Նոյեմբերի 3-ին տեղի ունեցավ ՀՖՖ գործադիր կոմիտեի հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված հարցերի թվում էին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Արթուր Պետրոսյանի ներկայացումը և նրա թեկնածության հաստատումը, ինչպես նաև Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում լեգիոներ դարպասապահների հադես գալու ժամկետների սահմանափակումների վերացումը:
Արթուր Պետրոսյանը ՀՖՖ Գործկոմի անդամներին ներկայացրեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում իր ծրագիրը՝ նշելով, որ պետք է առաջին հերթին աշխատանք տարվի թիմի հոգեբանական վիճակի բարելավման ուղղությամբ: Պետրոսյանը նշեց, որ Հայաստանի ազգային հավաքականը ձգտելու է հաղթանակի հասնել յուրաքանչյուր խաղում, իսկ իր նպատակներն են թիմին հաղթողի հոգեբանություն ներարկելը, հավաքականում մրցակցության բարձրացումը, փուլային սերնդափոխություն իրականացնելը. հավաքականը հաջորդ շրջափուլի համար ավելի մարտունակ տեսքի բերելը:
ՀՖՖ Գործկոմի անդամները միաձայն հաստատեցին Արթուր Պետրոսյանին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում: ՀՖՖ Գործկոմի անդամները նաև կողմ քվեարկեցին Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում լեգիոներ դարպասապահների հանդես գալու ժամկետների սահմանափակումների վերացմանը: