ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանին ԶԼՄ-ներին ներկայացնելով՝ ասել է, որ հարյուր տոկոսով վստահում է նրան: Ու նաեւ ավելացրել, որ հնարավոր չէ այսօր մեր հավաքականից պահանջել, որ միանգամից լինենք աշխարհի չեմպիոն: Պետք է պահանջել լավ, նվիրված խաղ եւ պայքարելու դեպքում կունենանք հաջողություն:
«Բազմիցս ասել եմ, որ մարզիչները պետք է լինեն մեր ազգից, իմանան հավաքականը: Իմ ամենամեծ սխալը եղել է, որ բերեցի արտասահմանցի մարզիչ ու խառնվեց հավաքականի վիճակը: Ես երկրպագուներին կխնդրեի, կոչ կանեի, կպահանջեի, որ զբաղվեն երկրպագելով: Մեր երկրպագուներն ամեն ինչով զբաղվում են, բացի երկրպագելուց: Քաղաքական պատվերներ չկատարեն: Գալիս են ու ինքնագովազդով զբաղվում: Ո՞վ է ասում, որ պետք է վիրավորել, ո՞վ է թույլ տվել: Եթե ես մեկի հասցեին վիրավորական կամ նման մի բան եմ ասում, տարիներով քննադատում եք: Լրագրողները, երկրպագուները իրավունք չունեն ապատեղեկատվություն, վիրավորանք հասցնել մարզչին, ֆեդերացիայի նախագահին: Ես հորդորում եմ ձեզ՝ ասեք երկրպագուներին, որ պետք չի հայհոյել, պետք է ընդամենը քննադատել, առողջ քննադատել՝ ինչքան կարող եք: Մենք ինքներս առողջ քննադատությանը կողմ ենք: Դա օգնում է եւ մարզչին եւ ֆեդերացիայի նախագահին եւ աշխատակիցներին: Բայց հայհոյանքը… եթե հայհոյանքի տակ առողջ քննադատություն էլ կա, չես էլ ուզում նայել:
Հասարակ բան ասեմ: Ավանի ակադեմիան 2010 թվականին բացվել է: Ունենք մարզիչներ՝ կրթվել են, կարգեր ստացել, որ պահանջում են ՖԻՖԱ-ն եւ ՈՒԵՖԱ-ն: Բայց հենց սկսում են մարզել, մարզում են սովետական՝ 30 տարի առաջվա ձեւով: Սպորտային լրագրողների գործը դա պետք է լինի: Ես մենակ չեմ կարող Երեւանով, գյուղերով, Գյումրիով, Վանաձորով, «Փյունիկի», «Բանանցի» մարզադպրոցներով վերահսկողություն սահմանել:
Կարդացեք նաև
Խայտառակ վիճակում են մեր մանկապատանեկան մարզիչները: Երբ ես քննադատում եմ, լրագրողները փոխանակ աջակցեն, հակառակն են անում: Հավատացեք, մի երկու մարզիչ կա «Փյունիկում», մեկ՝ «Բանանցում»: Սա շատ լուրջ խնդիր է:
Երկրորդը՝ կապված ակումբների հետ: Բոլորս գիտենք, որ Հայաստանում 2008 թվականից տնտեսական վիճակը վատացել է: Զուտ տնտեսական պատճառներով ակումբներ փակվեցին: Ես ինչ պետք է անեմ, որպեսզի կարողանամ ակումբների քանակն ավելացնել:
Տեսեք. «Կոտայք» ակումբը: Երբ ես ասում էի՝ իքս գումար թող դնեն բանկում կամ սառեցնեն, որ կարողանան ակումբ պահել, ինձ մեղադրեցին սահմանափակումների, համար: Հանեցի դա: «Կոտայքը» եկավ, բացվեց եւ փակվեց: Համարում եք ճի՞շտ: Չորս ամիս ֆուտբոլիստները պարապել են, պայմանագրեր կապել ու չորս ամիս աշխատավարձ չեն ստացել: Հիմա բոլորը դիմում են ֆեդերացիա: Ես ի՞նչ պետք է անեմ: Այ, այն գումարը, որ ես ասում էի սառեցնենք, հիմա գոնե մարդկանց կվճարեին: Ես շատ ավելի մտահոգված եմ, որ ճարենք մարդկանց, որոնք կարող են ֆինանսավորել: Բայց, ցավոք սրտի, այդ խնդիրն առայժմ չենք կարողանում լուծել», – Ա1+ը մեջբերել է Ռուբեն Հայրապետյանի խոսքի այս հատվածի տեսագրությունը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ