Լրահոս
Օրվա լրահոսը

«Գրանշան 2016» տառատեսակների միջազգային մրցույթի հայաստանյան մրցանակակիրները պարգևատրվել են

Նոյեմբեր 03,2016 16:59

ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ և աջակցությամբ, «Գրանշան» ոչ լատինական տառատեսակների միջազգային մրցույթն անցկացվում է 2008 թվականից: Ամենամյա մրցույթն այս տարի անցկացվել է սեպտեմբերի 13-17-ը, Վարշավայում, տառաստեղծների ու դիզայներների միջազգային ասոցիացիայի (ATypI) համաժողովին զուգընթաց:

Ս. թ. նոյեմբերի 3-ին, ՀՀ մշակույթի նախարարությունում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարվել են մրցույթի արդյունքները: Ասուլիսին մասնակցել են` ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը, Հայաստանի ազգային գրապալատի «Հայկական տառատեսակների պահպանման ու մշակման» բաժնի վարիչ, «Գրանշան» կազմկոմիտեի և մրցութային հանձնաժողովի համանախագահ Էդիկ Ղաբուզյանը, «Գրանշան» կազմկոմիտեի և մրցութային հանձնաժողովի համանախագահ, «Կոհան ընդ պարտնյորս» ընկերության նախագահ Բորիս Կոհանը (Մյունխեն): Ասուլիսին ներկա էին նաև Հայաստանի ազգային գրապալատի «Հայկական տառատեսակների պահպանման ու մշակման բաժնի» գլխավոր մասնագետ, «Գրանշան» կազմկոմիտեի և մրցութային հանձնաժողովի անդամ Անժելա Պողոսովան, Հայաստանի ազգային գրապալատի «Հայկական տառատեսակների պահպանման ու մշակման բաժնի» առաջատար մասնագետ, «Գրանշան 2016» մրցույթի մրցանակակիր` Հրաչուհի Գրիգորյանը, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի 4-րդ կուրսի ուսանող, «Գրանշան 2016» մրցույթի մրցանակակիր` Մարիետա Արզումանյանը, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի 4-րդ կուրսի ուսանող, «Գրանշան 2016» մրցույթի մրցանակակիր` Սյուզի Հակոբյանը: Մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարվել են «Գրանշան 2016-ի» մրցանակակիրների անուններն ըստ անվանակարգերի, իսկ հայաստանցի մրցանակակիրներին հանձնվել է դիպլոմներ:

«Գրանշան 2016» մրցույթին 28 երկրից ներկայացվել էր 98 տառատեսակ:
Մրցույթն այս տարի անցկացվել է հետևյալ անվանակարգերով.
•Հայկական (տեքստային, վերնագրային կամ ազատ ոճի),
•Արաբական (տեքստային, վերնագրային կամ ազատ ոճի),
•Չինական ավանդական և պարզեցված (տեքստային, վերնագրային կամ ազատ ոճի,)
•Կիրիլյան (տեքստային, վերնագրային կամ ազատ ոճի),
•Հունական (տեքստային, վերնագրային կամ ազատ ոճի),
•Եբրայական (տեքստային, վերնագրային կամ ազատ ոճի),
•Հնդկական (տեքստային, վերնագրային կամ ազատ ոճի),
•Կորեական (տեքստային, վերնագրային կամ ազատ ոճի),
•Թայլանդական (տեքստային, վերնագրային կամ ազատ ոճի),
•Եվ ցանկացած այլ լեզվական համակարգ՝ որպես ազատ ոճի տառատեսակներ:

Մրցութին Հայաստանից ներկայացվել էր 13 տառատեսակ, հանձնաժողովի աշխատանքներին մասնակցել են` Ազգային գրապալատի աշխատակիցներ Էդիկ Ղաբուզյանը (հանձնաժողովի համանախագահ) և Անժելա Պողոսովան (հանձնաժողովի անդամ, թարգմանիչ): Հայաստանցի տառաստեղծներ Մարիետա Արզումանյանի ու Սյուզի Հակոբյանի (Հայաստանի գեղեցիկ արվեստների պետական ակադեմիայի 4-րդ կուրսի ուսանողներ) աշխատանքներն առաջին հիմնական անվանակարգի՝ «Հայկական տեքստային, վերնագրային կամ ազատ ոճի» տառատեսակներում արժանացել են 1-ին և 2-րդ մրցանակների: Նույն անվանակարգում «Հատուկ կարծիքի» է արժանացել Հայաստանի ազգային գրապալատի աշխատակից Հրաչուհի Գրիգորյանի աշխատանքը: Մարիետա Արզումանյանի մեկ այլ աշխատանք ազատ ոճի տառատեսակներում արժանացել է «Հատուկ կարծիքի»:

ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը շնորհավորելով «Գրանշան 2016» տառատեսակների միջազգային մրցույթի կազմակերպիչներին և մրցանակակիրներին նշել է. «Գրանշան» մրցույթն առաջին հերթին մեր մշակութային ժառանգությունը հանրահռչակելու և աշխարհին լավագույնս ներկայացնելու հնարավորություն է: Այն նաև հայկական տառատեսակների դպրոցի ստեղծման գրավականն է, ինչի շնորհիվ տառաստեղծման գործում ապահովվում է կայուն առաջընթաց և սերնդափոխություն»: Ներսես Տեր-Վարդանյանը բարձր է գնահատել ոլորտի ձեռքբերումները` առաջարկվող նոր տառատեսակները, դրանք համարելով վերջին տարիներին պետական աջակցությամբ հրատարակվող գրականության նորագույն արտահայտչամիջոց: ՀՀ մշակույթի նախարարի տեղակալը անդրադարձել է նաև Հայաստանի ազգային գրապալատի կողմից ստեղծված «Գեա Գրապալատ» և «Մարիամ» տառատեսակներին, կարևորելով այն հանգամանքը, որ դրանք Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունվել են որպես պետական մարմիններում կիրառվող պաշտոնական տառատեսակներ: Ներսես Տեր-Վարդանյանը նաև հույս է հայտնել, որ ստեղծված տառատեսակները կհամալրեն արդեն իսկ առկա նմուշների ցանկը և կդառնան համաշխարհային շտեմարանի մաս:

Հավելենք նաև, որ 2012 թվականից անցկացվում է նաև «Գրանշան» ոչ լատինական տառատեսակների ամենամյա միջազգային համաժողովը` նվիրված ոչ լատինական տառատեսակների խնդիրների բացահայտմանը, լուծելումների որոնմանն ու ոչ լատինական տառարվեստի զարգացմանն ու ճանաչմանը: Հայկական տառարվեստի քննարկումն ու զարգացումը մշտապես համաժողովների առանցքային հարցերից է: Համաժողովն այս տարի անցկացվել է հոկտեմբերի 25-30-ը, Կահիրեի ամերիկյան համալսարանում: Հայաստանից մասնակցել են` Էդիկ Ղաբուզյանն ու Անժելա Պողոսովան: Համաժողովի բացման օրը ողջույնի խոսքով հանդես է եկել Եգիպտոսում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մելքոնյանը: «16-18-րդ դարերի հայկական տպագրական տառատեսակների պատմությունն ու զարգացումը» թեմայով ելույթ է ունեցել Էդիկ Ղաբուզանը:

 

 ՀՀ մշակույթի նախարարություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930