Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել՝ նվիրված տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի զարգացման հեռանկարներին: Քննարկմանը մասնակցել են պատասխանատու նախարարներ և ՏՀՏ բնագավառի ընկերությունների ներկայացուցիչներ:
«Ես այս ոլորտը համարում եմ մեր տնտեսության ամենամեծ շարժիչներից մեկը և պատրաստ եմ ձեզ հետ բաց քննարկել ՏՀՏ-ին առնչվող բոլոր հարցերը՝ կրթական համակարգ, բուհ, մասնագետների պատրաստում, կառավարման մեխանիզմներ և այլն», – խորհրդակցության սկզբում նշել է վարչապետը և հավելել, որ ակնկալում է լսել կառավարության՝ ՏՀՏ բնագավառի առաջընթացին ուղղված քայլերի վերաբերյալ ներկաների պատկերացումներն ու կոնկրետ առաջարկները:
Կառավարության ղեկավարին ներկայացվել են ոլորտի զարգացման նպատակով մշակված մի շարք գաղափարներ և ծրագրերի նախագծեր: Քննարկվել են, մասնավորապես, ինժեներական քաղաքի, կիբերանվտանգության գերազանցության կենտրոնի ստեղծման, տեխնոլոգիական ձեռներեցության ֆինանսավորման ավելացման, ավագ դպրոցներում և բարձրագույն ուսումնական հաստատություններում ՏՀՏ կրթական ծրագրերի իրականացման հնարավորությունները: Մտքերի փոխանակության ընթացքում արծարծվել են կրթական համակարգի որակական փոփոխություններին, մասնագետների պահանջարկին, կրթություն-բիզնես-գիտություն մոդելին վերաբերող և այլ հարցեր:
Կարդացեք նաև
Վարչապետը հետաքրքրվել է նաև ՀՀ կառավարության հետ համատեղ իրականացվող որոշ ծրագրերի կիրառական արդյունքներից և կարևորելով դրանց շարունակականությունը՝ միաժամանակ անհրաժեշտ համարել ոլորտի բեկումնային երկարաժամկետ զարգացման ուղղությամբ միջոցառումները. «Ինձ պետք է ծրագիր, որ աշխարհը շուռ տանք: Մենք ի՞նչ պետք է փոխենք, որպեսզի, բացի կոնկրետ ծրագրերից, ձեր ոլորտը, բիզնեսը, շուկան զարգանան, ի՞նչն է ձեզ խանգարում: Ինձ պետք է հասկանալ ձեր ոլորտի քաղաքականությունը՝ և´ որակապես լավ մասնագետների թիվն ավելացնելու, և´ ՀՆԱ-ի մեջ արտադրողականությունը մեծացնելու համար»: Կարեն Կարապետյանը նշել է, որ կառավարությունը ներդրումային հիմնադրամ է ստեղծում, որն ընդհանրապես բիզնեսին աջակցելու գործիք է լինելու, այդ թվում նաև՝ ՏՀՏ ոլորտում: «Եկեք պայմանավորվենք՝ ի՞նչ եք ակնկալում մեզնից, ի՞նչ անեք դուք: Ամենաբարդ խնդիրն այսօր մեր բյուջեի դեֆիցիտի պայմաններում բյուջեից գումար տրամադրելն է: Բայց մենք կարող ենք մասնակցել այլ ձևով՝ գույքով և այլ ակտիվներով, որոնք ունենք: Եթե դուք խումբ ստեղծեք, որը հետազոտի կամ առաջարկություն տա մեր և ձեր անելիքների վերաբերյալ, կարող ենք այս ուղղությամբ առաջ շարժվել», – ասել է կառավարության ղեկավարը:
Վարչապետը հանձնարարել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին՝ համատեղ աշխատել ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչների հետ, հստակ ձևակերպել համատեղ անելիքները, մշակել և ներկայացնել նպատակային միջոցառումներով ու կիրառական արդյունքներով կոնկրետ ծրագրերի առաջարկներ:
ՀՀ կառավարություն