Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Այլընտրանքային «ընթերցանության» ժամանակը

Նոյեմբեր 03,2016 20:08

Նոյեմբերի 3-ին Ժան Պոլ էքզիստենցիալ սրճարանում տեղի ունեցավ grqaser.org կայքի շնորհանդեսը:

Այն հիմնադրվել է դեռևս 2015 թվականին՝ «Գրքասեր» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ: «Կայքը երբևէ չի գովազդվել: Սա առաջին անգամն է, որ ներկայացնում ենք զանգվածային լրատվամիջոցներին, որը հնարավորություն կտա ավելի մեծ թվով մարդկանց տեղեկանալ կայքի գոյության մասին»,-ասաց «Գրքասեր» հ/կ-ի անդամ Գոռ Հարությունյանը:

1 2 4

Կայքի աշխարհագրությունը բավականին ընդարձակ է: Այն ընդգրկում է այն բոլոր երկրները, որտեղ հայկական համայնքներ կան՝ սկսելով ԱՄՆ-ից, Ռուսաստանի Դաշնությունից և տարօրինակ կերպով հասնելով մինչև Թունիս: «Մենք ընտրում ենք մինչև 1991 թվականը տպագրված գրքեր, որպեսզի չվնասենք հրատարակչական գործին: Իհարկե, դեռ կան մարդիկ, ովքեր համոզված են, որ տպագիր գիրքն ուրիշ է՝ իր հոտով, թերթերով, այնուամենայնիվ grqaser.org-ի գործառույթներն այլ են և «չեն խանգարում» տպագիր գիրք կարդացողներին»,-հավելեց Գոռը:

Կայքը հնարավորություն է տալիս գրքեր լսելու այն մարդկանց, ովքեր չունեն ժամանակ կարդալու կամ տեսողական խնդիրներ ունեն, ինչպես նաև նրանց, ովքեր խոսում և հասկանում են հայերեն, բայց կարդալ չեն կարողանում: Գրքերն ընթերցում են ինչպես հայտնիները, այնպես էլ սովորական ընթերցողներ, որոնք համապատասխան ձայնային տվյալներ ունեն:

Հատկանշական է, որ գրքերը ձայնագրվում են ինչպես արևելահայերեն, այդպես էլ արևմտահայերեն: Հաղորդավարուհի Սևան Քէլէշեանը ինքն է գտել կայքը և ընդգրկվել այս ծրագրում. «Երբ Հայաստան եկա, միջոցներ էի փնտրում, որ արևմտահայերենը տարածեմ Հայաստանին մեջ: Իմացա կայքի մասին, ու ինձ շատ հարազատ էր և’ գրքի գաղափարը, և, հատկապես, արևմտահայերեն գրքի: Շատ ուրախ եմ, որ իրենք էլ գիտակցեցին արևմտահայերենի կարևորությունը: Սկսեցինք Հակոբ Պարոնյանի պատմվածքներից, նկատի ունենալով, որ համեմատաբար ավելի հեշտ է»:

Երեխաները նույնպես ընդգրկվել են այս ծրագրում: Նրանք թարգմանում են մուլտֆիլմեր, ձայնագրում, երբեմն նույնիսկ մասնակցում են մոնտաժման աշխատանքներին: Կայքի յութուբյան ալիքում հնարավոր է տեսնել նրանց աշխատանքները, որոնցից մեկը ցուցադրվեց հենց շնորհանդեսի ընթացքում:

Մարիամ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Լուսանկարները՝ Հասմիկ Սիրունյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930