Կառավարությունը որեւէ սուբսիդավորում գազ մատակարարող ընկերությանը չի անելու ոչ ստվերային, ոչ ուղիղ: Այսօր կառավարության նիստում հայտնեց վարչապետ Կարեն Կարապետյանն` ասելով, որ գազի էժանացման վերաբերյալ հանրության մոտ թյուրըմբռնում է առաջացել:
Վարչապետի պարզաբանմամբ. «Կառավարությունը, բյուջեն, սակագները հետեւյալն են՝ 10 հազար խմ-ից ավելի գազ սպառողների համար 257.56 դոլարին համարժեք դրամը դառնում է 242.1: Եթե այդ կազմակերպությունը սպառում է ավելի գազ, քան նախկինում սպառել է եւ ցուցակը ներկայացրել է «Գազպրոմ Արմենիա», ապա այդ ավելի գազի համար իր սակագինը 212 դոլարին համարժեք դրամ է: «Գազպրոմ Արմենիան» փորձ է անում մոտիվացնել, որպեսզի շուկան մեծանա ու ընդլայնվի, բիզնեսը հնարավորություն ունենա իր ինքնարժեքի վրա ակտիվ շուկայի մեծացման հաշվին աշխատել, որպեսզի բիզնեսը շահավետ դառնա»:
Խոսելով 10 հազար խմ-ից ցածր գազ ծախսող ապառողների մասին, Կարեն Կարապետյանը հայտնեց, որ նրանց համար գազի սակագինը 146.7 դրամից դառնում է 139 դրամ, իսկ սոցիալապես անապահովների համար՝ 100 դրամ:
Նա աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը, «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը հանձնարարեց մինչեւ հունվարի 1-ը պարզել ու հստակեցնել սոցիալապես անապահով բնակչության ցանկը:
Կարդացեք նաև
Ջերմոցային տնտեսությունների եւ գյուղմթերքի վերամշակվող ձեռնարկությունների համար էլ գազի սակագինն, ըստ վարչապետի, 257.56 դոլարին համարժեք դրամից դառնում է 212 դոլար:
Նա հույս հայտնեց, որ այդ ոլորտը, օգտվելով ընձեռված հնարավորությունից, կկարողանա ընդլայնվել:
Ըստ վարչապետի, գազի սակագների նվազեցման արդյունքում «Գազպրոմ Արմենիան» ակնկալում է շուկայի ընդլայնում, որը կբերի մեկ միավոր վաճառքի մարժայի նվազեցմանը. «Երրորդը, որոշակի ֆինանսական ծախսերի օպտիմալացման եւ վարկերի նվազեցման արդյունքում «Գազպրոմ Արմենիան» իր մոտ օպտիմալացում կանի: Եվ չորրորդ, «Գազպրոմ Արմենիայի» հիմնադիրը շուկայի ընդլայնման եւ շուկայի կայունացման համար ֆինանսական ռիսկերը, որոնք կառաջանան այս ոլորտում, վերցնում է իր վրա»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ