«Կառավարության ծրագրում ձեր հատվածն ամենաջրառատն է: 23 կետ է, բոլորն այսպիսի արտահայտություններ են` «ամեն ինչ պետք է ուղղված լինի բաղադրիչի ամրապնդմանը», «Ռուսաստանի հետ հարաբերությունների առավել ընդլայնմանը», «Վրաստանի եւ Իրանի հետ հարաբերությունների խորացմանը», «Չինաստանի հետ հարաբերությունների զարգացմանը», «շարունակմանը», «ձեւավորմանը»… Այսպիսի ոչինչ չասող ծրագիր ոչ մի տեղ չկա: Ձեր այս ծրագրերի արդյունքում է, որ ներդրում չկա Հայաստանում»,- սա ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի նախատինքն է`ուղղված ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանին: Պատգամավորն իր կարծիքը բարձրաձայնեց խորհրդարանում շարունակվող 2017 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ:
Ըստ Արամ Մանուկյանի, Թուրքիան միայն Վրաստանում ներդրումներ է արել 7-8 անգամ ավելի շատ, քան բոլոր ներդրումները Հայաստանում, Իրանը՝ Ադրբեջանում 10 անգամ ավելի շատ, Վրաստանը Մետաքսի ճանապարհի վրա միջազգային կառույցներից բերել է 40 մլրդ ներդրումներ, իսկ Հայաստանից այս ճանապարհը «թռավ»: Ի՞նչ են արել դեսպանատների ատաշեները, որ ներդրումները կրճատվել են, որտե՞ղ է մեր ռազմավարությունը, որ Հայաստանը դառնում է տարածաշրջանային քաղաքական սուբյեկտ`փոխարտգործնախարարին հարց ուղղեց Արամ Մանուկյանը`հավելելով, որ ԵՄ պատվիրակության հետ իրենք ավելի շատ են աշխատում, քան նախարարությունը: Պատգամավորի համոզմամբ, ԵՄ-ն ավելի շատ գումար է դնում կոնկրետ ընտրությունների համար, քանի որ ժողովրդավարական ընտրությունները միակ հեռանկարն է Հայաստանի համար:
Կարեն Նազարյանը հակընդդեմ հարց ուղղեց պատգամավորին` ինչպե՞ս պետք է չափելի դարձնեն արտաքին հարաբերությունները. «Մեր գործառույթները հստակ նշված են նախագահի հրամանագրում: ԵՄ պատվիրակության հետ մենք աշխատում ենք բավականին ինտենսիվ: Կան աշխատանքային հանդիպումներ, որոնց մասին չի խոսվում, արտացոլում ենք միայն արդյունքները»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ