Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բնակիչ, 1983թ. ծնված Խաչիկ Արտավազդի Նալբանդյանը Տավուշի մարզում տեղակայված ՀՀ պաշտպանության նախարարության սահմանապահ զորամասերից մեկում ծառայել է որպես հրաձգային գումարտակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, կոչումով մայոր: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ զինվորական ծառայությունից խուսափելու նպատակով 2015թ. օգոստոսի 12-ից այլեւս զինծառայության չի ներկայացել, 2016թ. մարտի 12-ին իրավապահ մարմինների կողմից հայտնաբերվել է եւ բերման ենթարկվել:
Խ. Նալբանդյանը կալանքի տակ է, գտնվում է ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 362 հոդվածի 1-ին մասով («Դասալքությունը՝ զինվորական ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակով զորամասը կամ զինվորական ծառայության վայրն ինքնակամ թողնելը, ինչպես նաեւ նույն նպատակով ծառայության չներկայանալը»): Սույն քրեական հոդվածով բնութագրված արարքի համար որպես պատիժ նախատեսվում է 3-6 տարի ազատազրկում:
Մինչ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում դատաքննությունը սկսվելը Խ. Նալբանդյանը միջնորդել է դատաքննությունն անցկացնել արագացված կարգով, հայտարարել, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է իր պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետեւանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է դրա հետ: Դատարանը բավարարել է այդ միջնորդությունը:
Դատարանը Խ. Նալբանդյանի պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող հանգամանքներ է համարել նրա խնամքին 2 եւ 7 տարեկան 2 տղաների առկայությունը, ինչպես նաեւ այն, որ նա ընդունում է մեղքը, անկեղծորեն զղջում է կատարածի համար, վերադաս հրամանատարության կողմից պարգեւատրվել է «ՀՀ զինված ուժերի 20 տարի» հոբելյանական մեդալով, «Ծովակալ Իսակով» մեդալով, «Անբասիր ծառայության համար» առաջին աստիճանի մեդալով, ստացել է դրամական պարգեւներ:
Կարդացեք նաև
Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ հոկտեմբերի 26-ին Բերդ քաղաքում Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է Խաչիկ Նալբանդյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 362 հոդվածի 1-ին մասով եւ նրան դատապարտել ազատազրկման 3 տարի ժամկետով:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ