Լրահոս
Օրվա լրահոսը

18 տարեկան բոլոր տղաներին բանակ տանելու հարցը նորից արդիական է

Նոյեմբեր 03,2016 15:30

Կորյուն Նահապետյանը՝
տարկետումը հանելու եւ կանանց զինծառայության մասին

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ խոսեց կանանց զինծառայության անցնելու հնարավորության մասին՝ ասելով, որ համապատասխան պայմաններ կստեղծեն նրանց համար: Սա, ինչպես նաեւ 18 տարեկան բոլոր տղաներին բանակ տանելու նախագիծը նորից կյանքի կոչելու կառավարության ակնարկը շատ բուռն արձագանքներ ունեցավ հասարակության շրջանում: Սոցցանցերում սկսեցին շատ թեժ քննարկել, թե ո՜նց, հիմա էլ անցա՞ք կանանց, ո՜նց, 18 տարեկան բոլոր տղաներին տանեք բանակ, բա գիտությո՞ւնը:

Հիշեցնենք, որ տարկետումը վերացնելու այդ նախագիծը 1998-ին խորհրդարան ներկայացրեց այն ժամանակ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը, եւ լուրջ կոնֆլիկտ առաջացավ խորհրդարանի նախագահ Բաբկեն Արարքցյանի հետ, որն ուզում էր հրաժարական տալ այդ խնդրի պատճառով: Կոնֆլիկտին միջամտեց Լեւոն Տեր-Պետրոսյանը, եւ նրան հաջողվեց Արարքցյանին համոզել հրաժարական չտալ: Նախագիծը հանվեց շրջանառությունից: «Ժառանգության» պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանն ու Թեւան Պողոսյանը այն նորից դրեցին շրջանառության մեջ, եւ Դավիթ Հարությունյանն էլ հայտարարեց, որ կառավարությունը նոր փաթեթ է պատրաստում՝ ընդգրկելով նաեւ այդ հարցը:

Այսօր էլ այդ հարցը նորից արդիական է: ԱԺ-ում վարչապետ Կարեն Կարապետյանն այս խնդրի հետ կապված հստակ պատասխան չտվեց՝ ասելով, որ կա երկու տեսակետ՝ բարձրագույն ուսումնական հաստատությունում տարկետում տա՞լ, թե՞ չէ. «Պաշտպանության նախկին նախարարը, օրինակ, համարում էր, որ տարկետումից հետո վերադառնալով՝ զինվորական կազմը բավականին գիտակից է, եւ բանակին դա օգուտ է: Թե որ տարբերակն է ճիշտ՝ ես չգիտեմ, բայց գիտեմ, որ խաղի կանոնները պետք է հստակ կիրառվեն բոլորի համար՝ անկախ նրանից, թե ինչ որոշում կկայացնենք»:

Այս առնչությամբ «Առավոտը» զրուցեց ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի հետ: Նրա խոսքով՝ «Մենք ժամանակին այդ հարցը հանձնաժողովում քննարկեցինք, ու դիրքորոշումն այսպիսին էր, որ այս փուլում նպատակահարմար չէ դա իրականացնել: Ժամանակին էլ չի եղել փոխհամաձայնություն այդ հարցի հետ կապված: Ինչ վերաբերում է նոր ստեղծված իրավիճակին, կարծում եմ՝ այդ հարցին կանդրադառնանք արդեն կառավարության կողմից ներկայացվող նոր օրենսդրական նախաձեռնության շրջանակներում: Իսկ այս փուլում ՊՆ-ում որոշակի աշխատանքներ են կատարվում, ինչպես Պաշտպանության մասին նոր օրենքի մշակման, այնպես էլ Զինապարտության եւ զինվորական ծառայության անցնելու հետ կապած նախագծերի շրջանակում: Արդեն կան նախնական դիտարկումներ, անգամ կա գաղափար Զինվորական օրենսգրքի նախագիծ մշակելու, որտեղ զինծառայության հարաբերություններ են կանոնակարգվելու»:

Կորյուն Նահապետյանն ասաց, որ մինչեւ տարեվերջ կառավարությունը այս հարցում կներկայացնի իր դիրքորոշումը: Մեր հարցին՝ Դուք կո՞ղմ եք դրան, դրա անհրաժեշտությունը կա՞, թե՞ դա ծայրահեղ քայլ է, Կորյուն Նահապետյանը պատասխանեց, որ կողմ չի եղել այդ գաղափարին: Ինչ վերաբերում է կանանց՝ ԶՈՒ-ում ծառայելուն, Կորյուն Նահապետյանը վստահ է, որ թյուրըմբռնում կա հասարակության կողմից. «Ամենեւին խոսքը չի գնում պարտադիր զորակոչի մասին: Այսօր էլ մեր զինված ուժերում քիչ չեն կանայք: Կան զինվորական ծառայության տեսակներ, որտեղ կանայք առանձին դեպքերում ցուցաբերում են ավելի բարձր արդյունքներ, քան տղամարդիկ: ՊՆ կենտրոնական ապարատում նույնպես բավականին մեծ թվով կանայք կան: Խնդիրն այն չէ, որ այսօր մեր զինված ուժերն այնքան վատ վիճակում են, որ տղամարդիկ չեն կարողանում իրենց երկրի սահմանների պաշտպանությունն արդյունավետ իրականացնել, եւ մենք փորձում ենք խնդիրը լուծել կանանց պարտադիր զինծառայության ներգրավելով: Նման բան չկա: Մյուս կողմից՝ պետք է նկատել, որ բավականին թվով աղջիկներ, կանայք, հետաքրքրված են զինծառայությամբ, եւ առանձին դեպքերում նույնիսկ ահազանգեր ենք ստանում, թե ինչու է սահմանափակված նրանց՝ զինծառայության մեջ ներգրավելու հնարավորությունը: Չասենք դա պահանջ է, բայց նման հարցադրում կա: Դրա համար պետք է նոր պայմաններ ստեղծել, որպեսզի կանայք կարողանան ներգրավվել զինծառայության մեջ, եթե ցանկանում են, եւ եթե կարող են»:

Պաշտպանության նոր նախարարի նշանակումը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց առ այն, որ նա բանակում չի ծառայել, հեռու է բանակից, քաղաքացիական անձ է եւ այլն: Մեր հարցին՝ բանակում ծառայելը անհրաժեշտ չէ՞ պաշտպանության նախարար լինելու համար, Կորյուն Նահապետյանը պատասխանեց. «Ընդհանրապես ԶՈՒ-ում ծառայելը ոչ միայն ՀՀ քաղաքացու սահմանադրական պարտականությունն է, այլեւ մենք առանձնակի կարեւորում ենք ԶՈՒ-ում անձի ծառայած լինելու հանգամանքը: Բայց եկեք հասկանանք յուրաքանչյուր կոնկրետ դեպքում ինչ հիմքերով անձը չի ծառայել: Ես պետք է անկեղծանամ եւ ասեմ, որ ես նույնպես չեմ ծառայել ԶՈՒ-ում: Դրա բացատրությունները առավել քան հիմնավոր ժամանակին ներկայացրել եմ: Ինչ վերաբերում է պաշտպանության նախարարին, պետք է կարողանանք հստակ տարանջատել նախարարի եւ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի գործառույթները:

Բնականաբար, ԶՈՒ պաշտոնյաների դեպքում չի կարելի պատկերացնել, որ հնարավոր է չծառայել զինված ուժերում եւ լինել բարձրաստիճան զինվորական: Պաշտպանության նախարարի դեպքում դա հնարավոր է, որովհետեւ պաշտպանության նախարարը կառավարության անդամ է, եւ նրա գործառույթները էապես տարբերվում են: Ռազմական դիվանագիտության, բանակաշինության, զինծառայողների սոցիալական պաշտպանության ոլորտներում բոլորովին այլ որակներ եւ փորձառություն են անհրաժեշտ՝ արդյունավետ կառավարում իրականացնելու: Իհարկե, ցանկալի կլինի, որ պաշտպանության նախարարը նաեւ ծառայած լինի, քանի որ ծառայության ընթացքում ներքին ծառայության կազմակերպման առանձնահատկությունները առավել պատկերավոր կտեսնի, բայց դա ամենեւին պարտադիր պահանջ չէ: Ես ունեմ նման զգացողություն եւ հույս, որ պաշտպանության նորանշանակ նախարարը կարողանալու է իր գործողություններով, գործելակերպով, իր վարած քաղաքականությամբ հաստատել, որ իսկապես արդյունավետ քաղաքականություն է իրականացնում պաշտպանության ոլորտում, եւ կարճ ժամանակ անց մենք կխոսենք արդյունքների մասին»:

 
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ»

02.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930