Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանն ազատման դիմում է գրել:
Aravot.am-ը փորձեց անձամբ ռեկտորից ճշտել պատճառները:
Պարոն Նարիմանյանը չպատասխանեց հեռախոսազանգերին:
Բժշկական համալսարանի մամուլի պատասխանատու Վիկտորյա Անիկինան էլ խնդրեց հարցերը գրավոր ուղարկել, ինչը եւ արեցինք: Մեր բազմաթիվ զանգերին ի պատասխան, մամուլի պատասխանատուն նշեց, որ ռեկտորը դեռ չի պատասխանել մեր հարցերին, թեեւ քանի ժամ առաջ ենք դրանք ուղարկել:
Կարդացեք նաև
Ըստ Aravot.am-ի տեղեկությունների, հնարավոր է վաղը, կամ մյուս օրը կայանալիք խորհրդի նիստում վերջնականապես հաստատվի հրաժարականի հարցը, իսկ Միքայել Նարիմանյանին բուհում փոխարինելու գա առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը, որը հզոր թիկունք ունի՝ ի դեմս Վիգեն Սարգսյանի եւ Արմեն Գեւորգյանի:
«Ժողովրդի» տեղեկություններով, այս պաշտոնանկության պատճառը բուհի՝ վարկերի տակ «ճռռալն» է:
Համալսարանի կայքում, սակայն, այս վարկածը հերքվել է , ու նշված է. «Վերցված վարկերը կիրառվել են նպատակային և ապահովել են համալսարանի վերը նշված ֆինանսական աճը: Բժշկական համալսարանը ֆինանսապես կայուն է և ժամանակին կատարում է պետության առջև իր բոլոր պարտավորությունները: Միաժամանակ համալսարանը հնարավորություն է ունեցել ներդրումներ կատարելու կրթական, առողջապահական և բժշկական նախաձեռնություններով գործող հիմնադրամներին»:
Արմեն Մուրադյանը եւս չպատասխանեց մեր հեռախոսազանգերին, քանի որ վիրահատության էր մասնակցում: Կփորձենք նրա մեկնաբանությունն ավելի ուշ ստանալ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ