Այսօր ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան բողոքի ցույց է կազմակերպել ՀՀ կառավարության շենքի առջև եւ նամակ է հանձնել ՀՀ վարչապետին` հետեւյալ բովանդակությամբ.
«Հարգելի վարչապետ, Ձեր ուշադրությունն ենք հրավիրում ՀՀ արդարադատության ոլորտի օղակներից մեկի՝ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (այսուհետ՝ ԴԱՀԿ) ապօրինի և կամայական գործողությունների վրա, որոնք անմիջականորեն խեղում են արդարադատության վերաբերյալ հասարակության պատկերացումներն ու ընկալումները: Մեր դիտակետում կան երեխաների խնամքի հետ կապված դատական բազմաթիվ վճիռներ, որոնք այդպես էլ ի կատար չեն ածվել:
Շատ հաճախ, երբ դատական վճիռը վերաբերվում է երեխաներին, հարկադիր կատարման ծառայությունը թերանում է և իր լիազորությունները չի կատարում, կամ կատարում է իր լիազորություններից դուրս գործողություններ:
Ուզում ենք հիշեցնել, որ
ՀՀ Սահմանադրության 39-րդ հոդվածի համաձայն՝ ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով:
Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝
հարկադիր կատարողի պարտականություններն են`
1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների և իրավական այլ ակտերի պահանջները կատարելը.
2) մասնագիտական և ծառայողական պարտականությունների կատարման համար անհրաժեշտ գիտելիքներ ապահովելը.
3)Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված պարտականությունները ճշգրիտ ու ժամանակին կատարելը:
Դատական ակտերի հարկադիր կատարման մասին ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմքը սույն օրենքով սահմանված կարգով տրված կատարողական թերթն է:
Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ հարկադիր կատարողները չեն կարող այնպիսի հարկադիր կատարման միջոցներ կիրառել, որոնք կատարողական թերթով նախատեսված չեն, սակայն շատ հաճախ հարկադիր կատարողները սահմանում են կատարողական թերթով չնախատեսված հարկադիր կատարման միջոցներ և պատասխանատվության չեն ենթարկվում: Այս անթույլատրելի իրավիճակը ձգձգվում է տարիներ:
Դեռևս 2013 թվականին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն՝ անդրադառնալով արդարադատության համակարգի բացթողումներին, առանձին նշել էր ԴԱՀԿ ծառայության խնդիրներին ու ձևավորված անօրինական պրակտիկային, սակայն խնդիրները մնում են չլուծված ու խորանում են, իսկ մայրերը սպասում են իրենց զավակներին՝ հարկադրաբար և ապօրինաբար լինելով հեռացված, կորցնելով կապը երեխաների հետ, ինչը մարդու իրավունքների կոպտագույն խախտում է և չի բխում երեխաների լավագույն շահերից: Ուստի՝
Ակնկալում ենք, որ Դուք կընդունեք և կլսեք մայրերին ու նրանց գործերով զբաղվող իրավապաշտպաններին: Ինչպես նաև, միջոցառումներ կձեռնարկեք ԴԱՀԿ ծառայության ապօրինի գործողությունների դեմ»:
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի»