Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սպանության համար մեղադրվողը հաղթեց Հայաստանի Հանրապետությանը

Նոյեմբեր 04,2016 15:00

Դիմումատուն հնարավորություն չի ունեցել
հարցաքննել իր դեմ ցուցմունք տված վկաներին

Հոկտեմբերի 27-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երկու նոր վճիռ հրապարակեց ընդդեմ Հայաստանի:

Դրանք էին. «Տեր-Սարգսյանն ընդդեմ Հայաստանի» եւ «Վարդանյանը եւ Նանուշյանն ընդդեմ Հայաստանի» բողոքները:

ՄԻԵԴ-ն առաջին գործով արձանագրել էր, որ դիմումատուն, ում մեղադրանք էր առաջադրվել սպանության համար, հնարավորություն չի ունեցել հարցաքննելու իր դեմ ցուցմունք տված վկաներին: Դատավճիռ կայացնելիս դատարանը հիմնվել է նախաքննության ընթացքում տրված ցուցմունքների եւ դեպքի վայրի տեսաձայնագրության վրա, որը չի հետազոտվել դատաքննության ընթացքում:

ՄԻԵԴ-ը արձանագրել է Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի՝ արդար դատաքննության իրավունքի խախտում: «Տեր-Սարգսյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է ՀՀ-ին վճիռը ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում գանգատաբերին վճարել 3100 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:

Գանգատաբեր Վաղինակ Տեր-Սարգսյանի ներկայացուցիչ, փաստաբան Ղեւոնդ Պապոյանը «Առավոտին» երեկ հայտնեց, որ ՄԻԵԴ-ը վճիռը կայացրել է գանգատը ներկայացնելուց վեց տարի անց` գանգատը ներկայացվել է 2010թ. մայիսի 11-ին, իսկ վճիռը կայացվել է 2016թ. հոկտեմբերի 27-ին: Գանգատաբեր Վաղինակ Տեր-Սարգսյանը մեղադրվել է 2000թ. հոկտեմբերի 7-ին Ղազախստանում կատարված սպանության մեջ:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Վաղինակ Տեր-Սարգսյանը հանդիսացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար, քրեական գործն ուղարկվել է Հայաստանի Հանրապետություն: ՀՀ դատարանի կողմից Վաղինակ Տեր-Սարգսյանը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման: Պաշտպանն ասաց. «Դատական քննությունն իրականացվել է Ղազախստանի Հանրապետությունում հարցաքննված բոլոր տասնմեկ վկաների բացակայությամբ:

5-1-2

ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ դատարանը չի ձեռնարկել բոլոր ողջամիտ ջանքերը՝ դատական նիստերին վկաների մասնակցությունն ապահովելու համար: Ներպետական դատարանները կարող էին դիմել միջազգային իրավական օգնության Մինսկի կոնվենցիայի համաձայն եւ պատրաստակամություն հայտնել կատարելու համապատասխան փոխհատուցում՝ վկաներին դատական նիստերին մասնակցությունն ապահովելու համար, մասնավորապես, ճանապարհածախս, օրապահիկ եւ այլն: Նման պայմաններում Տեր-Սարգսյանը զրկվել է ինչպես մինչդատական վարույթում, այնպես էլ դատական քննության ընթացքում իր դեմ ցուցմունքներ տված անձանց հարցաքննելու հնարավորությունից»: Պաշտպան Պապոյանի գնահատմամբ, դատարանն անհիմն կերպով սահմանափակել էր իր պաշտպանյալի դեմ ցուցմունքներ տված անձանց հարցաքննելու իրավունքը: Հետեւաբար, տեղի է ունեցել Կոնվենցիայի խախտում: «Բացի այդ, ներպետական դատարանը մերժելով պաշտպանական կողմի միջնորդությունը՝ քրեական գործին կցված երկու տեսագրությունները հետազոտելու միջնորդությունը, զրկել էր պաշտպանական կողմին հայտնելու իր դիրքորոշումը այդ ապացույցի վերաբերյալ: Թույլ է տրվել մրցակցային դատավարության իրավունքի խախտում, հետեւաբար, այս առումով եւս տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում»,-ասաց Ղ. Պապոյանը:

Գանգատաբեր Վաղինակ Տեր-Սարգսյանի ներկայացուցիչ, փաստաբան Ղեւոնդ Պապոյանը տեղեկացրեց նաեւ, որ պատրաստվում են բերել վճռաբեկ բողոք՝ Տեր-Սարգսյանի նկատմամբ կայացված դատական ակտը վերանայելու համար:
Ինչ վերաբերում է «Վարդանյանը եւ Նանուշյանն ընդդեմ Հայաստանի» գործին, հիշեցնենք, որ դիմումատուները զրկվել էին սեփականության իրավունքով իրենց պատկանող հողամասից եւ բնակելի տնից, որը գտնվել է պետական կարիքների համար նախատեսված իրացման գոտում: Դիմումատուները նաեւ բողոքել են արդար դատաքննության իրավունքից զրկված լինելուց:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

03.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930