Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը ծավալուն հարցազրույց է տվել ՀՖՖ պաշտոնական կայքին՝ խոսելով ակումբներում և հավաքականում իր կարիերայի, մարզչական գործունեության և Հայաստանի ազգային հավաքականում իր ծրագրերի մասին:
Արթուր Պետրոսյանը՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում
-Ստանձնում եք հավաքականի գլխավոր մարզչի ղեկը մեկնարկում հավաքականի 3 պարտություններից հետո: Ի՞նչ խնդիրներ եք դնելու ինքներդ Ձեր առջև:
-Իհարկե, 3 պարտությունից հետո բավականին դժվարին իրավիճակում ենք՝ առաջին հերթին հոգեբանական առումով: Մենք պետք է տղաներին դուրս բերենք այս վիճակից: Թող պարզունակ չհնչի, բայց մյուս խնդիրը յուրաքանչյուր խաղում հաղթանակի ձգտելն է: Որքանով կստացվի՝ չեմ կարող ասել, բայց փորձել պարտավոր ենք:
Կարդացեք նաև
-Հավատո՞ւմ եք, որ դեռ հնարավոր է նվաճել Աշխարհի առաջնության ուղեգիր, թե՞ արդեն սկսելու եք պատրաստել հավաքականը հաջորդ շրջափուլի համար:
-Իմ կարծիքով, մեզ համար շատ դժվար կլինի՝ հաշվի առնելով մեկնարկը, բայց, նորից եմ կրկնում, պարտավոր ենք յուրաքանչյուր խաղի դուրս գալ հաղթելու համար: Ինձ համար հեշտ կլիներ ասել, որ ես թիմին կպատրաստեմ հաջորդ շրջափուլի համար, և եթե սա լիներ ակումբ, հավանաբար այդպես էլ կլիներ, բայց սա հավաքական է, որից միշտ պահանջում են արդյունք, ուստի մենք պարտավոր ենք միշտ խաղալ հաղթանակի համար:
Կիսո՞ւմ եք մասնագետներից շատերի այն կարծիքը, որ ազգային և տարբեր տարիքային հավաքականները պետք է հանդես գան տակտիկական նույն դասավորությամբ, որպեսզի ֆուտբոլիստներին հեշտ լինի ավելի բարձր տարիքային հավաքական տեղափոխվելիս:
-Կարծում եմ՝ մինչև 19 տարեկանների հավաքականի մակարդակը կարելի է կիրառել այդ փիլիսոփայությունը, իսկ մինչև 21 տարեկանների հավաքականում և ազգային հավաքականում պետք է մարտավարությունն ընտրել՝ կախված մրցակցի ուժից և խաղաոճից, ինչպես նաև ձեռքի տակ եղած խաղացողների հնարավորություններից: Դա իմ կարծիքն է, որի հետ շատերը կարող են և չհամաձայնվել:
-Ինչպիսի՞ն է Ձեր մոտեցումը: Որոշել խաղային սխեմա և խաղացողներին տեղավորել այդ սխեմայի մե՞ջ, թե՞ ընտրել տակտիկական դասավորությունը՝ ելնելով ձեռքի տակ եղած խաղացողների հնարավորություններից:
-Բնականաբար, երկրորդ տարբերակը՝ հաշվի առնելով նաև մրցակցի ուժեղ և թույլ կողմերը:
-Այդուհանդերձ, ունե՞ք նախընտրելի սխեմա, կամ առնվազն պաշտպանությունում հստակ դիրքորոշում. Խաղալ 4 կամ 5 պաշտպաններով:
-Ես նախընտրում եմ խաղալ 4 պաշտպաններով, դա իմ խաղային մարտավարությունն է, բայց, եթե լինի անհրաժեշտություն, կապված հակառակորդի նախընտրած մարտավարության հետ, կարող ենք խաղալ և 5 պաշտպաններով:
-Բնականաբար, հետևել եք Հայաստանի առաջնությանը: Ի՞նչ տպավորություն եք ստացել մեր առաջնության հանդիպումներից և կա՞ն արդյոք ֆուտբոլիստներ, որոնք մինչ օրս չէին հրավիրվում, բայց կարող են համալրել մեր ազգային հավաքականը:
-Իհարկե հետևել եմ: Հաստատ լինելու են ֆուտբոլիստներ, որոնք նախկինում չեն հրավիրվել, բայց հիմա հրավիրվելու են: Չեմ ուզում կրկնվել, կամ շատ պարզունակ մտքեր արտահայտել, բայց հավաքականի դռները բաց են լինելու Հայաստանի առաջնությունում հանդես եկող բոլոր ֆուտբոլիստների համար: Այս խաղից առաջ ժամանակը շատ քիչ է, և հիմա չենք կարող կտրուկ փոփոխություններ անել, բայց արդեն մյուս խաղից առաջ մենք կունենանք բավականաչափ ժամանակ: Ես բնակվելու եմ Հայաստանում, հետևելու եմ բոլորին, և ովքեր արժանի լինեն, անպայման հրավիրվելու են հավաքական:
-Իսկ արտերկրում կա՞ն ֆուտբոլիստները, որոնք կարող են ուժեղացնել հավաքականը:
-Այն, ինչ ասեցի Հայաստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստների մասին, վերաբերվում է նաև արտերկրի ֆուտբոլիստներին: Եթե լինի մեկը, ով մեզ կհետաքրքրի և արժանի կլինի, անպայման կմեկնենք, տեղում կնայենք նրա մասնակցությամբ հանդիպումները և կմտածենք հետագա քայլերի մասին:
-Երկար տարիներ աշխատել եք Շվեյցարիայում: Ի՞նչ գնահատական կտաք վերջին տարիներին Հայաստանում կառուցված ֆուտբոլային ենթակառուցվածքներին` համեմատելով Շվեյցարիայի հետ:
-Ես հիացած եմ Ավանի ֆուտբոլի ակադեմիայի ենթակառուցվածքներով և պայմաններով, եղել եմ նաև Գյումրիի ֆուտբոլի ակադեմիայում, «Բանանցի» մարզաբազայում, տեսել եմ Վանաձորի նորաբաց ակադեմիայի լուսանկարները: Կարող եմ ասել, որ տարբերությունն ահռելի է:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «ՀՖՖ»-ի կայքում: