Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Խնդիրներից ծնված երազանք

Նոյեմբեր 04,2016 13:00

Լամարա Հովհաննիսյանը 16 տարեկան է: Սովորում է Արմավիրի մարզի Ակնաշենի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանում: Դեռ վաղ պատանեկությունից երազում է դառնալ մշակույթի նախարար: Դպրոցներում, հատկապես մարզերի դպրոցներում, մշակույթ բառն ինքնին ակնածանք է առաջացնում: Խորհրդային ժամանակներից մնացած անկենդան մշակույթի տներ, մանկապատանեկան խմբակների իսպառ բացակայություն: Դպրոցում հետաքրքիր առարկաներ կան, բայց 16-ամյա աղջնակը մեծ բացթողում է համարում արվեստի դասերի բացակայությունը. «Դասավանդվող առարկաներից բացի, շատ կուզենայի ունենայինք պարի, երաժշտության, կերպարվեստի դասեր: Գյուղի երեխաները կիլոմետրերով հեռու են թատրոններից ու կինոթատրոններից, որքան մայրաքաղաքից հեռու, այնքան ավելի անմխիթար է վիճակը»: Լամարան 7-ամյա երաժշտական կրթությունը ստացել է կողքի գյուղի երաժշտական դպրոց հաճախելով:

Շատ խնդիրներ կան գյուղում, բայց մշակութային քաղցը նրա մոտ ավելի սուր է արտահայտվում: «Մեր քաղաքական գործիչները, հատկապես կանայք, պետք է մեծ ուշադրություն դարձնեն այս խնդրին: Կիսակառույց եկեղեցին կես դար է, ինչ այդպես էլ մնացել է, 30 տարուց ավելի է գյուղում չի գործում մանկապարտեզը, եւ սա ոչ միայն մեր գյուղի խնդիրն է: Այն ավելի լայն մասշտաբներ է զբաղեցնում, Հայաստանի գյուղերի մեծ մասն այսօր այդ վիճակում է: Իսկ մենք ապրում ենք լուսավոր 21-րդ դարում: Պետք է բոլոր գյուղերում արվեստի դպրոցներ լինեն: Երեւի ես մի օր այս հարցը անպայման կլուծեմ»:
Արմավիրի մարզը ՀՀ ամենամեծ մարզերից է, ունի 3 քաղաքային եւ 94 գյուղական համայնք, 99 մշակութային տուն, 102 գրադարան, 8 թանգարան, 23 երաժշտական, արվեստի եւ գեղարվեստի դպրոց, 2 թատերախումբ եւ 3 տիկնիկային թատրոն: Ակնաշենի շուրջ գտնվող 5 գյուղերում նույնպես կան մշակույթի տներ՝ դատարկ, անհրապույր, անհյուրընկալ: Հայտնի չէ՝ տարին մեկ անգամ գոնե այնտեղ միջոցառման լույսեր վառվո՞ւմ են, թե՞ ոչ, երաժշտություն հնչո՞ւմ է, թե՞ ոչ, իսկ ֆիլմերի ցուցադրության մասին խոսք անգամ չկա:

Ազգային ժողովի 131 պատգամավորներից միայն 13-ն է կին: «Քաղաքականության մեջ անպայման պետք է կին լինի,-ասում է Լամարան,- բայց ամեն բան իր տեղն ունի, կինը չպետք է կորցնի իր կանացիությունը, կնոջն ի վերուստ տրված է մայր լինելու շնորհը, որը չպետք է անտեսել եւ որ ավելի վատ է՝ արհամարհել: Ես ընդունում եմ, որ տղամարդիկ խելացի են, բայց կինը կարող է այնպիսի խնդիրների վրա ուղղել տղամարդկանց հայացքները, որ իրենց մտքով անգամ չի անցնում: Կանայք ավելի ուշադրություն են դարձնում, օրինակ, հենց մշակույթին, էկոլոգիային, կենդանիների պաշտպանությանը: Հետո էլ կինն ավելի խաղաղարար է իր բնույթով, պատերազմողը տղաներն են (չարաճճի ժպտում է-Շ.Կ.)»: Համաշխարհային պատմության մեջ կին քաղաքական գործիչներից Լամարային հատկապես տպավորել է Նենսի Աստորը՝ Բրիտանական պառլամենտի առաջին կին պատգամավորը: Իսկ հայ քաղաքական գործիչներից համակրում է արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին:

Լամարան գիտի, որ քաղաքականություն տանող ճանապարհն այնքան էլ հեշտ չէ: Արդեն իսկ մշակել է իր ապագա գործունեության աստիճանական առաջընթացը. «Նախ պետք է համապատասխան մասնագիտություն ձեռք բերեմ, սովորեմ, անընդհատ հետեւեմ նորություններին, սկսեմ փոքր բաներից, օրինակ՝ մեր գյուղում կփորձեմ ինչ-որ բան փոխել: Լավ քաղաքական գործիչ լինելու համար պետք է նախ ունենալ կամքի ուժ, համառություն, աշխատասիրություն, պետք է նպատակասլաց լինել, եւ ամենակարեւորը՝ պետք է մտածել ժողովրդի մասին, որը վերեւներում աթոռին նստածները հաճախ են մոռանում: Այդ աթոռը շատերին է վերափոխում, գուցե աթոռի՞ց է»:

Լամարայի ծրագրերն առայժմ այլ են. ուզում է դառնալ էքսկուրսավար: Լավ ծանոթանալ Հայաստանի ամեն քար ու թփին, յուրաքանչյուր խնդրին ինքն անձամբ է ուզում առնչվել ու հնարավորինս ինքնուրույն լուծել այն, քանի որ իր ասելով՝ քաղաքականությամբ զբաղվող կինը պետք է առաջինը ինքը ելքեր գտնի ցանկացած իրավիճակից:

 
ՇՈՒՇԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

«Առավոտ»

03.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930