Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն այսօր կառավարության նիստից հետո պարզաբանեց, թե ինչպես է տեղի ունենալու մասնավոր ընկերությունից` «Սեքյուրիթի Դրիմից» լիազորությունները վերցնելու գործընթացը:
Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը ոստիկանությանը, արդարադատության նախարարությանը եւ ֆինանսների նախարարին հանձնարարեց «տեսախցիկների», «կարմիր գծերի» բիզնեսները հանձնել պետության կառավարմանը:
Ըստ Վարդան Արամյանի, «գաղափարախոսությունը շատ պարզ է, գումարները գալիս են պետական արտաբյուջե, դրանից հետո բաշխվում են «Սեքյուրիթի Դրիմին»` որպես ծառայությունների գնում: Այդ գումարները մենք ինքներս ենք տնօրինելու»:
Մանրամասները` տեսանյութում
Կարդացեք նաև
Aravot.am-ի հարցին, թե ԾԻԳ-երի ՊՈԱԿ-ների կրճատումից ընդհանուր առմամբ որքան գումար կտնտեսվի պետական բյուջեում, Վարդան Արամյանը պատասխանեց. «Մենք դեռ հաշվառում ենք»: Ըստ նախարարի. «Մենք գնում ենք գործառույթների օպտիմալացման, մեր խնդիրն այն չէր, որ մենք ԾԻԳ-երը գլխատենք, մեր խնդիրն այն էր, որ արդյոք մենք կարող ենք մեր ռեսուրսները մեկտեղել, նույն գործառույթն իրականացնել ավելի խնայողաբար ռեսուրսով»:
Մեր այն հարցին էլ, թե Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն մեր երկրի բնակչությունը անցյալ տարվա համեմատությամբ 101 հազարով նվազել է, ինչպես կազդի այս փաստը մեր երկրի ֆինանսների վրա, պարոն Արամյանն ասաց` նայած թե որ խավն է պակասել. «Ընդհանրապես բնակչության պակասումը եւ հավելումը ուղղակի կամ անուղղակի կարող է ազդել, բայց կազդի թե չի ազդի, պետք է նայել, թե այդ բնակչությունն ովքեր են: Եթե դա տնտեսապես ակտիվ բնակչությունն է, կարող է ազդել, եթե գործազուրկներ են, կարող է չազդել»:
Այն հարցին էլ, թե «տեսախցիկների», «կարմիր գծերի» պետականացնելը որոշ քաղաքական գործիչների կողմից որակվում է որպես նախընտրական շոու, Վարդան Արամյանը պատասխանեց` տարաբնույթ մեկնաբանություններ կարող են լինել: Ըստ նախարարի. «Մի բան մենք կարող ենք ասել, որ այս թիմը վարչապետի գլխավորությամբ եւ նախագահի հորդորով, հետամուտ են լինելու մեր ասածներին»:
Մանրամասները` տեսանյութում
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ