Այսօր ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում «ԼՂՀ կարգավիճակ արցախյան հիմնախնդրի միջազգային կարգավորման համատեքստում» թեմայի շուրջ քննարկում էր կազմակերպվել:
Քննարկմանը ներկա «Հայազն» կուսակցության վարչության անդամ, Քարվաճառի բնակիչ Ալեքսանդր Քանանյանը տեսակետ հայտնեց, որ միջազգային հանրությունը հաշվի է նստում այնպիսի դերակատարների հետ, որոնք ձգտում են իսկապես դառնալ դերակատար եւ սահմանում են այն նվազագույն շահերն ու պահանջները, առանց որոնց ազգի գոյությունն անհնարին է:
Պարոն Քանանյանի խոսքերով՝ «Այդ իմաստով Հայաստանի Հանրապետությունը, եթե հաստատի եւս մեկ անգամ, որ մենք միտք ունենք շարունակելու մեր ազգային պետական գոյությունն այս տարածաշրջանում, որ մենք միտք չունենք գնալու մի քայլի, որը կործանելու է ոչ միայն հայոց պետականությունը, այլեւ իր տարածքում վերջնական ցեղասպանության, եթե մենք հստակ կատարելու ենք իսկապես քայլեր. այլ ոչ թե անիմաստ թատրոններ, ապա համոզված եղեք, ի հեճուկս արտաքին որոշակի եւ խիստ անցողիկ աղմուկի կամ դժգոհությունների, միայն այսպիսի քայլերով, այսինքն՝ Արցախի միացումը հավատին հասցնելու քայլերով մեծացնելու ենք մեր ռազմաքաղաքական կշիռը տարածաշրջանում»:
Մանրամասն՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Քննարկմանը ներկա քաղաքագետ Մանվել Սարգսյանն էլ ինքնիշխանության եւ անկախության մասին խոսելիս, նշեց, որ իր համար ամեն ինչ սկսում է սուբյեկտից, իսկ քաղաքականությունը, որը իրավունքների համար պայքար է, սկսած քրեական հեղինակություններից մինչեւ միջազգային ատյաններ, այդ նույն մոդելն է՝ պայքար իրավունքների համար, հետեւաբար այդպես պետք է հանդես գալ միջազգային հանրության մոտ:
Պարոն Սարգսյանը զուգահեռներ անցկացնելով Հայաստանի եւ Արցախի պետությունների միջեւ, նշեց.«Հայաստանի անկախությունն իր տարածքում եւ իրավունքներով աշխարհը ճանաչում է, իսկ Արցախի տարածքում չեն ճանաչում, բայց այլ իրավունքներն են ճանաչում՝ անվտանգ ապրելու իրավունքը: Հայաստանի Հանրապետությունում սկսած սահմաններից, օդանավակայանից ռուսական սուբյեկտներ կան, ուրիշ պետության զորքեր են: ԼՂՀ տարածքում՝ չկան: Հայաստանում ցանկացած ռուս գեներալ, պաշտոնյա կամ դիվանագետ ինչ ուզի՝ կանի, կարտահատվի, կարող են ինքնաթիռով իջնեն՝ նախագահին կանչեն ուր ուզեն, իսկ Լեռնային Ղարաբաղում որեւէ ռուս պաշտոնյա չկա, եթե կա էլ, անհնար է նման բան անի»:
Մանրամասն՝ տեսանյութում
Ինչպես պետք է իրավաքաղաքական մատուցմամբ միջազգային հանրությանը ներկայացվի Արցախի ինքնիշխանությունը, պարոն Քանանյանի տեսակետը՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ