Հայաստանի ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ներկայացրած ծրագիրը չի ուսումնասիրել, բայց մշակույթի ոլորտի առնչությամբ ընդգծում է՝ պետությունը մասնավորապես կերպարվեստին պետք է ուշադրություն դարձնի: «Ստեղծագործական միություններին ընդհանրապես ուշադրություն չեն դարձնում, մինչդեռ նրանք պետք է մեր երկրի հիմնական օղակները լինեն»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց նա:
Փարավոն Միրզոյանը Կարեն Կարապետյանի հետ մեծ հույսեր է կապում. «Անձամբ ծանոթ եմ՝ նա պետք է ավելի լավ հասկանա մշակույթը եւ ավելի ճիշտ մոտենա: Մեր երկիրը միայն մշակույթով կարող ենք ներկայացնել, իսկ դրա համար պետական ծրագիր է պետք: Մեր արվեստը տարբեր երկրներում պատահականորեն է ներկայացվում: Շատ պետություններ ունեն իրենց կերպարվեստի ծրագիրը եւ առաջատար ստեղծագործողների յուրաքանչյուր ցուցահանդես ներկայացնում են տարբեր քաղաքներում ու երկրներում: Իսկ մեզ չեն ճանաչում, որովհետեւ ամեն մեկն իր նկարները վերցնում՝ մի կաֆեում կամ պատկերասրահում ցուցադրում է…այդպես մշակույթ չի զարգանա»:
Հիշեցրինք, որ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը ցանկանում է նորարարական մեթոդներ կիրառել: «Ճիշտ է անում»,-արձագանքեց Փարավոն Միրզոյանը,-«նորարարական մտածողությունն էլ մեկ ցուցահանդեսով չի սահմանափակվում, պետք է լինի համապատասխան ծրագիր: Սուրենյանցի, Թադեւոսյանի, Սարյանի ցուցահանդեսները պետք է աշխարհով մեկ շրջեն: Հիմա էլ լավ արվեստագետներ ունենք, բայց պետությունը պետք է ցուցադրի, ոչ թե անձը»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ