«Հովեր» պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար
Սոնա Հովհաննիսյանն ու ջազմեն Վահագն Հայրապետյանը համատեղ նախագիծ կիրականացնեն:
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչներ, «Հովեր» պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար Սոնա Հովհաննիսյանն ու ջազմեն Վահագն Հայրապետյանը աշխատում են մի նախագծի վրա, որը հանդիսատեսին կներկայացվի դեկտեմբերի սկզբներին: Այս լուրն արդեն «շրջանառության» մեջ է դրված երաժիշտների շրջանում: Դժվար չէր գլխի ընկնել, որ երաժշտարվեստի տարբեր ոլորտներում ստեղծագործող ճանաչված երաժիշտներին միավորողը այս դեպքում ջազային երաժշտությունն է:
«Առավոտը» հանդիպեց նրանց հետ:
Ինչ վերաբերում է նրանց միավորվելուն, թեեւ սա առաջին համատեղ նախագիծն է, բայց Սոնա Հովհաննիսյանն ու Վահագն Հայրապետյանը երկար ճանապարհ են անցել՝ սկսած ուսանողական տարիներից, ղարաբաղյան շարժումից, նստացույցերից, պատերազմի տարիներին Ղարաբաղում ելույթներից, այն դեպքում, երբ հաճախ ճանապարհն ու համերգները ուղեկցվում էին թշնամու կրակոցներով ու արկերի պայթյուններով …
Թեեւ այս երաժիշտներին ներկայացնելու հարկ չկա, բայց նշենք, որ 1992-ից «Հովերը» իրականացնում է նորանոր ծրագրեր, ավելին՝ երբեք չկրկնվող, այսպիսով հարստացնում հայ խմբերգային երաժշտության ներկապնակը: Սոնա Հովհաննիսյանը մի առիթով մեզ ասել է, թե երգչախումբը մշտական դիմում է փորձարարութւունների՝ դասականից մինչեւ, իր խոսքերով՝ «ամենախուժանականը», ու հավելել, թե վերջին բառը լավ իմաստով է հնչեցնում:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է Վահագն Հայրապետյանի արվեստին, ժամանակին, երբ դաշնակահար, ՌԴ ժողովրդական արտիստ Դանիել Կրամերն ու հայ ջազմենը հանդես եկան դուետով, մեզ հետ զրույցում Կրամերը ջազմենի մասին ասել էր. «Ես դասական երաժիշտ եմ, որը եկել է ջազ, իսկ Վահագնը ջազմեն ծնվել է: Ես ամեն ինչ այնքան լավ չեմ նվագում, ինչպես բնածին ջազմենները: Մենք նման չենք, եւ դրանում է մեր հաջողությունը»:
Նշենք նաեւ, որ հոկտեմբերի 6-ին մեկնարկած Արամ Խաչատրյանի անվան 4-րդ երաժշտական փառատոնի առաջին համերգը կրում էր «Խաչատրյանը եւ ջազը» խորագիրը, որտեղ ջազմեններ՝ դաշնակահար Վահագն Հայրապետյանը, սաքսոֆոնահար Արմեն Հյուսնունցը Հայաստանի պետական երկու կոլեկտիվների՝ Երիտասարդական եւ Ջազ նվագախմբերի հետ հանդես եկան խաչատրյանական երկերի ջազային մշակումների կատարումներով:
Անդրադառնալով դեկտեմբերի սկզբներին կայանալիք համերգին էլ, Սոնա Հովհաննիսյանը նշեց, որ հնչելիք տասը երգերը ընտրված են երաժշտագետ, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Ալինա Փահլեւանյանի երկու ծավալուն աշխատանքներից:
«Այդ 10 ստեղծագործությունները հնչելու են առաջին անգամ: Ինձ գրավեց երգերի մեղեդիական ճկունությունն ու իմաստը, այսինքն՝ տարբեր հոգեվիճակները՝ սեր, մարդկային պարզ հարաբերություններ, հումոր եւ այլն»,- իր հերթին ասաց ջազմենը: Հիշեցրինք, որ նա դեռեւս 16 տարեկանից է սկսել հանդես գալ հայկական երգերի ջազային կատարումներով, եթե չենք սխալվում, առաջինը «Աման Թելոն» էր եւ ջազային ինչ մշակումների է ենթարկել դեռեւս չլսված ժողովրդական երգերը, Վահագն Հայրապետյանն ասաց, որ նոր մշակված այդ ստեղծագործությունները, իր խոսքերով՝ դեռեւս չտրորված ճանապարհ են. «Ընտրել ենք այդ ճանապարհը, ինչը նաեւ պատվաբեր է եւ դեռ ինչքան ժողովրդական, ազգագրական նյութ ունենք, որ պետք է պեղել, գտնել, ներկայացնել…»:
Դիտարկմանը՝ տրադիցիոն ջազային կատարումներով աշխարհին եւ ոչ մի հայ ջազմեն չի զարմացնի, հավանաբար ազգագրական նյութին դիմելու պատճառներից մեկն էլ հենց դա է, ջազմենը պատասխանեց. «Մենք ներկայացնում ենք, այլ ոչ զարմացնում: Իսկ այս տասը երգերը կներկայացնենք ավանգարդ- ֆոլք ժանրում»:
Վահագն Հայրապետյանը հայտնեց նաեւ, որ փաստորեն, սա իր՝ որպես ջազմենի առաջին համագործակցությունն է երգչախմբի հետ: Սոնա Հովհաննիսյանն էլ նշեց. «Մշակումները Վահագնի կողմից այնքան արագ կատարվեցին ու սահուն, ինչը նշանակում է, որ ուղիղ ասած՝ ոչ մի սարքած բան չկա այն երաժշտության մեջ, ինչը լսելիս, համոզված եմ, կհաստատի նաեւ հանդիսատեսը»:
Զրույցի ընթացքում Սոնա Հովհաննիսյանն անդրադարձավ օրերս Կամերային երաժշտության տանը կայցած մոսկվաբնակ կոմպոզիտոր, ԽՍՀՄ կոմպոզիտորների միության անդամ Ալեքսանդր Մնացականյանի ծննդյան 80-ամյակին նվիրված երեկոյին: «Սա նույնպես երաժշտագետ Ալինա Փահլեւանյանի մտահղացումն էր: Ալեքսանդր Մնացականյանը Շոստակովիչի միակ հայազգի ասպիրանտն է եղել: Երեկոյին մասնակցեցինք մենք՝ «Հովերը», ինչպես նաեւ երաժիշտներ Սանկտ Պետերբուրգից: Հայաստան էր ժամանել տեղի կոնսերվատորիական նվագախումբը»,- տեղեկացրեց խմբավարը:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ»
03.11.2016