Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅԴՈՒՀԱՆԴԵՐՁ

Նոյեմբեր 04,2016 10:30

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ 

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք տասնութերորդ

Գլուխ հիսունյոթերորդ

ԱՅԴՈՒՀԱՆԴԵՐՁ

Չնայած ճարտարապետ Կորյունը միանգամայն նոր երանգ եւ նույնիսկ նոր իմաստ է գումարել մեր շրջապատին, եւ չնայած երեկվա մեր հավաքն ու խաշն էապես էին տարբերվում մեր նախորդ հավաքներից ու խաշերից, եւ չնայած հիմնականում ճարտարապետ Կորյունի շնորհիվ էին տարբերվում, Կորյունի մասին էլ առանձնապես չեմ ծավալվի, որովհետեւ սովորություն չունեմ գրել էն մարդկանց մասին, ում լավ չեմ ճանաչում, իսկ ինչ վերաբերում է անձամբ ճարտարապետ Կորյունին, նրա մասին առայժմ էսքանով կսահմանափակվեմ ու կբավարարվեմ՝ եւս մի անգամ նշելով ու շեշտելով, որ ինքը նոր գույն ու նոր երանգ է հաղորդել մեր շրջապատին, եւ չնայած մերթ ժամանցային ու մերթ հույժ մաթեմատիկական իր հանելուկներով արդեն հոգնեցնում ու ձանձրացնում է ներկաներիս, այդուհանդերձ, Օրթախ Աբոն, որ  մեր շրջապատից ոչ բոլորին էր խաշի հրավիրել, ճարտարապետ Կորյունին առաջինն էր զանգել ու հրավիրել, որովհետեւ, չնայած Օրթախն էլ է ընդունում, որ ճարտարապետ Կորյունն իր անվերջանալի հանելուկներով երբեմն իրոք համը հանում է, եւ չնայած Կորյունի քաղաքական տեսակետներն էլ Օրթախի սրտով չեն, այդուհանդերձ, Օրթախն էլ է գիտակցում, որ ճարտարապետ Կորյունը մեր շրջապատի համար միանգամայն նորություն ու թարմություն է, եւ չնայած Կորյունի էդ՝ մերթ հույժ մաթեմատիկական ու մերթ էլ գիտահանրամատչելի հանելուկներն ամենից ավելի Օրթախի նյարդերի վրա են ազդում, այդուհանդերձ, ամենից արագ ու ամենից հաջող հենց Օրթախն է լուծում Կորյունի էդ մշտական ու անվերջանալի հանելուկները, եւ չնայած ամեն օր բոլորս Կորյունին խնդրում ու աղաչում ենք, որ այլեւս մեզ հանելուկներ չառաջադրի, եւ չնայած անձամբ Օրթախն ամեն օր Կորյունին հրամայում է, որ իր էդ հանելուկներին վերջ տա, ամեն անգամ ճարտարապետ Կորյունը մեղավոր ժպտալով խնդրում է՝ «էս մեկն էլ ու՝ վերջ» եւ ամեն անգամ իր հերթական հանելուկը ներկայացնելուց առաջ անձամբ Օրթախին խնդրում է՝ «Աբո ջան, դու պատասխանը չասես», եւ չնայած Օրթախը Կորյունի էդ խնդրանքից, բնականաբար, շոյվում է, այդուհանդերձ, դեմքին արհեստականորեն խստություն տալով՝ Կորյունին ասում է՝ «չես զգո՞ւմ, որ քո էս հանելուկներով արդեն զզվացնում ես», եւ ամեն անգամ ճարտարապետ Կորյունը մեղավոր ժպտալով աղաչում է՝ «էս մեկն էլ ու՝ վերջ», եւ մեղավոր ժպտալով Օրթախին խնդրում է՝ «Աբո ջան, դու պատասխանը չասես» եւ չնայած Օրթախն ի խորոց սրտի է դեմ ճարտարապետ Կորյունի էդ պերմանենտ հանելուկներին, եւ չնայած ամեն անգամ ճարտարապետ Կորյունն իր հերթական հանելուկը մեզ հրամցնելուց առաջ Օրթախին խնդրում ու աղաչում է՝ «Աբո ջան, դու չասես», այդուհանդերձ, ամեն անգամ հենց Օրթախն է վայրկենական լուծում ճարտարապետ Կորյունի հերթական հանելուկը, եւ հերթական նախադասությանս մեջ հերթական «այդուհանդերձը» հերթական անգամ օգտագործելով՝ հերթական անգամ հիշեցի ընթերցողներիցս մեկի դիտողությունն առ այն, որ էս «այդուհանդերձ» բառն էս վեպիս մեջ չափից ավելի եմ օգտագործում, եւ մշտական ընթերցողներիցս էդ մեկը՝ որ մասնագիտությամբ ջութակահար է, էդ դիտողությունն ինձ անելով՝ քմծիծաղով ավելացրեց, որ, այդուհանդերձ, էդ բառն ամենեւին անտեղի չեմ օգտագործում, եւ իր էդ «այդուհանդերձն»  անձամբ օգտագործելիս փռթկացրեց, եւ հիմա ջութակահար Կառլոսի էդ դիտողությունն ի գիտություն ընդունելով՝ հընթացս նաեւ մտածում եմ, որ մարդիկ իրավացիորեն են հոգնում շարունակական կրկնություններից՝ ինչպես որ մենք ենք իրավացիորեն ու արդարացիորեն հոգնում ճարտարապետ Կորյունի անվերջանալի հանելուկներից:

 

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930