Նոյեմբերի 3-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական ապարատի վարչությունների եւ ճանապարհային ոստիկանության ղեկավարներ:
Ներկայացնելով նախօրեին հանրապետության Նախագահի հրավիրած խորհրդակցության ժամանակ քննարկված խնդիրները՝ Վլադիմիր Գասպարյանը նշեց այն ոլորտները, որոնց կատարելագործման ուղղությամբ պետք է աշխատի ոստիկանությունը:
Խոսքը, մասնավորապես, «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ եւ «Փարքինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ի հետ իրավական մեխանիզմների մշակման մասին է՝ նրանց գործառույթները, այդ թվում՝ ֆինանսական հոսքերի տնօրինումն ու կառավարումը պետական եւ համայնքային կառույցներին փոխանցելու նպատակով:
Նշելով, որ հանձնարարականների կատարումն արդեն իսկ ընթացքի մեջ է, Վլադիմիր Գասպարյանը անդրադարձավ քննարկված երրորդ հարցի՝ ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումների հայեցակարգի մշակմանն ու ժամկետներին:
Կարդացեք նաև
Հանձնարարականների առարկայական քննարկումից, համապատասխան ստորաբաժանումների խնդիրների եւ դրանց կատարման ժամկետների որոշարկումից հետո անդրադարձ եղավ նաեւ ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար սահմանված վարչական տուգանքների վճարման գործընթացի առանձնահատկություններին ու կատարելագործման մեխանիզմներին:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ճանապարհային ոստիկանի աշխատանքում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումների, երթեւեկության կարգավորման ժամանակակից մեխանիզմների մշակման եւ մի շարք այլ հարցեր:
Խորհրդակցության ավարտին Վլադիմիր Գասպարյանը կոնկրետ հանձնարարականներ տվեց համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուներին:
ՀՀ ոստիկանություն