բնակիչների թիվը 100 հազար 500 է, անցյալ տարի Շիրակի մարզի գյուղերում 101 հազար 200 մարդ էր հաշվառված: Սյունիքի մարզի քաղաքային բնակչության թիվը անփոփոխ է մնացել. թե՛ 2015-ին եւ թե՛ 2016-ին քաղաքներում բնակչության թիվը կազմել է 94 հազար մարդ: Բայց գյուղական բնակավայրերում մարդկանց թիվը 200-ով նվազել է: Անցյալ տարի Սյունիքի գյուղերում հաշվառված էր 45 հազար 500 մարդ, այս տարի` 45 հազար 300 մարդ:
Վայոց ձորի մարզի քաղաքներում այս տարի 17 հազար 700 մարդ է հաշվառվել` 200-ով պակաս, քան նախորդ տարի էր: Մարզի գյուղերում նույնպես բնակչության թիվը պակասել է՝ 33 հազար 200 մարդու փոխարեն այս տարի Վայոց ձորի գյուղերում ապրում է 32 հազար 900 մարդ:

Տավուշի մարզի թե՛ գյուղական եւ թե՛ քաղաքային բնակավայրերում էլ բնակչության թիվը պակասել է: Գյուղերում հոկտեմբերի 1-ի դրությամբ հաշվառված է 72 հազար 300 մարդ, մարզի քաղաքներում՝ 52 հազար 800 մարդ: 2015-ին Տավուշի մարզի քաղաքներում բնակվել է 53 հազար 300 մարդ, գյուղերում` 73 հազար մարդ:

Այսինքն` 2016թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 101 հազարով:
Համաձայն ԱՎԾ տվյալների՝ մեր երկրում ծնելիությունը նույնպես նվազել է. 2016 թ. հունվար-սեպտեմբերին ծնվել է 29 հազար 914 երեխա, որը 2015թ. նույն ժամանակաշրջանի համեմատ պակաս է 2.3%-ով, իսկ 2014թ. համեմատ՝ 4.9%-ով:
Նույն աղբյուրից նաեւ տեղեկանում ենք, որ 2016թ. հունվար-սեպտեմբերին 2015թ. նույն ժամանակաշրջանի համեմատ մահվան դեպքերը նվազել են 2.5%-ով, իսկ 2014թ.-ի համեմատ` 3%-ով:

 
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

03.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930