Այսօր ԱԺ մարդու իրավունքների հանրային հարցերի, ինչպես նաեւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեցին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին 2017-ի բյուջեի նախագծով հատկացումներն ու ծախսերը:
ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը կարծես դժգոհ էր Թաթոյանից: Նա նիստի ժամանակ ասաց. «Ես ձեր բարեկրթության, հայրենասիրության հետ կապված կասկածներ չունեմ, ամեն ինչ նորմալ է, բայց պետք է լրացուցիչ էներգետիկա, որ հասարակությունը տեսնի՝ դուք ներկա եք ամեն տեղ, Դուք պիտի ներկա լինեք, այն, ինչ ուրիշները չեն կարողանում ասել, մենք ենք ասում առաջինը, դուք պետք է մի բան էլ մեզնից առաջ անցնեք, դրոշակը վերցնեք ու ֆիքսեք այդ բաները, որ մենք սառցահատի նման այդ սառույցը կոտրենք ու արդյունք ունենանք»:
Ալեքսանդր Արզումանյանն էլ տեղից արձագանքեց՝ «Դրայվ չկա»:
Արման Թաթոյանը վստահեցրեց, որ էներգետիկա եւ մնացած բոլոր հատկանիշները առավել քան կան: Նա ասաց, որ ՄԻՊ-ը գործում է առավել քան մեծ վստահությամբ եւ գրասենյակի աշխատակիցները, որքանով ռեսուրսները բավարարում են, անում են առավելագույնը, այդ թվում՝ գիշեր-ցերեկ աշխատանքով:
Կարդացեք նաև
Aravot.am-ի հետ զրույցում այս առնչությամբ մեր հարցին ի պատասխան պարոն Մելքումյանն ասաց, որ չի ուզում դրայվ ու էներգետիկան իրար կողք-կողքի դնի: Ըստ նրա, Աման Թաթոյանին պակասում է ոչ թե դրայվը,այլ՝ էներգետիկան:
Ալեքսանդր Արզումանյանն էլ կատակեց՝ մեր երկրում «դրայվ» ունեցող մեկը արդեն կա:
Մելքումյանի խոսքերով` «Դրայվը մի քիչ ուրիշ բան է, էստրեմալ տուրիզմ է ավելի: Իսկ էներգետիկան այն է, որ մենք, դուք, ասենք, մի ամիս անցնում է՝ հիշո՞ւմ եք, որ մարդու իրավունքների պաշտպան կա այս երկրում: Չեք հիշում, չէ՞: Քանի՞ հարյուր դիմում էր ստացել: Եթե այս երկրում պրոբլեմներն այսքան շատ են եւ իրենց դիմումները մի քանի հարյուրից չեն անցնում, մարդը զգում է, որ այս երկրում օմբուդսմենի ձեռքը բան չկա, ոնց որ գյուղում ասում են՝ գյուղապետի ձեռը բան չկա: Հիմա ես ասում եմ՝ ինչ օրենք էլ գրես, բաժին էլ բացես՝ դրանով չի: Պետք է ոչ ստանդարտ բաներ անի: Ինքը պիտի ներկա լինի: Գոնե եթե ինքը ամեն տեղ ներկա է, ինքը՝ արդարության դրոշակը ձեռքը վերցրած, կասեն՝ ազնիվ տղա է, եկել է, ներկա է, ճիշտը ասում է»:
Պատգամավորն ասաց, որ Արման Թաթոյանը պիտի դառնա ժողովրդի համար տեսանելի ֆիգուր. «Չեմ ասում հարց լուծող, որովհետեւ հարց չի կարող լուծի»:
Միքայել Մելքումյանը հիշեցրեց Վանաձորի ընտրությունները. «Իշխանության ուժն այնքան ուժեղ է, որ ուզում ես հաղթի, մի հաղթի, հո՛պ մի հատ բան է անում իշխանությունը եւ էլի ինքն է լինում: Չի կարող կուսակցությունը 10 հոգի նվիրյալներ ունենա, որոնք չազդվեն իշխանության ուժից»:
Հիմա Մարդու իրավունքների պաշտպանն էլ, Միքայել Մելքումյանի համոզմամբ, իշխանության ճնշման տակ չի կարող դրայվով լինել. «Դրայվով կարող է լինել իշխանականը, ի՞նչ դրայվ»:
Մենք նաեւ Արման Թաթոյանին փոխանցեցինք պատգամավորների կարծիքը, որ ինքը բավականաչափ էներգիա եւ դրայվ չունի, արդարության դրոշակով իրեն առանձնապես չի կոտորում, որ մարդիկ իրեն սիրեն, ընդունեն իր ինստիտուտը: Օմբուդսմենը նախ չհամաձայնեց, որ իրենց քիչ են դիմում եւ քիչ են բողոքում. «Ժողովուրդ ջան, բողոքների քանակը լիարժեք համապատախանում է մարդու իրավունքների տարեկան գործունեության քանակին: Նույնն են,ավելին, ՊՊԾ գնդի իրադարձություններով պայմանավորված՝ դրանք շատ են: Ոստիկանության դեմ զգալի թվով շատացել են բողոքները»:
Իսկ այն, որ դրայվ չունի՝ Թաթոյանը պատասխանեց. «Համամիտ չեմ: Չկա նման խնդիր»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ