Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արման Թաթոյանը պնդում է, որ իրեն իշխանությունները չեն ճնշում եւ ՊՊԾ գնդի դեպքերի մասին խիստ գնահատական է տալու

Նոյեմբեր 03,2016 13:37

«Տվեք ինձ 65 մլն դրամ, այլապես մարզային գրասենյակները կփակեմ»: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում մենք օմբուդսմեն Արման Թաթոյանին հիշեցրինք բյուջեի կատարման հաշվետվության ժամանակ Կարեն Անդրեասյանի այս հայտարարությունը: Նա մշտապես դժգոհում էր ՄԻՊ գրասենյակին հատկացումներից, երբ տարեցտարի դրանք մի քանի մլն-ով ավելանում էին, իսկ այս տարվա բյուջեով գրասենյակի հատկացումները ավելանալու փոխարենը մի բան էլ 4.3 մլն-ով կրճատվել են: Ուստի Aravot.am-ը պարոն Թաթոյանին հարցրեց՝ կարո՞ղ է Դուք լավ չեք ուզել միջոցներ, դրա համար էլ Ձեզ քիչ են տվել:

Նա պատասխանեց. «Տպավորությունը սխալ է: Մենք ֆինանսների նախարարությանը ներկայացրել ենք առարկություններ՝ բավականին զգալի: Այնտեղ կային որոշակի անճշտություններ, եւ դրանք արդեն ներառվելու են այս բյուջեի նախագծում, որը ԱԺ-ում քննարկումից հետո պետք է վերամշակվի: Բացի այդ, մենք մի քանի ամսից պետք է ունենանք նոր օրենսդրական լուծումները, որտեղ կան ե՛ւ մեր աշխատակիցների համար աշխատավարձի բարձրացումներ, ե՛ւ սոցիալական երաշխիքների բարձրացումներ: Այնպես որ, այդտեղ կրճատումներ չեն կարող լինել»:

Մենք ճշտեցինք՝ այսինքն, այնպես չի, որ ձեզ ինչ գումար առաջարկել են, դուք հաշտ-համերաշխ ընդունել եք եւ ասել, որ ոչինչ, այս գումարի շրջանակներում կաշխատեմ՝ նա արձագանքեց. «Չէ, ինչ եք ասում: Ընդհակառակը, դուք պատկերացնո՞ւմ եք ես այդպես ինչպե՞ս կարող էի աշխատել: Հակառակը: Հիշո՞ւմ եք, որ աշխատակիցների կրճատումներ արեցին: Ես սկզբունքային առումով այդ հարցը բարձրացրել եմ, ոչ մի կրճատում չեմ արել եւ ասել եմ՝ չեմ էլ անելու կրճատում»:

Գրասենյակները փակելու մասին էլ խոսք չկա, հակառակը, Արման Թաթոյանը դեռ երկու մարզերում էլ` Տավուշի եւ Լոռու մարզերում ներկայացուցչություն է ավելացնում. «Իմ սկզբունքային մոտեցումն է՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատակիցը չպետք է ավելի ցածր վարձատրություն ստանա, քան ցանկացած նախարարության աշխատող կամ դատարանի աշխատակազմի աշխատող: Բացառված է: Քանի որ հիմնարար լուծումներ են լինելու օրենքի մակարդակով, դրա ընդունվելուց հետո մեր բյուջեն զգալիորեն կավելանա»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչ ղեկավարում եք գրասենյակը, Ձեր վրա ճնշումներ եղե՞լ են: Արման Թաթոյանը պատասխանեց, որ իրենց աշխատանքը շատ բարդ է. Իհարկե, ժամանակաշրջան կա, որ բարդ հարաբերություններ են գործընկերների հետ եւ այլն, բայց ոչ, նման խնդիր ճնշումների ես այսօր չունեմ»:

Նա ասաց, որ հատկապես հուլիսյան իրադարձությունների ժամանակ շատ են եղել բարդություններ, բայց ոչ ճնշումներ:

Մեր հարցին՝ կարո՞ղ է այսպես ասած իշխանությունների ոտքը չեք տրորել, դրա համար չեք զգում ճնշում՝ նա պատասխանեց, որ իր խնդիրը ոտքը տրորելը չէ. «Իմ խնդիրը համակարգային խնդիրները, քաղաքացիների բարձրացրած խնդիրերը վեր հանելը, լուծելն է»:

Նա վստահեցրեց, որ հուլիսյան դեպքերի հետ կապված իր արտահերթ զեկույցում բավականին խիստ գնահատականներ են հնչելու:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930