ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի ներկայացմամբ՝ «սոցիալական խնդիրներին կառավարության ծրագրում և բյուջեում զգուշությամբ են վերաբերվել»:
«Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանի բնորոշմամբ՝ ՀՀ կառավարության այս ծրագիրն իրավիճակային է. դա է պատճառը, որ հանրությունն այն կապում է ընտրությունների հետ ու քաղաքականացնում: «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը տիկին Ալավերդյանը նկատեց. «Կառավարության ծրագիրը գալիս է ինչ-ինչ աչք ծակող բաներ փոփոխելու, բայց չեմ կարծում, որ այն կապահովի տնտեսության դիվերսիֆիկացիա»:
Լեռնիկ Ալեքսանյանը հակադարձեց. «Բյուջեն հիմնականում համահունչ է կառավարության ծրագրին: Բնականաբար, կան նաև խնդիրներ ու հարցեր, որոնք բազա են ապահովում ռազմավարական ծրագրերի շարունակականության համար»:
Պարոն Ալեքսանյանի պնդմամբ՝ խնդիրը բյուջեի ծավալները չեն, այլ այն, թե ինչպես են այդ գումարները ծախսվում. «Օրինակ՝ քննարկումների ժամանակ հարց բարձրացվեց, որ պարարտանյութերի ձեռքբերման համար անհրաժեշտ գումարների կրճատում լինի: Պետությունը գումարներն այնտեղ պիտի ծախսի, որտեղ արդյունավետ է»:
Կարդացեք նաև
Դիտարկմանը, թե այս ամենը կատարվում է քաղաքական նպատակով, այդ թվում նաև գազի սակագնի իջեցումը, պարոն Ալեքսանյանը հակադարձեց. «Փաստը մնում է փաստ, որ սակագինն իջել է, և դա չի սուբսիդավորվելու»:
Լարիսա Ալավերդյանի կարծիքով՝ գազի սակագնի իջեցումը որոշ մարդկանց կհանի հուսահատությունից, բայց դա արմատական մոտեցում չէ: Նա օրինակ բերեց Շվեդիայի և Հարավային Կորեայի մոդելները, որոնց շնորհիվ կարողացել են երկիրը ճգնաժամային իրավիճակից դուրս բերել. «Մենք մեր մոդելը չենք գտել: Այս կառավարության ծրագիրն իրավիճակային է»:
Դիտարկմանը, թե ինչո՞ւ ընտրությունների նախօրյակին ՀՀ նախագահը որոշեց կարմիր գծերի հետ կապված խնդիրներին արձագանքել, գազի սակագինն է իջեցվում, պարոն Ալեքսանյանն արձագանքեց, թե նման վերանայումներ միշտ էլ կատարվել են: Իսկ Լարիսա Ալավերդյանը պնդեց. «Այս մեթոդը չի տանում առաջընթացի:Կրկնում եմ. չեմ կարծում, որ այս ծրագիրն է, որ կապահովի տնտեսության դիվերսիֆիկացիա»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ