Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. «Մաքսային միության խերը չենք տեսել»

Նոյեմբեր 03,2016 16:08

«Մաքսային միության եւ Եվրասիական տնտեսական միությունից տնտեսական առումով մենք պլյուսները դեռ չենք տեսել, իսկ մինուսները, որ կորցրեցինք`չնախաստորագրելով ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը, կարծես թե գնալով ակնառու են դառնում»,- խորհրդարանում շարունակվող 2017 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ նման դիտարկում արտահայտեց ԱԺ եվրաինտեգրացիայի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

Հակադրվելով ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանի այն դիտարկմանը, որ Հայաստանի համար առաջնային են մնում ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացումը, տիկին Զոհրաբյանը նկատեց, որ կառավարության ծրագրի արտաքին առաջնահերթությունների բաժնում ԵՄ-ն 15-րդ տեղում է նշված:

Նաիրա Զոհրաբյանը նաեւ որոշ մանրամասներ ներկայացրեց հայաստանյան քաղաքական ուժերի եւ Հայաստանում գտնվող ԵՄ բարձրաստիճան մի պաշտոնյայի հանդիպումից`տեղեկացնելով, որ առաջիկայում կվավերացվի Հայաստան-ԵՄ համագործակցության իրավական փաթեթը:

Ըստ Նաիրա Զոհրաբյանի, հասկանալի է նաեւ, թե ի՞նչ է ընդգրկված լինելու փաթեթի քաղաքական բաժնում, ինչպես նաեւ, հասկանալի է, որ տնտեսական մասը չի կարող ներառել խորը եւ համապարփակ առեւտրի մասին համաձայնագրի ողջ ծավալը, ուստի նա Կարեն Նազարյանից հետաքրքրվեց, թե այնուհանդերձ, ի՞նչ ծավալով է լինելու ԵՄ-Հայաստան նոր համաձայնագրի տնտեսական մասը: «Կներեք, Մաքսային միության խերը չենք տեսել, հույս ունենք, որ կտեսնենք, բայց ԵՄ-ի հետ հարաբերությունների տնտեսական բաղադրիչում, ցավոք, շատ բան կորցնում ենք»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

karen_nazaryan

Կարեն Նազարյանն ասաց, որ Հայաստան-ԵՄ նոր փաստաթղթի ստորագրումից հետո տեւական ժամանակ կպահանջվի ԵՄ 28 անդամ պետությունների կողմից դրա վավերացման համար, բայց իրենք ջանալու են զուգահեռաբար կյանքի կոչել ամրագրված ծրագրերը:

Ինչ վերաբերում է ԵՄ- Հայաստան տնտեսական համագործակցությանը, նա ասաց, որ փաստաթղթի այդ բաժինը դեռ քննարկվում է, նախաստորագրումը հավանաբար կտեղափոխվի եկող տարի ապրիլ ամիս:

Պատգամավորը կրկնեց նաեւ վիզաների կենտրոններին վերաբերող իր ահազանգը, որն ԱԺ ամբիոնից էլ էր հնչեցրել: Կենտրոնը պատգամավորը համարում է «չարաբաստիկ կանտորա», որտեղ վիզա ստանալու համար ՀՀ քաղաքացիներին ենթարկում են «նվաստացման խայտառակ ռիտուալի`երեխաների հետ օրերով կանգնում են եւ անհեթեթ գումարներ են գանձում ինչ-որ սկրեպ խփելու համար. ինչ-որ աղջիկներ նստած են, գործն ընդունում են, սկրեպ են խփում, 17 հազար գանձում են, չգիտեմ էլ որտեղ ինչեր են վճարում»: 2015-ին Հայաստանը վավերացրել է ԵՄ-ի հետ վիզաների դյուրացման համաձայնագիր: Նաիրա Զոհրաբյանը վստահեցնում է, որ դրանից հետո այդ գործընթացն ավելի է բարդացել, ներառելով նաեւ «նվաստացման ռիտուալներ»: Նաիրա Զոհրաբյանի ընտանիքի անդամներից 30 հազար դրամ են գանձել`Հունաստանի վիզա տրամադրելու համար: Պատգամավորը գտնում է, որ այդ «կանտորաները» պետք է փակել:

Կարեն Նազարյանը ընդունում է Նաիրա Զոհրաբյանի բարձրացրած դժգոհությունները, ասաց, որ իրենք էլ են տարբեր բողոքներ ստացել, որոնք «աննկատ չեն թողնվել»: Բայց նա տարօրինակ համարեց հավելյալ գումարների գանձումը, քանզի գանձվող գումարը չպետք է գերազանցի 30 եվրոն: Կփորձեն ստուգել ահազանգը: Նա ասաց, որ վիզաների կենտրոնի նպատակը եղել է մեր քաղաքացիների հոգսը թեթեւացնելը, իսկ բողոքները հորդորեց հասցեական եւ ստորագրված տրամադրել:

Կարեն Նազարյանը առհասարակ լիահույս է, որ Հայաստան-ԵՄ համագործակցությունը կշարունակվի եւ իրականություն կդառնա մեր տեսլականը: 2015-ի դեկտեմբերին մեկնարկած նոր համապարփակ փաստաթղթի շուրջ բանակցությունները շարունակվում են: Բանակցությունների վեց փուլ է տեղի ունեցել: Հաստատվել են երկու կարեւորագույն ծրագրերին Հայաստանի մասնակցությունը`Փոքր եւ միջին ձեռնարկությունների ծրագիրը եւ Հորիզոն 2020: Ընդհանուր ավիացիոն գոտու շուրջ բանակցությունները շարունակվում են, մուտքի վիզաների ազատականացման հարցը հայկական կողմը շարունակում է առաջնային պահել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930