Սովորական քաղաքացիների համար, որոնք ընդգրկված են սոցիալական որևէ խմբում, գազի սակագինը 1 խմ համար կիջնի 7 դրամով: Այսինքն՝ ներկայիս 146 դրամ 1 խմ-ի համար սակագինը կդառնա 139 դրամ:
«Հայելի» ակումբում լրագրողների հետ զրույցում ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը տեղեկացրեց, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մինչև նոյեմբերի վերջ կքննարկի «Գազպրոմի» ներկայացրած հայտը:
Նա պարզաբանեց. «Գազպրոմի կողմից ներկայացվել է այն տարբերակը, որ մինչև 600 խմ գազ սպառողների համար, որոնք ընդգրկված են սոցիալական ապահովության խմբերում, գազի սակագինը կդառնա 100 դրամ՝ ներկայումս գործող 146-ի փոխարեն: Նույն կերպ 100 դրամ է սակագինը դառնալու բիզնեսի, արտահանման ներուժի խթանման ոլորտում գործող վերամշակող և ջերմոցային խմբերի համար: Մինչև 10.000 խմ գազ սպառողների և դրանից ավելի գազ սպառողներն էլ այլ խումբ են: Մինչև 10.000 խմ գազ սպառողների համար սակագինը դառնալու է 139 դրամ և 23 դոլարի կարգի 10.0000 խմ-ից ավելի գազ սպառողների համար»:
Պարզաբանելով, թե ինչո՞ւ է սակագնի իջեցումը հնարավոր լինելու 2017-ի հունվարի 1-ին, պարոն Այվազյանն ասաց. «Ցանկացած սակագնի վերանայում տեղի է ունենում վեց ամիսը մեկ անգամ: Մեկ րոպե անգամ չեմ կասկածում, որ փետրվարի 1-ին էլ տեղի է ունենալու նաև հոսանքի սակագնի իջեցում: Գազի սակագնի իջեցումը նպաստելու է նաև բենզինի սակագնի իջեցմանը: Հայաստանն այն երկիրն է, որը գազաֆիկացման մակարդակով առաջին տեղում է, եւ այստեղ մեքենաները հիմնականում որպես վառելիք օգտագործում են գազ: Գազալցակայանների 50-60 տոկոսը մտնում է 10 հազար եւ ավելի խորանարդ մետր գազ օգտագործողների մեջ, ուստի նրանց համար 280 դոլարանոց գազը կարժենա 253 դոլար, հետևաբար, կարծում եմ, որ սա կնպաստի՝ բենզինի սակագնի իջեցմանը: Վստահեցնում եմ, որ այս իջեցումների համար պետական բյուջեից մեկ լումա չի ծախսվելու»:
Կարդացեք նաև
Հարցին՝ վստահաբա՞ր բոլոր քաղաքացիների համար է գազի սակագինը իջնելու, պարոն Այվազյանը հայտարարեց. «ՀՀ-ում ապրող, աշխատող ցանկացած անձ գազի սակագնի իջեցումից օգտվելու է»:
Դիտարկմանը՝ սակագնի իջեցումը եղավ «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերի՝ Հայաստանի այցից հետո և արդյոք այն կապվա՞ծ չէ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի դիրքերն ամրապնդելու հետ, պարոն Այվազյանը վրդովվեց. «Սակագինը որևէ դեպքում հանձնարարականով չի ձևավորվում: Նենց չէ, որ հանձնարարություն տաս թռնի մի կողմ, հետո իջնի: Դա երկարատև բանակցությունների արդյունք է: Ամեն ինչն էլ հենց հիմա է լինում. երեկ էլ հենց հիմա ուրիշ բան տեղի ունեցավ: Բայց եթե տեսնում եք, որ դրանով ՌԴ-ն ուզում է իր ամրապնդումը գտնել Հայաստանում և Ռուսաստանը նախանձախնդիր է ՀՀ-ին իր կողմը գրավելու համար, դա արդեն լավ է: Սա կոչվում է քաղաքաականություն»:
Այս թեմայով զրույցը ծավալելով պարոն Այվազյանը հասավ իր ցավոտ կետերին. «Երբ առաջարկություն էի անում, որ պետական բյուջե տեսալուսանկարահանումներից գումար մտնի, ուրիշ տեղ էին բաներ փնտրում: Նավսյակի սլուչի ասեմ էլի, որ լրագրողներից մի քանիսն էլ այլ ակնարկներ են արել, դրա համար դիմել եմ համապատասխան մարմինների, որ սեփականության ցանկը հանեն ու սկսեն դատական գործ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ