ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն այն եզակի պատգամավորներից էր, որն այսօր՝ ՀՀԿ-ի հիմնադիր Աշոտ Նավասարդյանի մահվան տարելիցի օրը, այցելեց նրա շիրմաքարին:
Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ինչու են այս տարի ՀՀԿ-ականներն այսքան քիչ Եռաբլուրում, պարոն Ավետիսյանը չհամաձայնեց, որ քիչ են՝ մատնացույց արեց իրեն, Գալուստ Սահակյանին ու Ռուզաննա Մուրադյանին, հետո ասաց, որ մյուսներն էլ այլ ժամերի կգան:
Պարոն Ավետիսյանից նաեւ հետաքրքրվեցինք, թե ՀՀԿ-ն արդյոք այսօր այնպիսին է, ինչպիսին Աշոտ Նավասարդյանը կուզենար տեսնել. «Գաղափարախոսական առումով որեւէ փոփոխություն չկա: Այն, ինչ ստեղծելիս իր առջեւ դրել էր Աշոտ Նավասարդյանը եւ կուսակցության հիմնադիրները, դրանք կյանքի են կոչվել: Իհարկե, այլ բան է, որ այն ժամանակ սակավաթիվ էր կուսակցությունը եւ հիմա արդեն 100.000-ից ավելի կուսակցականներ են: Շատ դեպքերում, միգուցե խնդիրներ առաջանան, ինչու չէ նաեւ որակական խնդիրներ, բայց ընդհանուր առմամբ, այն խնդիրները, այն ծրագրերը, որոնք Աշոտ Նավասարդյանն ու կուսակցության հիմնադիրներն իրենց առջեւ դրել են, այսօր էլ պահպանվում են, շարունակվելու են, եկող սերունդներն էլ են շարունակելու, որովհետեւ հստակ նպատակ էր տեսնել անկախ Հայաստան, ուժեղ Հայաստան, տեսնել ուժեղ ժողովուրդ, եւ պարտավոր ենք ցանկացածս դա կյանքի կոչել»:
Մեր հարցին, բայց այսօր ունե՞նք ուժեղ Հայաստան կամ անկախ Հայաստան, քննադատություններ կան, որ 2013 թվականի սեպտեմբերի երեքին ԵՏՄ-ին անդամակցելով՝ Հայաստանը կորցրեց իր անկախությունը, պարոն Ավետիսյանը պատասխանեց. «Թյուր կարծիք է, մենք այլ կառույցի մեջ մտնելով՝ չենք զիջում մեր անկախությունը կամ մեր մարտունակությունը, որեւէ դիրք: Խնդիր չկա»:
Կարդացեք նաև
Պարոն Ավետիսյանից նաեւ հետաքրքրվեցինք՝ համամի՞տ է ընդդիմադիր գործիչների կարծիքին, որ Աշոտ Նավասարդյանը, եթե կենդանի լիներ, ամոթանք կտար այսօրվա ՀՀԿ-ականներին, կամաչեր նրանց համար, ի պատասխան պատգամավորն ասաց. «Ամեն մարդ իր տեղում իր հայրենիքի համար պայքարել է, այնպես որ նման խնդիրներ չկան»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ