Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին կառավարությունում՝ վարչապետը նշել է, որ Սլովակիան Եվրոպայում Հայաստանի կարևոր գործընկերներից մեկն է և մեր երկիրը շահագրգռված է երկկողմ հետագա համագործակցության զարգացմամբ՝ քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում: Կարեն Կարապետյանը վստահություն է հայտնել, որ հայ-սլովակյան միջպետական հարաբերություններն ունեն զարգացման մեծ ներուժ և նշել, որ հայկական կողմը հանձնառու է զարգացնել ու ամրապնդել փոխգործակցությունը բոլոր ուղղություններով: Վարչապետը կարևորել է հայ և սլովակ գործարարների միջև կապերի սերտացումն ու ընդլայնումը՝ առաջարկելով դիտարկել առևտրատնտեսական հարցերով միջպետական հանձնաժողով ստեղծելու հարցը:
Միաժամանակ, գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ առաջիկայում կառավարությունը տարբեր խողովակներով սլովակ գործընկերներին կներկայացնի ներդրումային ծրագրերի փաթեթ: Կարեն Կարապետյանն ավելացրել է, որ Հայաստանի և Սլովակիայի հարաբերություններում հատուկ ուշադրություն է դարձվում նաև Եվրոպական միության Արևելյան գործընկերության շրջանակում համագործակցությանը և նշել, որ Հայաստանը պատրաստ է խորացնել գործակցությունը ԵՄ-ի հետ՝ ժողովրդավարական բարեփոխումների իրականացման, տնտեսության, մարդու իրավունքների պաշտպանության, արդյունավետ կառավարման և այլ ուղղություններով:
Իր խոսքում Անդրեյ Դանկոն ընդգծել է երկու երկրների և ժողովուրդների միջև առկա բարեկամական ջերմ հարաբերությունների փաստը և կարևորել առևտրատնտեսական կապերի խորացումն ու ընդլայնումը: Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահը պատրաստակամություն է հայտնել Սլովակիայի կառավարության ղեկավարին փոխանցել հայկական կողմի նախաձեռնությունները՝ առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացման, կապերի ընդլայնման ու ամրապնդման նպատակով:
Կարդացեք նաև
Հանդիպման ընթացքում վարչապետը շնորհակալություն է հայտնել Անդրեյ Դանկոյին՝ Սլովակիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում անձնական ներդրման ու դիրքորոշման համար:
ՀՀ կառավարություն