Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նոյեմբերի 3-ին շարունակվեց «օֆշորի գործի» քննությունը: Հարցաքննվեց վկա Վարդան Անդրեասյանը, որը ներկայացավ որպես ադամանդի մշակմամբ զբաղվող հայաստանյան ընկերության (հումքը ստացվում է Բելգիայից) տնօրեն: Դատավարության կողմերը հետաքրքրվեցին, թե որտեղի՞ց եւ ինչպե՞ս է վկան ծանոթացել գործով մեղադրյալ Աշոտ Սուքիասյանի հետ:
Վարդան Անդրեասյանը պատմեց, որ Աշոտ Սուքիասյանին տեսել է ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Ներսես Երիցյանի՝ 2009թ. ադամանդագործության զարգացման ծրագրի շրջանակում կազմակերպված խորհրդակցության ժամանակ, երբ նախարարը նրան ներկայացրել է որպես ադամանդի հումքի մատակարար՝ առաջարկելով, որ Անդրեասյանն արտադրության հետ կապված հումք ձեռք բերի Սուքիասյանի միջոցով:
«Մեկ անգամ եղել եմ նրա գործարանում՝ հումքը նայելու, որ համոզվեմ, թե որքանո՞վ էր առարկայական նախարարի առաջարկը: Հումքը ինձ գնային եւ որակական առումներով չի հետաքրքրել»,-ասաց վկան:
Կարդացեք նաև
Դատավորը ճշտեց՝ «հումքը դուրը չեկա՞վ»: Անդրեասյանը պատասխանեց, որ «ոչ». «Մի փոքրիկ մաս որ նայում ես, եթե մասնագետ ես, հասկանում ես… Աֆրիկյան Սիերա-Լեոնեի հետ կապված էր խոսակցություն գնում, որ այնտեղ ինչ-որ հանքեր կան: Խոսակցություն չկար, թե դրանք կոնկրետ Սուքիասյանի հանքերն էին, թե ոչ»:
Վկան նաեւ տեղեկացրեց, որ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը նշյալ խորհրդակցությանը ներկա չի եղել: Վերջում դիմելով դատավորին՝ Անդրեասյանն առաջարկեց. «Ճիշտ կլիներ նախարարին հարցաքննել»: «Եթե անհրաժեշտություն լինի, կհարցաքննենք»,-պատասխանեց դատավորը՝ ակնարկելով, որ վկան չպետք է «առաջարկություններ անի»:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 17-ին՝ ժամը 12:00-ին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ