Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման մասով Իրանը պատրաստ է Հայաստանին ամեն կերպ աջակցել, բայց ոչ ֆինանսապես: Իրանն ինքը մեծ ֆինանսների կարիք ունի: Այսօր խորհրդարանում, 2017 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
Հարցին` ինչպե՞ս է, որ Իրան-Ադրբեջան երկաթուղու շինարարությունը սկսվել է, փոխարտգործնախարարը պատասխանեց, որ այդ հատվածում ճանապարհն անցնում է հարթավայրով, Ադրբեջանն էլ ֆինանսավորում է Իրանում նախագծի իրականացումը: Իրան-Հայաստան հարաբերությունները փոխարտգործնախարարի գնահատմամբ, քաղաքակրթությունների երկխոսության փայլուն օրինակ են:
Շավարշ Քոչարյանը վստահեցնում է, որ Եվրասիական տնտեսական միությունը Հայաստանի նախաձեռնությամբ է սկսել քննարկել Իրանի հետ արտոնյալ առեւտրային ռեժիմի համաձայնագիր ունենալու հարցը: Նա պատասխանում էր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանի հարցին: Շավարշ Քոչարյանի համոզմամբ, Հայաստանը կարող է Իրանի հյուսիսային շրջաններին էլեկտրաէներգիա մատակարարել: Փոխարենը, Իրանը համարժեք չափով էլեկտրաէներգիա կմատակարարի Իրաքին:
Այսինքն, Հայաստանը կդառնա Իրաքին էլեկտրաէներգիա մատակարարող: «Լուրջ աշխատանք կատարվում է և դա է պատճառը, որ հաճախակի այցելություններ են լինում»,- ասաց Շավարշ Քոչարյանը`հավելելով, որ Հայաստանը, որպես նախաձեռնող, որպես Եվրասիական տնտեսական միության անդամ երկիր, որն ունի ցամաքային սահման Իրանի հետ, իսկապես շահագրգռված է այս համագործակցությամբ:
Կարդացեք նաև
Շավարշ Քոչարյանն ասաց, համաձայնագրի քննարկումների ժամանակ Իրանը տարբեր ապրանքատեսակների շուրջ վարում է առանձին բանակցություններ միության անդամ տարբեր երկրների հետ. «Բնականաբար, մենք ձգտելու ենք ստանալ առավելագույն արտոնություններ՝ կապված ապրանքների արտահանման հետ, որովհետև դուք գիտեք, որ Իրանում բարձր են բոլոր մաքսատուրքերը, քանի որ այդ երկիրը նման կերպ պահպանում է իր ներքին շուկան:
Գտնվելով պատժամիջոցների տակ՝ Իրանը հայտնվել է ինքնաբավ տնտեսություն ստեղծելու իրավիճակում և մինչ օրս էլ խստորեն պահպանում է իր ներքին շուկան: Այդ բանակցությունները բավականին բարդ են, սակայն մենք ակնկալում ենք, որ կունենանք որոշակի արդյունքներ թե երկկողմ համագործակցության, թե ԵԱՏՄ-ի հետ սպասվող համաձայնագրի առումով»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ