Լրահոս
Օրվա լրահոսը

Անձրեւանոց երթուղայինում

Նոյեմբեր 03,2016 23:23

Եղանակային այսպիսի պայմաններում հանրային տրանսպորտը ավելի մեծ կարեւորություն եւ պահանջարկ է ստանում: Ինչպես բոլորը՝ նախ փորձեցի ամենաարագ տարբերակը՝ տաքսին, որը ճիշտ է, ոչ միշտ է արագ, մոտ տաս տաքսի ծառայություններ զանգահարելուց հետո հասկացա, որ ավելի հեշտ է դուրս գալ փողոց եւ այնտեղ տեսնել գլխի ճարը:

Նստեցի առաջին պատահած 10 համարի երթուղայինը: Սկզբում շատ էի ուրախացել՝ ազատ տեղեր կան, բայց հետո ոնց պարզվեց՝ պատահական չէ, որ այդ տեղերն ազատ է՝ վերեւից կաթում է: Տեղափոխվեցի մյուս նստարանին, որ ոչ թե գլխիս այլ պայուսակիս կաթար:

Շուտով երթուղային տաքսի նստեց, այսինքն՝ կանգնեց, նաեւ մի երիտասարդ, որը մի քանի րոպե որոշում էր, թե ավելի լավ է ջուրը կաթա մեջքին, թե դեմքին, սակայն շուտով կողքիս նստարանը ազատվեց, եւ այս երիտասարդն էլ սկսեց խնդրին լուծումներ ման գալ: Առաջին տարբերակը երթուղայինում անձրեւանոց բացելն էր, հարեւանությամբ նստած կինն էլ առաջարկեց իր անձրեւանոցը:

Եվ խնդիրը որոշ ժամանակով գրեթե լուծված լիներ, եթե վարորդը չառարկեր. «Զոնտիկը փակի՛»: Վարորդը բացատրեց դա նրանով, որ ինչ տարբերություն, այսպես, թե այնպես մեկի գլխին կաթալու է, անձրեւանոցն ավելորդություն է: Տղան բացատրում էր, որ այնպես է պահել, որ ջուրն դատարկ տարածությունում կաթա, եւ ոչ ոք չթրջվի, բայց վարորդն անդրդվելի էր՝ չնայած այն բողոքներին, թե ավտոմեքենան սարքեք, նոր քշեք: Անձրեւանոցը փակվեց, տղան մեծ հաճույքով իր տեղը զիջեց հաջորդ կանգառում երթուղային նստող կնոջը, իսկ մեկ այլ ուրիշ ուղեւոր զգուշացրեց կնոջը. «Զգուշ եղե՛ք, կաբրիոլետ ա»:

Հասավ իմ կանգառը, ես իջա՝ լսելով «Դուք էլ պրծաք» արտահայտությունը: Դրանից ժամեր անց տուն էի վերադառնում արդեն մետրոյում: Զորավար Անդրանիկ կայարանում եւս կաթում էր, ի տարբերություն երթուղայինի այստեղ լճակները ստեղծվել էին հենց կայարանի մուտքում, իսկ աշխատողները նույնիսկ տաշտ էին դրել, որպեսզի այդ ջրի լճակները ծովեր չդառնան:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930